Օնիկ Գասպարյանին «ադալժենի՞» է արվել, թե՞ Փաշինյանից «ռազմական հեղաշրջման փորձ» որակված հայտարարության մասով քրգործ հարուցելու հրահանգ չի եղել
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ում պաշտոնավարման սահմանադրական ժամկետն ավարտվել էր 2022 թվականի սեպտեմբերի կեսերին, հարցազրույց է տվել 24News–ին և գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման համատեքստում անդրադարձել 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը, որի միջոցով Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ զինվորականությունը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականը, ինչը Փաշինյանը դիտարկել էր ռազմական հեղաշրջման փորձ:
«Հուսով եմ, ոչ մեկդ չի մոռացել 2021 թվականին Գլխավոր շտաբի հայտարարությունը, երբ քաղաքական իշխանությունն իր քաղաքական խոսքում դա որակեց ռազմական հեղաշրջման փորձ: Իսկ դուք տեղյա՞կ եք՝ դրանով վարույթ, հետապնդում իրականացվե՞ց: ԳՇ շտաբի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ քրեական, քրեադատավարական միջոցառումներ իրականացվեցի՞ն: Ես ձեզ վստահեցնում եմ, որ դրանով նույնիսկ քրեական վարույթ չի իրացվել, որովհետև մաքուր իրավաբանություն է արվել: Այսինքն, ի սկզբանե վարույթ հարուցելու համար հիմքեր չեն հայտնաբերվել: Դե, հիմա խնդրում եմ ձեզ, համեմատեք Գլխավոր շտաբի հայտարարությունը, դրա վերաբերյալ երկրի ղեկավարի քաղաքական որակումը Սամվել Կարապետյանի հայտարարության և դրա վերաբերյալ երկրի ղեկավարի քաղաքական խոսքը, և դրանց երկուսի հետևանքները: Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ»,- հայտարարել է Արթուր Դավթյանը:
Հարցին՝ Դո՞ւք եք արգելք հանդիսացել, որ քրեական գործ հարուցվի, թե՞ չի եղել նման փորձ ընդհանրապես իրավապահ համակարգի կողմից, նախկին գլխավոր դատախազն արձագանքել է.
«Արգելք հանդիսանալու մասին չեմ կարող խոսել, չի եղել, որ որևէ մեկը նախաձեռնի քրեական վարույթ, և ես էլ դրան արգելք հանդիսանամ, հատկապես՝ դատավարական մեխանիզմների գործադրմամբ: Բայց եղել են քննարկումներ համապատասխան մարմինների կողմից՝ գործընկեր կառույցների, որոնք վարույթ իրականացնելու… Եվ Դատախազության դիրքորոշումը այդ հայտարարությունն ուսումնասիրելուց հետո շատ հստակ է եղել, որ մենք այստեղ քրեական վարույթ նախաձեռնելու որևէ հիմք կամ առիթ չունենք»:
Այստեղ լրագրողը հիշեցրել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի գործը (հարուցվել է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեղադրանքով), ինչին ի պատասխան՝ Արթուր Դավթյանը նշել է.
«Որպեսզի ես զուտ կամ մաքուր իրավաբանության տեսակետից գնահատական տամ, ես այդ քրեական գործի բոլոր նյութերին պիտի ծանոթ լինեմ»:
Իհարկե, նախկին գլխավոր դատախազը նաև նկատել է, որ այս և մի շարք այլ գործերին նախորդել կամ զուգահեռվել է քաղաքական խոսքը:
Մյուս կողմից, չենք կարող չնկատել, որ 2021թ. ԳՇ հայտարարությունն ի սկզբանե Արթուր Դավթյանը պիտի համեմատեր Միքայել Սրբազանի քրեական գործի հիմք հանդիսացած հարցազրույցի հետ, որտեղ նա իբր ռազմական հեղաշրջման կոչ է արել:
Հավելենք, որ, մասնավորապես, 2023 թվականին Օրագիր.News-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը քննադատել էր բանակի կեցվածքը, իսկ իշխանական լրատվամիջոցներին այդ ժամանակ Քննչական կոմիտեից ասել էին, որ այդ հարցազրույցին առնչվող վարույթ չկա նախաձեռնված: Եվ, փաստորեն, այս մասին միայն 2025 թվականին հիշեցին իշխանությունները:
Ի դեպ, դատարանում Միքայել Սրբազանը հիշեցրել էր 1998 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը և ակնարկել, որ այն տեղի էր ունեցել այդ ժամանակվա ռազմական ղեկավարության ճնշմամբ՝ «հայտնի ուժերի», բայց ոչ մի արյուն չէր թափվել:
Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Վազգեն Սարգսյանն ասել էր.
«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ինձ հեռացներ՝ որպես Պաշտպանության նախարար, ես հեռանալու էի, բայց այդ դեպքում պատասխանատվությունն իր վրա կմնար: Հիմա ինքը հեռացավ, պատասխանատվությունը թողել է մեզ վրա: Այստեղ պատասխանատվության խնդիր կա, ոչ թե մեկը մյուսին հեռացնելու: Ես Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ դուրս չեմ եկել, ես գաղափարն եմ պաշտպանել: Մեր հակասությունը եղել է Արցախի խնդրի շուրջ, և Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը եղած մի շարք մարդկանց շուրջ: Ես համարում եմ, որ բանակը ՀՀ կայունության և պաշտպանության հիմքն է: Ես համարում եմ, որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն: Առանց բանակի չի կարող զարգանալ տնտեսությունը և հակառակը»:
Վերադառնանք 2021 թվականի փետրվարին ԳՇ հայտարարությանը, որին ի սկզբանե հաջորդող ոչ մի քայլ չէր նախատեսվել, ինչպես բազմիցս հայտարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է Արթուր Դավթյանի հիշատակված հարցազրույցում ասածին, հարց է՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի քաղաքական պլանների մեջ այդ պահին մտնում էր ԳՇ հայտարարությանն առնչվող կամ Օնիկ Գասպարյանի դեմ քրեական վարույթի հարուցումը, թե՞ պետք էր միայն, որ նա այդ պահին իրավունքի ուժով հեռանա ԳՇ պետի պաշտոնից, այնպես, ինչպես մի օր հարմար է համարվել, որ նա պիտի ԳՇ պետ դառնա հենց 2020 թվականի հունիսի 8-ին:
Գուցե Օնիկ Գասպարյանի՞ն էլ էր պետք այդ պահին հեռանալը, թեև նա փորձել է ինչ-որ ժամանակ դատարանում պայքարել Փաշինյանի այս որոշման դեմ, որի հետ, ի վերջո, ըստ էության, համաձայնել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, և որը հակասահմանադրական չէր համարել ՍԴ-ն:
Իսկ Օնիկ Գասպարյանի դատական պայքարը հաջողությամբ չպսակվեց, թեև սկզբում հաջողություններ էին կարծես թե գրանցվում:
Անդրադառնալով ԳՇ հայտարարության առնչությամբ Արթուր Դավթյանի ձևակերպումներին, հավելենք՝ երբ հայտնի էր, որ 2021 թվականի մարտի 17-ին վարչական դատարանը բավարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը, գեներալը նամակով դիմել էր այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
«2021 թվականի մարտի 17-ին վարչական դատարանը բավարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը և որոշել է.
1. Ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը` հայցի ապահովման վերաբերյալ, բավարարել:
2. Ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»,- ArmLur.am-ի փոխանցմամբ գրված էր Օնիկ Գասպարյանի նամակում:
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետը նաև հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ վիճարկելու ինչպես Նիկոլ Փաշինյանի գրառման առնչությամբ, այնպես էլ պաշտպանության նախարարի անգործությունը վիճարկելու համար, որը հետո ուղարկվել էր ՀՔԾ:
2022 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի հայցը:
Գեներալը դատարան էր դիմել պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով իրեն ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով։
Որքանո՞վ է Արթուր Դավթյանը գլխավոր դատախազ եղած ժամանակ կատարել Օնիկ Գասպարյանի՝ իրեն ուղղված նամակի պահանջները, կամ՝ ի՞նչ կարծիք ունի իրավունքի ուժով ԳՇ պետ ազատելու իրավաքաղաքական կամ քաղաքական պրակտիկայի վերաբերյալ, Արթուր Դավթյանն իր խոսքում անդրադարձ չի արել և ոչ էլ գնահատել է Նիկոլ Փաշինյանի՝ այս դեպքում և առհասարակ զինվորականության դեմ գործողությունները, և, թե որքանով է դրան «նպաստել» օրենքի անկատարությունը: Այսինքն, այստեղ օրենսդրական խնդիր կա՞ր, թե՞ Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով հեռացնելը զինված ուժերից զուտ քաղաքականություն էր:
Իսկ 44-օրյա պատերազմի համատեքստում Գլխավոր դատախազ եղած Արթուր Դավթյանի գործողություններին և անգործությանն առանձին կանդրադառնանք: Սակայն հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերին NEWS.am-ի հետ զրույցում դիտարկմանը, որ երբ ինքը դատախազ էր, շատերը պահանջում էին քրեական վարույթ նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի դեմ, սակայն դա տեղի չունեցավ, նա նշել էր՝ չկային ապացույցներ Նիկոլ Փաշինյանի դեմ քրվարույթ նախաձեռնելու համար:
«Հանցագործության մեջ որևէ մեկին մեղադրելու համար քրեադատավարական ընթացակարգ է պետք, դրա համար պետք են օրենքով նախատեսված ապացույցներ, հիմքեր: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու համար ապացույցներ չկային: Չկա մի դեպք, չկա մի իրավիճակ, երբ առկա են եղել նախաքննական, հետաքննական մարմինների կողմից ձեռք բերված բավարար փաստական տվյալներ, և դատախազությունը քրեական հետապնդման հարց չի լուծել: Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, ընդ որում՝ ցանկացածի վերաբերյալ, առանց բացառության»,- ասել էր նա:
Հ.Գ. Ի դեպ, Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնում փոխարինել էր Արտակ Դավթյանը. մեր տեղեկություններով, Օնիկ Գասպարյանը ևս կողմ է եղել իրեն Արտակ Դավթյանով փոխարինելուն:

