Լարված իրավիճակ՝ Արտաշատ քաղաքի «Արդշինբանկ»-ի դիմաց․ մեծ թվով քաղաքացիներ չեն կարողանում բանկում գրավադրված իրենց ոսկեղենը հետ ստանալ

Այսօր՝ մարտի 14-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Արտաշատ քաղաքում՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղի դիմաց, հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնք բողոքի ձայն էին բարձրացնում այն խնդրի շուրջ, որ արդեն շուրջ 6 տարի է՝ չեն կարողանում բանկից հետ ստանալ իրենց ոսկեղենը։

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ` մոտ վեց տարի առաջ շուրջ 30-ից ավելի բնակիչներ, տարբեր կարիքներից դրդված, իրենց ոսկեղենը գրավադրել են բանկում։ Նրանց խոսքով՝ եղել են նաև քաղաքացիներ, որոնք պարզապես իրենց ոսկեղենը ի պահ են հանձնել բանկին։

«Այդ օրվանից սկսվեց մեր քաշքշուկը, որպեսզի կարողանանք վերադարձնել գումարները և հետ ստանալ մեր ոսկեղենը։ Ավելի ուշ պարզվեց, որ բանկի այն ժամանակվա կառավարիչը մեր ոսկեղենը տարել և գրավադրել է մեկ այլ բանկում։ Դրա առնչությամբ հարուցվեց քրեական գործ, մեզ մի քանի անգամ կանչեցին քննչական մարմիններ, սակայն մեզանից ոչ մեկին տուժող չեն ճանաչել»,– պատմել են քաղաքացիները։

Նրանց խոսքով՝ արդեն երկար ժամանակ է, ինչ ընթանում են դատական նիստեր, սակայն իրենք դրանց մասին գրեթե որևէ տեղեկություն չեն ստանում։

Քաղաքացիները նաև ընդգծել են, որ այս տարիների ընթացքում ոսկու գինը զգալիորեն աճել է։

«Ոսկու արժեքը հիմա գրեթե երեք անգամ բարձրացել է։ Մեզանից յուրաքանչյուրն իր նպատակի համար էր այդ ոսկեղենը գրավադրել կամ ի պահ տվել։ Հիմա ուզում ենք հասկանալ՝ արդեն վեց տարի անցել է, վերջապես ե՞րբ ենք ստանալու մեր ոսկեղենը։ Ինչո՞ւ են դատական նիստերը այդքան ձգձգվում և որքան դեռ պետք է սպասենք»,– նշել են հավաքվածները։

Տեսանյութեր

Լրահոս