Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու համար հիմք դարձած  հոդվածը ՍԴ-ն ճանաչեց սահմանադրական

Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը: Տեղեկությունը 168.am-ին փոխանցեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ հավելելով, որ որոշումը եռօրյա ժամկետում կհրապարակվի ՍԴ պաշտոնական կայքում:

Վերը նշված հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու նպատակով երկրի բարձր դատարանին դիմել էր  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2021թ. մարտի 2-ին, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ էր Արմեն Սարգսյանին ներկայացրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, Արմեն Սարգսյանը չէր ստորագրել այն՝ միաժամանակ հայտնելով, որ առանձին դիմումով դիմելու է ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Մինչդեռ, շատերը սպասում էին, որ նախագահը կդիմեր ՍԴ-ին՝ վիճարկելու Փաշինյանի ներկայացրած հրամանագիրը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը ուժի մեջ է մտել 2018թ. հունիսի 21-ին, և այս կարգավորմամբ ըստ էության սահմանվում էր, որ բարձրագույն զինվորականին պաշտոնից կարելի է ազատել առանց պատճառի:

ՍԴ-ն այս գործով քննությունը մի քանի անգամ հետաձգել էր, անգամ փոխել էր գործով զեկուցողին: Երեկ 168.am-ի հետ զրույցում Արդարադատության նախկին փոխնախարար, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան, Օնիկ Գասպարյանի շահերի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ Գործադիրի ազդեցության ներքո է ձգձգվում Օնիկ Գասպարյանին առնչվող գործի քննությունը:

Տեսանյութեր

Լրահոս