«Անավարտ խաղաղություն»․ Հրայր Պալեանի գրքի գրախոսական. Civilnet.am

Civilnet.am-ը գրում է. «Բրիտանական Palgrave Macmillan հրատարակչատունը տպագրել է Հրայր Պալեանի «Anatomy of Peacemaking: Nagorno-Karabakh Conflict and Missed Opportunities» ծավալուն աշխատությունը։ «Նյումեգ» հրատարակչատունը շուտով լույս կընծայի այս գրքի հայերեն հրատարակությունը, որը վերնագրված է «Անավարտ խաղաղություն։ Ղարաբաղյան հակամարտությունն ու բաց թողնված հնարավորությունները» (700 էջ)։

Պալեանը հակամարտությունների կարգավորման ոլորտում աշխարհի տարբեր տարածաշրջաններում տասնամյակների աշխատանքի փորձ ունի և այս գրքում լավագույնս համադրում է իր գործնական գիտելիքը և ակադեմիական մեթոդաբանությունը՝ աղբյուրների մանրակրկիտ համադրմամբ, բանակցային տարբեր փուլերի համեմատական վերակազմությամբ և միջազգային իրավական ու քաղաքական փաստարկների զուգահեռ ընթերցմամբ։

Գիրքը Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնում է ոչ միայն իր ներքին պատմաքաղաքական շրջանակում, այլև միջազգային այլ հակամարտությունների համատեքստում՝ ի ցույց դնելով ինչպես կառուցվածքային ընդհանրությունները, այնպես էլ առանձնահատկությունները։

Աշխատությունը փաստաթղթային մեծ ծավալ ունի և հաճախ հիշեցնում է դիվանագիտական քրոնիկոն։ Այն թերևս առաջին աշխատանքն է, որն ամփոփում է Ղարաբաղյան հակամարտության ամբողջ կամ գրեթե ամբողջ հասանելի փաստաթղթաբանությունը։ Պալեանը, սակայն, չի սահմանափակվում արխիվային նյութերի ներկայացմամբ և քաղաքական հայտնի դրվագների վերաշարադրմամբ։ Նա դրանք տեղադրում է այլ հակամարտությունների համեմատական վերլուծության, միջազգային իրավունքի և մեծ տերությունների քաղաքական հաշվարկների փոխազդեցության ավելի լայն շրջանակում։

Գրքում առանձնահատուկ տեղ ունի բանակցային տեսության գործիքների կիրառումը, մասնավորապես BATNA-ի (Best Alternative to a Negotiated Agreement) կամ «Բանակցված համաձայնությանը լավագույն այլընտրանքի» գաղափարը։ Դա հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչպես էին հակամարտող կողմերը գնահատում իրենց հնարավորությունները բանակցություններից անդին։

Հեղինակը ցույց է տալիս, որ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմում երկար ժամանակ գերակշռում էր այն հաշվարկը, թե բանակցություններից դուրս իրենք ավելի շահավետ այլընտրանքներ ունեն՝ լինի դա ժամանակի գործոնը, ռազմական ուժի վերականգնումը, թե միջազգային միջավայրի փոփոխության ակնկալիքը։ Այդ ընկալումն է, որ տարբեր փուլերում նվազեցրել է փոխզիջման քաղաքական պատրաստակամությունը և նպաստել բանակցային գործընթացի ձգձգմանը։ Պալեանն այս տեսանկյունից բացատրում է, թե ինչու նույնիսկ հարաբերականորեն մոտ պայմանավորվածությունները չվերաճեցին վերջնական համաձայնության։

Ադրբեջանը սխալներ թույլ տալու ավելի մեծ շռայլություն ուներ, մինչդեռ Հայաստանի համար յուրաքանչյուր սխալ անհամեմատ ավելի ծանր ռազմաքաղաքական հետևանքներ էր ենթադրում։ «Ուժերի կառուցվածքային անհավասարակշռությունը հաճախ բանակցություններն ի սկզբանե դատապարտում է ձախողման։ Երբ կողմերից մեկը մյուսին զգալիորեն գերազանցում է ռազմական, տնտեսական կամ քաղաքական հզորությամբ, սովորաբար նվազ հակված է դժվար զիջումների, քանի որ բանակցություններից դուրս ունի ավելի շահավետ այլընտրանք՝ ուժի կիրառումը»,- գրում է հեղինակը։

Պալեանի կարևորագույն ներդրումներից մեկն այն է, որ նա մանրամասն ներկայացնում է ոչ միայն Ղարաբաղյան կարգավորման առաջարկները, այլև դրանց ներքին տրամաբանությունը՝ ինչու մի առաջարկը փոխարինվեց մյուսով, ինչու որոշ ձևակերպումներ փոխվեցին, ինչ դեր ունեցան միջնորդների ներքին տարաձայնությունները։ Այս առումով գիրքը պարզապես փաստաթղթերի հավաքածու չէ, այլ բանակցային ճարտարապետության անատոմիա։

Պալեանը աշխատում է ոչ միայն հրապարակված փաստաթղթերի, պաշտոնական առաջարկների, միջնորդական փաթեթների և միջազգային իրավական նյութերի հետ, այլև հենվում է անձնական հարցազրույցների վրա՝ նախկին նախագահների, արտգործնախարարների, բանակցային գործընթացում ներգրավված պաշտոնյաների, միջազգային միջնորդների և այլ դերակատարների հետ։ Այդ հանգամանքը աշխատությանը տալիս է ոչ միայն փաստաթղթային ամբողջականություն, այլև ներքին քաղաքական տրամաբանությունների վերականգնման հնարավորություն՝ ցույց տալով, թե ինչպես էին տարբեր փուլերում որոշումները ձևավորվում փակ քննարկումների, փոխադարձ անվստահության և երբեմն նաև անհատական քաղաքական հաշվարկների պայմաններում։

Աշխատության ամենաուժեղ բաժիններից մեկը ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցության քննարկումն է՝ հատկապես Արդարադատության միջազգային դատարանի՝ Կոսովոյի վերաբերյալ խորհրդատվական եզրակացության համատեքստում։

Հեղինակը խաղաղության ձախողումը չի վերագրում մեկ դերակատարի կամ մեկ որոշման, այլ դիտարկում է որպես կուտակային գործընթաց, որտեղ փոխկապակցված են տարածաշրջանային ուժային հաշվարկները, ներքին քաղաքական սահմանափակումները և հանրությունների անպատրաստությունը փոխզիջման։ Պալեանը խուսափում է միայն հայկական կամ միայն ադրբեջանական պատմույթների վերարտադրությունից։

Լիպարիտյան–Գուլուզադե բանակցությունների մասին

Գրքում առանձին ուշադրության են արժանանում 1995-96 թվականներին ընթացած գաղտնի բանակցությունները, որոնք վարում էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների խորհրդականներ Ժիրայր Լիպարիտյանը և Վաֆա Գուլուզադեն։

Պաշտոնական միջնորդական ձևաչափերից դուրս այդ շփումները, ըստ հեղինակի, կարևոր էին, քանի որ բանակցային օրակարգում առաջին անգամ քննարկվում էին փոխընդունելի ընդհանուր սկզբունքներ՝ մինչև լայն միջազգային ձևաչափերի ամբողջական հաստատումը։

Պալեանը, այնուամենայնիվ, ցույց է տալիս, որ այդ գործընթացը սկզբիցևեթ կառուցվածքային թերություններ ուներ. բանակցությունները մեծապես կախված էին երկու անհատների քաղաքական վստահությունից և չունեին բավարար ինստիտուցիոնալ ամրություն, ներքաղաքական լայն հենարան կամ հանրային նախապատրաստություն։ Այդ պատճառով նույնիսկ այն փուլերում, երբ ձևավորվում էին որոշակի մոտեցումներ, դրանք չէին վերածվում կայուն քաղաքական գործընթացի։

Հեղինակի դիտարկմամբ՝ այդ վաղ շփումների հիմնական սահմանափակումը նաև այն էր, որ դրանք ընթանում էին ուժերի արագ փոփոխվող հարաբերակցության և փոխադարձ անվստահության պայմաններում։ Այդ առումով Գուլուզադե–Լիպարիտյան երկխոսությունը նա ներկայացնում է ոչ թե որպես բաց թողնված պատրաստի լուծում, այլ որպես վաղ փորձ, որի կառուցվածքային խոցելիությունը վերարտադրվեց հետագա բանակցային փուլերում։

1999-ի տարածքների փոխանակման առաջարկի մասին
1999-ի «տարածքների փոխանակման» թեման Ղարաբաղյան կարգավորման պատմության ամենաշատ քննարկված, բայց միաժամանակ ամենաքիչ ամբողջապես փաստաթղթավորված դրվագներից է։ Տարիների ընթացքում հանրային և քաղաքական խոսույթում այն հաճախ ներկայացվել է որպես արդեն իսկ կամ գրեթե համաձայնեցված ծրագիր՝ ըստ որի Հայաստանը պետք է Մեղրիի շրջանը կամ դրա մասը զիջեր՝ Լեռնային Ղարաբաղը ստանալու դիմաց՝ ուղիղ ցամաքային կապ տրամադրելով Ադրբեջանի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև։ Պալեանը զգուշացնում է, որ նման պարզեցված ընկալումները չեն համապատասխանում հրապարակված փաստաթղթերի ամբողջությանը։

Նա հրաժարվում է արդեն կարծրացած մեկնաբանությունները վերարտադրելուց՝ ցույց տալով, որ Պետքարտուղարության գաղտնազերծված նյութերը միայն հատվածական պատկեր են տալիս բանակցությունների բովանդակության մասին։ Պալեանը եզրահանգում է, որ ընկալումները, թե Քոչարյանն ու Ալիևը փաստացի հասել էին «Մեղրին Ղարաբաղի դիմաց» համաձայնության, ուղիղ կերպով չեն բխում Պետքարտուղարության փաստաթղթերից։ Նրա դիտարկմամբ՝ այդ նյութերը առավելագույնը թողնում են անպատասխան հարցեր, բայց թույլ չեն տալիս խոսել վերջնական պայմանավորվածության մասին։

1999-ի անավարտ այս բանակցային տրամաբանությունն է հետագայում վերաձևակերպվում և ավելի հստակ տեսք ստանում Քի Վեսթի բանակցություններում։ Պալեանի շարադրանքում Քի Վեսթը ներկայանում է որպես եզակի հանգրվան, երբ բանակցությունները դուրս էին եկել սկզբունքների ընդհանուր քննարկման փուլից և մոտեցել քաղաքական որոշման շեմին։

1997-ի փուլային առաջարկը և 2007-ի Մադրիդյան սկզբունքները

Պալեանը մանրամասն վերլուծում է Մինսկի խմբի կողմից ներկայացված տարբեր առաջարկները և հատուկ ուշադրություն է դարձնում մինչ օրս հաճախ քննարկվող մի թեմայի՝ 1997-ի փուլային տարբերակի և 2007-ի Մադրիդյան սկզբունքների ընդհանրություններին ու տարբերություններին։

Նա ընդգծում է, որ Մադրիդյան սկզբունքները, թեև փաթեթային առաջարկ էին, կառուցվածքային առումով մոտ էին 1997-ի փուլային տարբերակին։ Հիմնական տարբերությունը վերաբերում էր վերջնական կարգավիճակի ձևակերպման լեզվին, մինչդեռ կարգավորման փուլային տրամաբանությունը պահպանված էր։

1997-ի փուլային առաջարկը վերջնական կարգավիճակի հարցը թողնում էր հետագա բանակցություններին և որևէ վերջնական մեխանիզմ չէր ամրագրում, բայց նաև նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի արդեն գոյություն ունեցող փաստացի առանձնացված կարգավիճակի միջազգային իրավաքաղաքական կայունացում։ Փաստաթղթի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծվող անվտանգության ռեժիմը պետք է ամրագրվեր միջազգային համաձայնությամբ, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դառնում էր համաձայնագրի երաշխավոր։

Այդ իմաստով, ընդգծում է հեղինակը, 1997-ի առաջարկը թեև չէր երաշխավորում դե յուրե անկախություն՝ այդուհանդերձ ստեղծում էր փաստացի միջազգայնորեն երաշխավորված կարգավիճակ, որը քաղաքական իմաստով մոտ էր ավելի ուշ տարբերակներում քննարկվող միջանկյալ կարգավիճակի տրամաբանությանը։

Այնուամենյանիվ, Պալեանն ընդգծում է, որ 2007-ի Մադրիդյան սկզբունքներում է, որ առաջին անգամ հստակ ամրագրվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցը իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության միջոցով որոշելու դրույթը։ Այստեղ արդեն ոչ միայն արձանագրվում էր ապագա քաղաքական գործընթացի անհրաժեշտությունը, այլև առաջարկվում էր դրա կոնկրետ մեխանիզմը՝ հանրաքվեի տրամաբանությամբ, որի արդյունքը պետք է արտահայտեր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը։

Մադրիդյան սկզբունքներում ձևակերպվում էր նաև միջանկյալ կարգավիճակի գաղափարը․ մինչև վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղը պետք է գործեր սեփական ընտրված իշխանություններով, ինստիտուցիոնալ կառավարման տարրերով և որոշակի ինքնուրույն գործառույթներով։

Այսպիսով, թեև երկու փաստաթղթերն իսկապես բխում էին փուլային տրամաբանությունից, դրանց միջև հիմնական տարբերությունն այն էր, որ 2007-ին ինքնորոշման սկզբունքը արդեն նյութականացվում էր հստակ քաղաքական կառուցվածքի մեջ՝ միջանկյալ կարգավիճակի, կամարտահայտության մեխանիզմի և անցումային ինստիտուցիոնալ կարգավորման միջոցով։

Համոզիչ է հեղինակի պնդումը, որ անկախ այս երկու առաջարկների տեխնիկական տարբերություններից և ընդհանրություններից, 1997-ի փուլային կարգավորումը հայկական կողմի համար առավել հասանելի էր այն իմաստով, որ այդ փուլում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կառուցվածքային առումով առավել ուժեղ դիրքերում էին, արտաքին միջավայրը՝ նվազ բևեռացված, իսկ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հակված էր խնդրի կարգավորմանը՝ ի տարբերություն որդու։

2018-ից հետո՝ «անշնորհք հռետորաբանություն և սադրանք»
Չնայած կարգավորման գործընթացի կառուցվածքային սահմանափակումներին՝ հեղինակը իրավացիորեն կարևորում է նաև անհատական որոշումներն ու քաղաքական կամքի դրսևորումը կամ դրա բացակայությունը։

Գրքի բաժիններից մեկը վերաբերում է 2018-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո նոր կառավարության բանակցային վարքագծին։ Պալեանը ցույց է տալիս, որ իշխանափոխությունից հետո ձևավորված քաղաքական միջավայրում արտաքին քաղաքականության և բանակցային ժառանգության նկատմամբ բավարար ինստիտուցիոնալ հիշողություն չձևավորվեց, իսկ արդեն գոյություն ունեցող բանակցային կառուցվածքի ընկալումը հաճախ փոխարինվեց զրոյական կետից գործընթաց սկսելու քաղաքական հայտարարություններով։

Հեղինակը քննադատաբար է դիտարկում այն մոտեցումը, որ անհրաժեշտ է բանակցությունները սկսել նոր հիմքերից՝ անտեսելով նախորդ երկու տասնամյակների ընթացքում կուտակված փաստաթղթային և քաղաքական շերտերը։ Նրա դիտարկմամբ՝ նման մոտեցումը ոչ միայն չէր արտացոլում բանակցային գործընթացի իրական կառուցվածքը, այլև նվազեցնում էր միջնորդների համար կողմերի կանխատեսելիության աստիճանը։

Հեղինակը առանձնապես կոշտ գնահատական է տալիս այն ձևակերպումներին, որոնք հետագայում դարձան քաղաքական շրջափուլի խորհրդանիշներ՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», «բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից» և «Արցախը Հայաստան է և վերջ»։

Պալեանի գնահատմամբ՝ այս հայտարարությունները ոչ միայն դուրս էին բանակցային զգուշավոր լեզվի տրամաբանությունից, այլև ընկալվում էին որպես քաղաքական ազդակ, որ Երևանը հրաժարվում է նույնիսկ ձևականորեն պահպանել նախկին բանակցային հավասարակշռությունը։

Հեղինակն ընդգծում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունն Ադրբեջանում ընկալվեց որպես բանակցային ամբողջ կառուցվածքի մերժում։ Նրա ձևակերպմամբ՝ «Ադրբեջանի համար Փաշինյանի հայտարարությունը իրապես վերացրեց նույնիսկ բանակցությունների տեսական հնարավորությունը և փշրեց այն հույսերը, որ նա կլինի ավելի խելամիտ և ճկուն, քան իր նախորդները»։ Այս գնահատականը գրքում ներկայացվում է ոչ միայն որպես քաղաքական արձագանքի նկարագրություն, այլև որպես արձանագրում մի հանգրվանի, երբ հրապարակային հռետորաբանությունը սկսեց անմիջականորեն ազդել բանակցային միջավայրի փլուզման վրա։

Նույն տրամաբանությամբ Պալեանը դիտարկում է նաև «Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան» թեզը, որը Հայաստանի նոր իշխանությունը ներկայացնում էր որպես բանակցային գործընթացի սկզբունքային վերանայում։ Նա ցույց է տալիս, որ այդ պահանջը, թեև քաղաքականորեն հասկանալի էր ներքին լսարանի համար, գործնականում չէր բխում արդեն ձևավորված միջնորդական կառուցվածքից։ Հեղինակի վերլուծությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարիների ընթացքում ձևավորված ձևաչափը կառուցված էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի բանակցությունների վրա, իսկ Լեռնային Ղարաբաղի առանձին ներգրավման հարցը չուներ միջազգային այնպիսի համաձայնեցված հիմք, որը թույլ կտար գործընթացը վերակազմակերպել առանց ամբողջ բանակցային մեխանիզմը վտանգելու։ Այդ պատճառով այս պահանջը ոչ թե բանակցային օրակարգի ընդլայնման, այլ գործընթացի լրացուցիչ ծանրաբեռնման գործոն դարձավ։

Լեռնային Ղարաբաղի դագաղի վերջին մեխը
Գրքի վերջաբանում Պալեանն ընդգծում է, որ «Մինսկի խմբի միջնորդական գործընթացն ուներ հիմնարար բացեր, որոնք նպաստեցին խաղաղարարության ձախողմանը, սակայն ձախողման ամենամեծ պատասխանատվությունը պետք է վերագրել հենց հակամարտող կողմերին»։

Հայաստանը և Ադրբեջանը գործընթացի մեծ մասն անցկացրին առավելապաշտական դիրքերում՝ հազվադեպ փորձելով դուրս գալ երկբևեռ մտածողության սահմաններից և որոնել ստեղծարար այլընտրանքներ։ Պալեանը նշում է, որ հայկական կողմը բաց թողեց արժեքավոր հնարավորություններ, իսկ Փաշինյանը, փոխանակ ամրապնդելու բանակցային թույլ դիրքերը՝ դաշինքների խորացման, ռազմական անհամաչափությունը մեղմելու և ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերելու միջոցով, դրսևորեց ամբարտավանություն, անկանոն և սադրիչ վարքագիծ ու խփեց Լեռնային Ղարաբաղի դագաղի վերջին մեխը։

Թարգմանչի նոթեր

Գրքի հայերեն և անգլերեն հրատարակությունները լույս են տեսնում գրեթե միաժամանակ։ Հայերեն թարգմանությունն անելիս ամիսներ շարունակ ամենօրյա, եթե չասեմ շուրջօրյա շփման մեջ եմ եղել հեղինակի հետ, ներկայացրել իմ նկատառումները և խմբագրական առաջարկները, որոնցից շատերը հաշվի են առնվել նաև անգլերեն տարբերակում։

Հեղինակն առանձնահատուկ բծախնդրություն ուներ հայերենի հարցում և պնդում էր, որ տեքստը հնարավորինս զերծ մնա օտարաբանություններից (պահանջում էր անգամ «տեքստ» բառը փոխարինել)։ Ընդառաջ եմ գնացել նրա բազմաթիվ առաջարկների և փորձել հնարավորինս խուսափել օտար եզրույթներից ու բառերից՝ երբեմն նաև իմ նախընտրությանը հակառակ։

Հեղինակն ու թարգմանիչը, ի տարբերություն գրքում ներկայացված հակամարտող կողմերի, գտան փոխընդունելի եզրույթները։

Գրքի հայերեն հրատարակությունը ապրիլից հասանելի կլինի հայաստանյան գրախանութներում

Կարեն Հարությունյան»։

Civilnet.am

Տեսանյութեր

Լրահոս