«Հարգելի ընկերներ, հիվանդանոցներ գնացե՞լ եք, հերթերը տեսե՞լ եք… սա նախընտրական քայլ է. պետք չէ քանդել, եթե չեն կարողանում ամրացնել». Գարիկ Աղաբեկյան
Տևական ժամանակ է՝ առողջապահության ոլորտի փորձագետները, բժիշկներն ահազանգում են, որ ՀՀ-ում ներդրված բժշկական համընդհանուր ապահովագրությունը պատշաճ չի կատարվել, այն իր հետ բերել է բազմաթիվ խնդիրներ, որոնց ոլորտը համակարգող գերատեսչությունը, Կառավարությունը որևէ կերպ չեն ցանկանում ուշադրություն դարձնել։
Օրինակ, խնդիրներից մեկն այն է, որ այս համակարգի ներդրումից հետո բժիշկների ծանրաբեռնվածությունն ավելացել է, սակայն նրանց աշխատավարձը մնացել է նույնը։
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանի խոսքով՝ այն, ինչ այսօր անում է Առողջապահության նախարարությունը, շտապողականություն է, ամեն ինչ հապճեպ են անում՝ շտապում են։
«Անում են՝ ուղղակի ժողովրդի աչքերն ու ականջները լցնելու համար, թե՝ «նայե՛ք, նայե՛ք, մենք ձեզ համար գործ ենք անում»։ Կարծում եմ՝ այս ամենը նախընտրական քայլեր են, և իրենք ոլորտին ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ։
Համաձայն եմ, որ բոլորը պետք է ապահովագրվեն, և դա լավ բան է, բայց, հարգելի ընկերներ, ապահովագրությունը որ անում եք, նախարարության վերնախավն է՝ նախարարը, տեղակալը կամ, չգիտեմ՝ վարչության պետը, գնացե՞լ են հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, տեսե՞լ են՝ ինչ վիճակ է տիրում։ Հասկացանք, ժողովրդին, թոշակառուներին ասում են՝ անվճար է, բայց հիվանդանոցներում հերթերը տեսե՞լ են, այ մարդ, այդ բժիշկները մեղք չե՞ն։ Բժիշկն ինչպե՞ս կարող է օրվա մեջ այդքան պացիենտ ընդունել, չեն կարծո՞ւմ, որ որոշումն արագ ընդունելու պատճառով որակն են զիջում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գարիկ Աղաբեկյանը։
Ըստ պրոֆեսորի, բժիշկը, ով շատ ծանրաբեռնված աշխատում է հիվանդանոցում, ունի ընտանիք, երեխաներ, երբ այդքան աշխատում է, կարող է մի օր իրեն հարցնել՝ ինչի՞ համար, ինչո՞ւ պետք է աշխատանքն ավելանա, բայց աշխատավարձը նույնը մնա։
«Հասկացանք, մարդը սիրում է իր մասնագիտությունը, բժշկի երդում է տվել, սիրում է իր հայրենիքը, բայց չպետք է այդպես աշխատի։ Բժշկի աշխատավարձը բարձրացրեք, թող հաշվարկեն, հասկանան, նորմալ աշխատավարձ տան։
Բժշկությունն ունի 3 սյուն՝ հասանելիություն, որակ և մատչելիություն։ Հիմա մեզ մոտ հասանելիությունը կա, բոլորն էլ գնում են բժշկի, իրենց հերթին սպասում են, ու բժիշկը նրանց ընդունում է։ Հատկապես մեր ժողովրդի մոտ ընդունված է՝ ինչն անվճար է, բոլորը գնում են օգտվելու՝ անկախ նրանից՝ դրա կարիքն ունե՞ն, թե՞ ոչ։ Բժշկությունն այսպես չպետք է լինի, սրանով որակ չեն ստանա, զբաղվածություն են ավելացնում ու որակ չկա։ Որակը չենք ստանում, իսկ հասանելիությունը՝ գնացեք հիվանդանոցներ ու պոլիկլինիկաներ՝ կտեսնեք»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Գարիկ Աղաբեկյանի խոսքով՝ եթե առողջապահության համակարգում իրավիճակն այսպես շարունակվի, ապա բժիշկների հանդեպ մարդկանց հավատը կնվազի, ավելին՝ այդքան որակ չի լինի, որ մարդը, երբ ցանկանում է բժշկական օգնություն ստանալ, ուղղակի չի ստանա։
«Բժիշկներին թող նորմալ վարձատրեն ու ասեն՝ գնացեք ձեր գործն արեք, չարչարվեք։
Այսպես շարունակվելու դեպքում մեր լավագույն բժիշկներն ուղղակի կհեռանան Հայաստանից, դրսում կաշխատեն։ Այսօր շատ բժիշկներ դրսում աշխատանք են փնտրում, բոլորն այս վիճակից հոգնել են, նույն բժիշկներն ասում են՝ այդքան չարչարվում ենք, ստանում ենք քիչ աշխատավարձ, երբ նույն աշխատանքը կարող են անել Եվրոպայում, Մոսկվայում ու ստանան քառակին»,- շեշտեց Գարիկ Աղաբեկյանը։
Նա վստահ է՝ Առողջապահության նախարարությունն առհասարակ հաշվի չի առնի բարձրաձայնած այս խնդիրները, ուստի հռետորական հարց է հնչեցնում՝ ոլորտը ղեկավարող նախարարի օրոք որևէ բարելավում տեղի ունեցե՞լ է։
«Նախկինում մարզային հիվանդանոցները մազպետարանների հոգածության ներքո էին, սա վերացրեցին, հիմա մարզային բոլոր հիվանդանոցները գտնվում են Առողջապահության նախարարության ենթակայության ներքո։ Այսինքն՝ նախարարն այնքան ժամանակ ունի, այնքան տեղեկացված է մարզերի հիվանդանոցների վիճակից, ղեկավարների, գլխավոր բժիշկների վիճակից, որ կարողանո՞ւմ է վերահսկել, կարծում եմ՝ սա հեքիաթ է։ Նախկինում մարզպետարաններն այդ ամենը հազիվ էին կառավարում, հիմա նախարարն ամբողջ ծանրությունը կարո՞ղ է տանել։
Ցավալի է, բայց կարծում եմ՝ օրվա իշխանությունների համար նորմա է, որ մենք ունենք Առողջապահության նախարար, որը բժիշկ չէ։ Թող բերեն շինարարին էլ նշանակեն հիվանդանոցի տնօրեն, ի՞նչ է եղել, լավ կրթություն ունի: Չի կարելի։ Առանց այդ էլ, մեր առողջապահության համակարգը տեղից խարխուլ վիճակում էր, պետք չէ քանդել, եթե չեն կարողանում ամրացնել, գոնե եղածը պահպանեն»,- ընդգծեց Գարիկ Աղաբեկյանը։



