Ընտրովի հաշվետվողականություն. Ի՞նչ չենք իմանա մայիսի 28-ին

Հայաստանի առաջին Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների ուշադրությունը կսևեռի Հանրապետության հրապարակի ուղղությամբ. կազմակերպվելու է սպառազինության ցուցադրություն-հաշվետվություն:

Մայիսի 11-ին քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, թե բոլոր քաղաքացիները պետք է մայիսի 28-ին լինեն Հանրապետության հրապարակում և իրենց սեփական աչքերով տեսնեն վերջին տարիներին գնված սպառազինությունը և արձանագրեն իրենց իշխանության ստեղծած նոր տրամաբանության բանակը: Թե ինչ է սա բովանդակային առումով ենթադրում, մեկ անգամ չէ, որ գրել ենք, ուստի այս անգամ դրան չենք անդրադառնա:

Իհարկե, սպառազինության ցանկացած ձեռքբերում, որը կարող է նպաստել բանակի մարտունակության բարձրացմանը, ուրախալի է, այլ հարց է՝ արդյո՞ք ցանկացած գնում համալիր հաշվարկների արդյունք է: Այսինքն, արդյո՞ք երկարաժամկետ հեռանկարում ակնկալվող սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու կարողությունների տեսակետից են արված գնահատականները, թե՞ պատերազմի բացառման:

Օրերս դարձյալ նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մայիսի 28-ին կայանալիք ոչ դասական զորահանդեսը զուտ նախընտրական միջոցառում համարելու հարցին:

Կարդացեք նաև

«Բայց եթե ամենը մեր կատարած աշխատանքի մասին է, ու եթե դա օգնում է նախընտրական որևէ պրոցեսի, մենք հրաժարվե՞նք մեր կատարած աշխատանքից։ Իհարկե՝ չենք հրաժարվելու: Ցույց ենք տալու այն չափով, ինչ չափով վերջին տարիներին աշխատանք ենք կատարել, որովհետև դա հաշվետվություն է: Ցույց ենք տալու բոլոր այն սպառազինություններն ու ռազմական տեխնիկան, որը երբևէ ցույց չենք տվել։ Վարչապետ Փաշինյանի կառավարման ընթացքում ձեռք բերված այն միջոցները, որոնք առիթ չենք ունեցել ցույց տալու հասարակությանը։ Բայց հիմնականը՝ զգալի ծավալը, վերաբերում է 2022-2025 թվականներին»,- նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Սա նշանակո՞ւմ է, որ մայիսի 28-ին ցուցադրվելու է 2022 թվականից առաջ գնված սպառազինությունը ևս, կամ արդյո՞ք, բացի հնդկական և ֆրանսիական արտադրության զինատեսակներից, ցուցադրվելու են նաև ռուսական ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերը, Պապիկյանի ղեկավարած կառույցը մեր կողմից հայցվող տեղեկությունը հրապարակման ենթակա չի համարել: Բայց չի բացառվում, որ այդ նույն տեղեկությունները, օրինակ, մինչև զորահանդեսի օրը Նիկոլ Փաշինյանի միջոցով իմանանք, ասենք՝ փորձերից համապատասխան կադր կամ տեղեկություն հրապարակի՝ ըստ քաղաքական նպատակահարմարության: Տառապանքը փորձ ունի:

Երեկ Նիկոլ Փաշինյանը սպառազինության հանդեսի փորձից կարճ դրվագ է հրապարակել, որտեղ ներկայացված են հայկական արտադրության «DEV–3» հետախուզահարվածային թռչող սարքերը, Սուրեն Պապիկյանն էլ զորահանդեսի փորձերից հանրայնացրել է ֆրանսիական արտադրության CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի կադրերը:

