Հերթական շոկն էր․ բամբասանքն ու էժանագին քարոզչությունը Փաշինյանը տարավ Եվրոպա․ Հարութ Ուլոյան
Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանում» Արցախի հարցը փակված է, և օրինակ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը չի կարող Արցախի թեմայով գիրք նվիրել Միացյալ Նահանգների փոխնախագահին։ Հրապարակախոս Հարութ Ուլոյանը գրել էր, որ սա միայն մեր ներազգային խայտառակությունը չէ, այլ ամբողջ աշխարհի գիտական շրջանակների խայտառակությունն է։
Աշխարհի գիտական շրջանակներից արձագանքները չուշացան․ միջազգային գիտական համայնքի ներկայացուցիչները խստորեն կոչ են անում Հայաստանի կառավարությանը չմիջամտել ինստիտուտի ղեկավարմանը․ «Կոչ ենք անում իշխանություններին հարգել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անկախությունը և ապահովել, որ դոկտոր Գզոյանը կարողանա շարունակել իր գործը առանց քաղաքական ճնշման ու միջամտության»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Հարութ Ուլոյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի ամաչում իր քայլից, այլև հպարտանում է և «ցինիկ կերպով» ընդունում, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն իր ցուցումով է դիմում գրել։

«Ցեղասպանության ինստիտուտն, առաջին հերթին՝ գիտական հաստատություն է, և դրա տնօրենը պետության քաղաքականության իրականացնող կամ ներկայացնող չէ։
Եթե այդ մարդը նպատակահարմար է գտել ինչ-որ գիտական թեմայի վերաբերյալ գիրք գրել կամ նվիրել, դա պետության գործը չէ։ Այսինքն՝ եթե նրանք չէին ուզում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը Վենսին ուղեկցի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, թող ԿԳՄՍ նախարարը նրան ուղեկցեր։ Բայց երբ պատվիրակել են, որ դա իրականացնի թանգարան-ինստիտուտի տնօրենը և հետո նման վերաբերմունք են դրսևորում, դա, առաջին հերթին, ծաղր է գիտական շրջանակներին։ Հայաստանի գիտական շրջանակներից արձագանք չեմ տեսնում, բայց միջազգային գիտական շրջանակները շատ ճիշտ ընկալեցին, թե ինչ է կատարվում»,- ասաց նա։
Նա նկատեց՝ Փաշինյանը ոչ միայն միջամտում է գիտության ոլորտին, այլև փորձում է թելադրել, թե ինչ թեմաներ կարող են տաբու լինել․ «Այսինքն՝ Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած գիտական ուսումնասիրություն, հոդված, գիրք կարող է վերագրել՝ որպես, ինչպես ինքն է ասում, կառավարության արտաքին քաղաքականությանը հակասող, ու արգելել ցանկացած մարդու ՀՀ-ում նման թեմայով զբաղվել․ կարող է կասեցնել նրա գիտական գործունեությունը, արտերկրում այդ թեմաները ներկայացնելուն կարող է խոչընդոտել, դրամաշնորհներին կարող է խոչընդոտել, և այլն։
Այնպես որ, սա այնպիսի թեմա է, որ հարցը զուտ Փաշինյանին սիրել-չսիրելը չէ, բոլորը պետք է տեսնեն, որ նա արդեն ուղղակի կերպով սկսել է թելադրել, թե Հայաստանում մարդիկ ինչպես պետք է մտածեն տարբեր հարցերի շուրջ»։
Նա անդրադարձավ նաև Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթին․ «Այդ ելույթին հետևելիս հերթական շոկի մեջ էի, թե ինչպես կարող է պետության ղեկավարը գնալ, կանգնել օտարների առջև և խոսել ներքին խնդիրներից․ ոչ թե ներքին խնդիրներից, այլ ինչ-որ բամբասանքներ, այստեղի իր էժանագին քարոզչությունը տանում և հայտարարում է եվրոպական ամբիոնից թե՛ եկեղեցու, թե՛ ընդդիմության վերաբերյալ։
Հայ ժողովուրդն իր ամենավատ երազում նման բան չպետք է տեսներ։ Ու ես զարմանում եմ, թե ինչպես կարող է ռացիոնալ մարդը, որը որևէ անձնական շահ չունի Փաշինյանին աջակցելու, նման բանը ողջունել։ Սա ազգային խայտառակություն է, ազգային ամոթ է»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում



