Հաջորդ պաշտպանության նախարարն այլևս չի մասնակցի քաղաքականությանը, եթե գործընթացները ճիշտ գնան. բանակի «կարմիր գծերը» անկախությունից առ այսօր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, ինչը ենթադրում է, որ պատերազմի մեջ գտնվող պաշտպանական գերատեսչության ղեկավարը բավականին ժամանակ տրամադրելու է, ինչո՞ւ չէ՝ արդեն իսկ տրամադրում է կուսակցական կամ ներկուսակցական խնդիրների լուծմանը, որից տուժողը բանակն է և պաշտպանության ոլորտը: Այնպես չէ, որ եթե Սուրեն Պապիկյանը լիներ շարքային կուսակցական կամ ոչ կուսակցական, բանակը մեծապես շահելու էր, այն էլ՝ գործող իշխանության որդեգրած, հատկապես՝ բանակին առնչվող, քաղաքականության դեպքում:

Խնդիրն այն է, որ մենք գործ ունենք արդեն ոչ թե քաղաքականացված բանակի, այլ կուսակցականացման ճանապարհը բռնածի հետ այն աստիճան, որ ԳՇ պետ ունենալ-չունենալն այս համատեքստում է դիտարկվում, իսկ ԳՇ պետը քաղաքական պաշտոն չէ: Այո, պիտի որոշակի փոխըմբռնում լինի պաշտպանության նախարարի և ԳՇ պետի աշխատանքային հարաբերություններում, բայց ԳՇ պետ ընտրելը առաջնային կուսակցաքաղաքական տեսլականին համահունչ լինելու սկզբունքով, մեղմ ասած, անընդունելի է:

Նշենք, որ «Սիվիլնեթի» հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, թե չգիտի՝ ե՞րբ Հայաստանը կունենա ԳՇ պետ, և, որ պատճառն այն չէ, որ չկան կադրեր, արժանավոր գեներալներ:

«Դա գալիս է մեր ունեցած վերջին 4 տարվա փորձից, ինչը մեզ համար որոշակի դժվարություններ է ստեղծել: Խնդիրը նրա մեջ չէ, որ չունենք արժանավոր գեներալ: Դրանք այլ հարցեր են: Մի քիչ դժվար է բանակի և անվտանգության վերաբերյալ նմանատիպ հարցերը հրապարակային քննարկել»,- նշել է Արմեն Գրիգորյանը:

Դիտարկմանը՝ չունե՞նք այնպիսի գեներալ, բարձրաստիճան սպա, որը համահունչ լինի իշխանությունների՝ բանակի բարեփոխումների քաղաքական պատվերին, ԱԽ քարտուղարը պատասխանել է .

«Անհրաժեշտ են այդպիսի կարողություններ, կառավարման կարողություններ, բազմաթիվ խնդիրներ կան, նաև՝ անհրաժեշտություն կա համոզված լինելու, որ որպես ԳՇ պետ՝ բարեփոխումների այս փուլը երկարաժամկետ կկարողանա մեկ մարդ իրականացնել, որը նախատեսված է առնվազն մինչև 2026 թվականը, որ կարողանանք արդյունավետ աշխատել»:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ինքն էր ասել, որ Սուրեն Պապիկյանի նշանակումը ՊՆ պաշտոնում պայմանավորված է իր թիմակից լինելու հանգամանքով:

«Ես կարևոր եմ համարում, որ և՛ արտաքին գործերի նախարարի կարգավիճակում, և՛ պաշտպանության նախարարի կարգավիճակում մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են»,- ԱԺ-ում հայտարարել էր նա:

Հանուն արդարության պետք է ասել, որ այս դիսկուրսը՝ պաշտպանության նախարարը պիտի՞ լինի կուսակացական, թե՞ ոչ, շատ ավելի վաղ է սկսվել: Կարծիքները տարբեր էին:

2016-ին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ԶԼՄ-երի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ պատրաստվում է համալրել Հանրապետական կուսակցության շարքերը:

«Կարծում եմ, որ քաղաքական դաշտում այլևս անհնար պիտի լինի անկուսակցական արդյունավետ աշխատանքը: Ի վերջո, մենք մտնում ենք մի փուլ, երբ խորհրդարանական կառավարման համակարգում կուսակցությունները պիտի կրեն հիմնական պատասխանատվությունը և հիմնական դերակատարումն ունենան, հետևաբար, ինձ համար ես այդ որոշումը կայացրել եմ և դիմելու եմ ՀՀԿ՝ ինձ ընդունելու խնդրանքով»,- ասել էր Վիգեն Սարգսյանը:

Թե որքանով է ճիշտ կամ ռիսկային Պաշտպանության նախարարի կուսակցական լինելը, հարցին տարբեր տեսանկյունից կարելի է մոտենալ, բայց այն, անշուշտ, իր մեջ ռիսկեր պարունակում է, որովհետև շատ հանգիստ կոալիցիոն կառավարության դեպքում այս կամ այն ոլորտի ձախողումը կարելի է բարդել մեկ կուսակցության վրա, ոչ թե տվյալ ժամանակահատվածի քաղաքական իշխանության: Այս դեպքում հարց է առաջանում՝ գործ ունենք կուսակցակա՞ն, թե՞ պետական ծրագրի ձախողման հետ: Իսկ գուցե պետական ծրագիրը լավն է, հենց անձը, նախարա՞րն է ձախողվել: Այսինքն, պետք է ձգտել ունենալ կայուն և հստակ համակարգ, որ անձի կամ քաղաքական իշխանության փոփոխությունը ցնցումային ազդեցություն չունենա:

Բայց ՀՀ-ում ոչ պետական կառավարման համակարգ կա, ոչ էլ, մեծ հաշվով, կուսակցական:

Ի դեպ, 2018-ին, երբ Վիգեն Սարգսյանն արձագանքել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հենց այդ ժամանակ արված հայտարարությանը, շեշտելով. 

«Պաշտպանության նախարարի պաշտոնը վարձու գործ չէ, դա քաղաքական պաշտոն է: Ու, չնայած դրան, կուսակցակա՞ն է նախարարը, թե՞ ոչ, նա քաղաքական թիմի անդամ է»:

Այս տարվա ապրիլին փաստաբանի միջոցով պատասխանելով 168.am-ի հարցերին՝ Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, ասել էր․

«Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը ղեկավարելու առաջարկի ընդունումն իմ կողմից եղել է հաստատակամ որոշում, որը կայացրել եմ տասնամյակների պետական ծառայության ընթացքում ձևավորված պարտքի զգացումի թելադրանքով, ինչպես նաև` բազմաթիվ ընկերներիս և ՀՀ զինված ուժերի զարգացման համար մտահոգ գործընկերների քաջալերման արդյունքում: Այդ որոշումը կայացնելիս քաջ գիտակցել եմ, որ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի՝ հաշվի առնելով իմ հոգեկերտվածքը և անցած ճանապարհը»:

Հնարավոր է՝ չակերտների մեջ վերցված «քաղաքական թիմի» անդամ ասելով, Դավիթ Տոնոյանը նկատի է ունեցել ՔՊ կուսակցության անդամ լինելը: Ո՞վ գիտի՝ գուցե նման առաջարկ կամ ակնարկ եղել է Փաշինյանի կողմից, որը դեմ է եղել Տոնոյանի հոգեկերտվածքին, ուստի նա եղել է և իրեն զգացել է՝ որպես զուտ «անցումային» պաշտպանության նախարար:

Նախարարի և հատկապես Պաշտպանության նախարարի կուսակցական լինել- չլինելու հարցը քննարկման թեմա է եղել նաև Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի օրոք:

Դեռ 1999-ի հունվարի 29-ի ՀՀԿ 5-րդ համագումարում Վազգեն Սարգսյանը հայտարարել էր․

«Իմ անձով կանգնել եմ հասարակության, քաղաքական ուժերի և բանակի արանքում՝ ստանալով հարվածներ և՛ ներքևից, և՛ վերևից: Շատ եք ուզում, կարող եմ դուրս գալ քաղաքականությունից, բայց այդ դեպքում պետք է նկատի ունենաք նաև այս հեռանկարը: Ես դեմ եմ բանակի քաղաքականացմանը, ես դեմ եմ Թուրքիայի տարբերակին: Հաջորդ պաշտպանության նախարարն այլևս չի մասնակցի քաղաքականությանը, եթե գործընթացները ճիշտ գնան: Եթե, իհարկե, ծածկվեն տնտեսական, սոցիալական, բարոյական բոլոր դաշտերը, որոնք ուղղակի առնչվում են բանակին: Բանակն այս հասարակության բաղկացուցիչ մասն է, հայելին է, և տնտեսության, սոցիալական, քաղաքական բացթողումներն ուղղակի հարվածում են բանակին: Եվ եթե բանակն արյուն է տվել այս երկրի համար, ապա բանակը, բնականաբար, հատկապես, եթե խոսքը վերաբերում է իր ճակատագրին, պիտի մասնակից դառնա գործընթացին: Այլ հարց է՝ ամբողջ բանակո՞վ, թե՞ նախարարով: Որոշեք ինքներդ»:

Վերջին մտքի համատեքստում հավելենք, որ անդրադառնալով 1998-ի փետրվարի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին, Վազգեն Սարգսյանն ասել էր.