Նշենք, որ այս պահի դրությամբ Սուրեն Պապիկյանը և ՀՀ պաշտպանության նախարարությունը մտադրություն չունեն ապահովելու զորահանդեսի փորձերին լրագրողների մասնակցությունը: Ավելին, նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը՝ պաշտպանության նախարարի հետ չի կազմակերպվել փակ հանդիպում, երբ կան մասնագիտական բազմաթիվ հարցեր, որոնք պիտի տրվեն Սուրեն Պապիկյանին, այդ թվում՝ սպառազինությունների գնման և զորահանդեսի հետ կապված:

Ուստի բնական է, որ ռազմական հարցերի շուրջ զուտ քաղաքական և ներքաղաքական խոսակցություններ են միայն շրջանառվում, և սրա գլխավոր հեղինակն իշխանություններն են՝ Նիկոլ Փաշինյանն է: Հնարավոր է, որ նախընտրական շրջանում նրանց նեղ մասնագիտական դիտարկումներ պետք չեն, այլ միայն մերձակա փորձագետների գնահատականները և ռազմական գործից հեռու շարքային քաղաքացիների հիացական արտահայտությունները:

Ընդ որում, ցուցադրվելիք սպառազինության մեջ կան նաև լավ գնումներ, բայց միևնույն է՝ լրատվամիջոցների հետ պաշտպանական գերատեսչության աշխատանքում դա ոչինչ չի փոխում:

Եվ հաշվի առնելով, որ մայիսի 28-ի միջոցառման հերոսը ոչ թե բանակն է լինելու և անգամ՝ ոչ էլ պաշտպանության նախարարը, այլ՝ Նիկոլ Փաշինյան անձը, ապա հնարավոր է՝ սրա որոշո՞ղն է Փաշինյանը: Թե որքանով ենք այս հարցում ճիշտ կամ սխալ, պարզ կդառնա հենց մայիսի 28-ին՝ զորահանդեսին Պաշտպանության նախարարությունում հավատարմագրված լրագրողների ներկայությունն ապահովելու մակարդակից:

Հանուն արդարության դեռ կարող ենք նշել, որ ամիսներ առաջ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ լրատվամիջոցների համար պատշաճ կազմակերպվել էր տեղական արտադրության և վերջին տարիներին ձեռք բերված սպառազինության նմուշների փակ ցուցադրությունը, բայց տեսածի մասին գրելու արգելք կար:

Ավելի ուշ, սակայն, Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի՝ ՀՀ այցի շրջանակում Սուրեն Պապիկյանը որոշել էր հանրայնացնել Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները:

Մասնավորապես, գեներալ Անիլ Չաուհանին ներկայացվել են Հայաստանի կողմից ձեռք բերված հնդկական սպառազինության նմուշները, այդ թվում՝ Akash-1S զենիթահրթիռային համակարգը, Pinaka ռեակտիվ համազարկային կրակի համակարգը, MArG 155-BR/39 155 մմ/39 ինքնագնաց հաուբիցը՝ 4×4 ավտոմոբիլային շասսիի վրա, ինչպես նաև՝ Trajan 155 մմ քարշակային հաուբիցները, որ արտադրվել են հնդկական L&T ընկերության կողմից՝ KNDS France-ի լիցենզիայով և հատուկ նախատեսված  Հայաստանի համար։ Հայաստանը դարձել է այս համակարգերի առաջին արտասահմանյան շահագործողը։

Ի դեպ, սրանից անմիջապես հետո իսրայելական Globes պարբերականը «Armenia unveils suicide drone resembling IAI’s Harop» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նշվում է, թե Հայաստանը ներկայացրել է Israel Aerospace Industries (IAI) ընկերության կողմից մշակված «Harop» կամիկաձե ԱԹՍ-ի համարժեքը, ինչը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում:

Միաժամանակ, Globes-ը, հղում անելով Իսրայելի պաշտպանական արդյունաբերության պաշտոնյայի, վարկած է առաջ քաշում, որ անօդաչու թռչող սարքի արտադրության տեխնոլոգիան Հայաստան է հասել Հնդկաստանից, հատկապես, երբ վարչապետ Նարենդրա Մոդիի «Make in India» քաղաքականության համատեքստում երկիրն արտասահմանյան ընկերություններից պահանջում է արտադրական գծերը և տեխնոլոգիական փորձը փոխանցել իրենց:

Եվ քանի որ խոսքը «ԴԱՎԱՐՈ» ընկերության արտադրած Dragonfly‑3 անօդաչու-կամիկաձեի մասին էր, ընկերությունից արձագանքել էին իսրայելական պնդումներին:

Ավելի ուշ մի քանի օր տևած քննարկումներին նոր միայն միացել էր ադրբեջանական կողմը, ընդ որում, բավականին զգուշավոր: Կարճ ժամանակ անց թեման փակվեց:

Հիմա ինչ վերաբերում է Փաշինյանի իշխանության ռազմական ձեռքբերումների հարցում հաշվետվողականությանը, ինչի մասին վերջին ամիսներին անընդհատ լսում ենք: Մասնավորապես, Սուրեն Պապիկյանը նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ դարձյալ հայտարարել է, թե 2018 թվականի համեմատ՝ պաշտպանության ծախսերը 2025 թվականին 1.1 միլիարդ դոլարով ավելի են եղել, որ իրենք պաշտպանության ոլորտի ծախսերը հասցրել են 1 միլիարդ 700 միլիոն դոլարի՝ 640 միլիոն դոլարի փոխարեն:

«Միայն վերջին 3 տարիներին սպառազինության վրա 5.4 անգամ ավելի շատ է ծախսվել, քան 20 տարում՝ 1998-2018 թվականներին»,- շեշտել է նա:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, որ 8 միլիարդ դոլար արտաքին պարտքն աճել է, որովհետև զենք են գնել:

Բայց երբ գրավոր հարցումների միջոցով փորձեցինք ՀՀ պաշտպանության նախարարությունից պարզել՝ միայն սպառազինության գնման համար որքանո՞վ է ավելացել պետական պարտքը, կամ՝ 2022 թվականից հետո նոր և ժամանակակից զենքի ձեռքբերման վրա որքա՞ն գումար է ծախսվել, Սուրեն Պապիկյանը մերժեց տրամադրել հայցվող տեղեկությունները, թեպետ Փաշինյանը մի առիթով հայտարարել էր, որ ընդդիմությանը կարող են ցույց տալ նոր գնված սպառազինությունը՝ գնապիտակներով հանդերձ:

«Պարտքո՞վ ենք զենք առել՝ այո՛, պարտքով ենք զենք առել, ինչո՞ւ, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից… Չեք հավատո՞ւմ՝ իրավունք ունեք, ասում եմ՝ եկեք տանենք, ցույց տանք, կարանք գնապիտակներն էլ վրայից կպցնենք, որն ինչ արժե»,- անցած տարի աշնանն ընդդիմադիր պատգամավորներին էր դիմել Փաշինյանը:

Այսինքն, քաղաքացին իրավունք չունի իմանալ, թե սպառազինության համար որքան պարտք է վերցրել կառավարությունը, որն ինքն է փակում և փակելու: Ինչպիսի հաշվետվողականություն: Իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը մեզ հրաժարվել է նաև տրամադրել տվյալներ, թե նախքան 2018 թվականի հեղափոխությունը Հայաստանը, բացի Ռուսաստանից, ո՞ր երկրներից է զենք և ռազմական տեխնիկա ձեռք բերել, և կոնկրետ ի՞նչ, և այլն:

Հ.Գ. Հավելենք, որ ընտրություններից մի քանի օր առաջ՝ հունիսի 3–4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է RISE ցուցահանդեսը, որտեղ հիմնականում ներկայացվելու են վերջին տարիների հայրենական արտադրության սպառազինության նմուշները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031