Միլիոնների հասնող պարգևավճարների գումար կա, պետպատվերի գումար չկա՞. պետպատվերի շահառուն ինչո՞ւ պետք է վճարի դեղի համար
Մինչ առողջապահության նախարարությունը հայտարարում է, թե պետպատվերի հետ կապված խնդիրներ չկան, քաղաքացիները շարունակում են բախվել խնդիրների, երբ առողջական ծանր վիճակով հասնում են հիվանդանոց՝ պետպատվերի շրջանակներում բուժվելու կամ համապատասխան դեղորայք ստանալու համար, հանկարծ լսում են պատասխանը՝ «Գումար չկա, սպասեք»։
Նման պատասխան լսելուց հետո քաղաքացիները ստիպված գնում են գումար հայթայթելու, որպեսզի վճարեն և ստանան անհրաժեշտ բուժօգնությունը։ Իսկ գումար չունեցողներն էլ, հասկանալի է, պետք է գնան տուն և համակերպված ապրեն իրենց պատուհասած առողջական խնդիրների հետ, հույսը դնելով միայն Աստծո վրա, որովհետև «պետպատվերն ավարտվել է, գումար չկա՝ պետք է սպասեն»։
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանն այն քաղաքացիներից է, ով արդեն մի քանի անգամ բախվել է այս խնդրին, քանի որ իր հարազատներից մեկի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ։
«Մարդը կրծքագեղձի քաղցկեղ ունի, քաղցկեղն արդեն իսկ պետպատվերի շրջանակներում պետք է բուժվի, հիմա քիմիոթերապիա է ստանում։ Հաջորդ շաբաթ պետք է ստանա արդեն երրորդ քիմիան, առաջին երկու քիմիոթերապիայի համար մենք վճարել ենք, դեղորայքը մենք ենք գնել։ Հիվանդանոցի բաժնի վարիչն ասում է՝ «ես ի՞նչ կարող եմ անել, դեղը պետք է առնենք»։
Ասում ենք՝ բա պետպատվեր չէ՞, պատասխանում է, թե՝ «պետպատվեր է, բայց փող չկա, պետք է առնենք դեղը»։ Հիվանդանոցի տնօրենի հետ եմ խոսել, ասում է՝ «ես ի՞նչ անեմ, պետությունը պետք է տա, պետությունն էլ փող չի տալիս»։
Մեկ այլ քաղաքացու պարագայում գուցե նախատեսված դեղն ավելի թանկ է, կամ ավելի էժան, չգիտեմ, բայց դեղն ամեն անգամ մենք առնում ենք 145 հազար դրամով։ Հիմա ամեն մարդ հնարավորություն ունի՞ 145 հազար դրամ վճարի, դեղ գնի, որպեսզի քիմիա ստանա, ի՞նչ եք կարծում»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Գարիկ Աղաբեկյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ երրորդ քիմոթերապիայի համար զանգահարել են բժշկին ու ստացել պատասխան, որ՝ «այս անգամ էլ կարծես թե գումար չկա»։
«Սա էլ մեր պետպատվերի վիճակը, դարեդար եղել է, որ քաղցկեղով հիվանդների բուժումն ապահովում է պետությունը, Առողջապահության նախարարությունը գոնե սա անի, այնուհետև գնա թոշակառուների հարցերով զբաղվի… Դեռ մի բանը չեն արել, մյուսն են անում, այն էլ՝ կիսատ-պռատ։ Դրա համար էլ մեր առողջապահության ոլորտն այս վիճակում է»,- հավելեց պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանը։
Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց՝ բնական է, որ պետպատվերի շրջանակներում հիվանդին հիվանդանոց են ընդունում, պառկեցնում հիվանդասենյակում, որևէ կոպեկ դրա համար չեն վճարում, սակայն նույն հիվանդին ասում են՝ «գնա դեղը դու բեր, պետությունը պետք է գումար տար, մենք էլ դեղը տայինք, բայց պետությունը գումար չի տվել»։
«Ասում են՝ շատ ներողություն, դեղ չկա, մենք քեզ սիստեմա չենք կարող միացնել։ Ստացվում է, որ քաղցկեղով հիվանդը գալիս է տուն՝ բուժում չստացած, ինչը նրա համար մահվան հավասար է՝ հիվանդությունը զարգանում է, կյանքը՝ կարճանում։ Հիմա Առողջապահության նախարարությունն իր քաղաքացու առողջության մասին մտածո՞ւմ է, թե՞ ոչ՝ չի մտածում»,- հավելեց Գարիկ Աղաբեկյանը։
Պրոֆեսորից նաև հետաքրքրվեցինք՝ եթե պնդումներ կան, որ Հայաստանում յուինգի սարկոմա չարորակ ուռուցքն անվճար բուժվում է, ապա ինչո՞ւ են մեր հայրենակիցները մեկնում Գերմանիա՝ բուժում ստանալու համար, Գարիկ Աղաբեկյանը պատասխանեց՝ եթե արդեն սարկոմա է, պետք է պետպատվեր լինի, հիմա այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են հայերը բուժվելու համար մեկնում Հայաստանից։
«Եթե գնում են, ուրեմն՝ ինչ-որ խնդիրներ կան, մենք լավ բժիշկներ ունենք, բայց հայերի մեջ կա, որ ասում են՝ «գնանք ԱՄՆ կամ Եվրոպա, լավ կլինի»։ Բայց եթե գնում են, ուրեմն՝ կա՛մ դեղամիջոցը չկա, կա՛մ էլ այլ խնդիր կա։ Գուցե մեր օրինակով մյուսներին էլ ասում են՝ դեղի համար վճարեք։ Այսինքն՝ մեր առողջապահական համակարգը վատ վիճակի մեջ է»,- շեշտեց նա։
Գարիկ Աղաբեկյանի կարծիքով՝ իրատեսական չէ, որ խնդիրը բարձրաձայնելուց հետո Առողջապահության նախարարությունը քայլեր կձեռնարկի, սակայն չի էլ պատրաստվում լուռ նստել ու իր աչքով տեսած խնդիրները չբարձրաձայնել։
«Ես եմ, այդ 145 հազար դրամը չունեմ, ի՞նչ եմ անելու, հարազատիս ասեմ՝ վե՞րջ, հա՞։ Հիվանդանոցների ադմինիստրատիվ վիճակն էլ շատ վատն է, իբր թե մրցույթ են անում, հիվանդանոցի ղեկավար են նշանակում մարդու, որը որևէ փորձ չունի, լավ է, գոնե բժիշկ է, կարող է վաղը-մյուս օրը սա էլ հանեն, ու ասեն՝ պարտադիր չէ, որ հիվանդանոցի ղեկավարը բժիշկ լինի»,- ընդգծեց Գարիկ Աղաբեկյանը։
Ստացվում է, որ օրվա իշխանությունների համար միլիոնների պարգևավճարի գումար կա, սակայն պետպատվերի գումար չկա՞։