«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ինձ հեռացներ՝ որպես Պաշտպանության նախարար, ես հեռանալու էի, բայց այդ դեպքում պատասխանատվությունն իր վրա կմնար: Հիմա ինքը հեռացավ, պատասխանատվությունը թողել է մեզ վրա: Այստեղ պատասխանատվության խնդիր կա, ոչ թե մեկը մյուսին հեռացնելու: Ես Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ դուրս չեմ եկել, ես գաղափարն եմ պաշտպանել: Մեր հակասությունը եղել է Արցախի խնդրի շուրջ, և Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը եղած մի շարք մարդկանց շուրջ: Ես համարում եմ, որ բանակը ՀՀ կայունության և պաշտպանության հիմքն է: Ես համարում եմ, որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն: Առանց բանակի չի կարող զարգանալ տնտեսությունը և հակառակը»:

Այսինքն, անվտանգային ոչ շատ լարված իրավիճակում Վազգեն Սարգսյանը դեմ է արտահայտվել բանակի քաղաքական գործընթացներին խառնվելուն, բայց երբ խոսքը երկրի անվտանգությանն է վերաբերում և բանակի տարածքային ձեռքբերումների պաշտպանությանը, Վազգեն Սարգսյանը գտել է, որ բանակը չպետք է չեզոք դիրք գրավի:

Օրերս Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պատմել էր, թե ինչից հետո է Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվել:

«1998-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հավաքում է ռազմական կոլեգիայի անդամներին: Այդ ժամանակ ես կորպուսի հրամանատար էի, կորպուսի միակ հրամանատարը, որը ռազմական կոլեգիայի անդամ էր: Մենք 6 հոգով էինք՝ պաշտպանության նախարարի հետ միասին: Նա մեզ մեկ հարց տվեց՝ դուք համաձա՞յն եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ով համաձայն է՝ թող ձեռք բարձրացնի: 6 հոգուց ոչ ոք ձեռք չբարձրացրեց: Սրանից հետո նա երկրորդ հարցը տվեց՝ դուք համաձա՞յն եք, որ Արցախը լինի անկախ, ձեռք բարձրացրեք: Բոլորը բարձրացրեցին ձեռքերը: Այս ամենից հետո նա մեզ երկու խոսք ասաց՝ հիմա ես գիտեմ՝ ինչ անել: Եվ 2 ժամից ՀՀ նախագահը հրաժարական տվեց»,- մանրամասնել էր գեներալը:

Հիշեցնենք, որ 1998թ. հուլիսին ՀՀԿ-ն, Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) և ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խումբը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով սկիզբ դրվեց ՀՀԿ շրջանակներում քաղաքական համախմբման գործընթացին: Հաշվի առնելով գաղափարախոսության և քաղաքական դիրքորոշումների ընդհանրությունը` ԵԿՄ քաղաքական գործունեությամբ զբաղվող հատվածն ընդգրկվեց ՀՀԿ շարքերում: Կուսակցության առաջնորդ դարձավ Վազգեն Սարգսյանը: 1999թ. Հայաստանի Ժողովրդական կուսակցության հետ ստեղծվեց «Միասնություն» նախընտրական դաշինքը:

1999 թվականի հունիսի 11-ին Վազգեն Սարգսյանն արդեն դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ, դադարեց լինել պաշտպանության նախարար: Կարճ ժամանակով պաշտպանության նախարարի լիազորությունները ստանձնեց Վաղարշակ Հարությունյանը:

Հետագայում 2000-2007-ը Պաշտպանության նախարար նշանակվեց Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, նա Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցել է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչև 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահից մի քանի ամիս անց ընտրվել է ՀՀԿ նախագահ:

Այս դեպքում ևս կուսակցության առաջնորդ լինելու հանգամանքը, կարելի է ասել, պարտադրել է, թողնել պաշտպանության գերատեսչության ղեկավարի պաշտոնը:

Մյուս կողմից, եթե նախկինում երբևէ պաշտպանության նախարարներն ինչ-որ պահի դարձել են կուսակցական, գրված ու չգրված օրենքներով հստակ տարանջատվել են ԳՇ պետի և ՊՆ-ի գործառույթները, որևէ մեկի մտքով չի անցել կուսակցական կամ քաղաքական սեփական շահերի պրիզմայով դիտել ու նշանակել ԳՇ պետ, կամ չնշանակել, ինչն անում է այսօրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Անգամ փորձ է արվում փոխել բանակի կառավարման մոդելը և ԳՇ պետի պաշտոնը ներառել նախարարության կազմում՝ որպես ՊՆ առաջին տեղակալ: Սակայն դեռևս հստակ չէ, թե Պաշտպանության նախարարի պաշտոնը զինվորակա՞ն է լինելու, թե՞ ոչ: Կարելի՞ է ենթադրել՝ եթե ծրագիրն իրականացվի, ԳՇ-ն պարզապես ձուլվի ոչ զինվորական նախարար ունեցող Պաշտպանության նախարարությանը:

Տեսանյութեր

Լրահոս