«Եթե երկրի ղեկավարն իր սուրբ հողից հրաժարվում է, էլ ի՞նչ ղեկավար. մեր հողերի հաշվի՞ն է ուզում խաղաղություն հաստատել». Արգամ Հովսեփյան

Հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ մեկնեց Սյունիքի մարզ։ Սահմանամերձ Կոռնիձոր գյուղում Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ Արցախի թեմային՝ ասելով, թե շատ է ուզում խոսել Կոռնիձոր-խաղաղություն հարաբերությունների մասին։

«Մենք շատ դժվար որոշում ենք կայացրել և այդ որոշման էությունը եղել է հետևյալը, որ մենք՝ որպես պետություն ու ժողովուրդ, դադարեցնենք Ղարաբաղի շարժումը, որովհետև նախորդող շրջանի վերլուծությունը մեզ ցույց է տվել, որ նախորդող շրջանի Ղարաբաղի շարժման հետ կապված գործոններն օգտագործվել են մեր երկրի առաջընթացը կասեցնելու համար։

Մեզ մեղադրում են տարածքներ կորցնելու մեջ, ուզում եմ հստակ ասենք՝ մենք տարածքներ չենք կորցրել, որովհետև այն տարածքները, որոնք մեր իրականության մեջ հավատացրել են, որ դրանք մեզ են պատկանում, այդ տարածքները ոչ միայն մեզ չեն պատկանել, այլև օգտագործվել են նրա համար, որ իրականում մեզ պատկանող տարածքների նկատմամբ մեր իրավունքը թուլանա։ Մեր պետությունն իր ստեղծման իսկ օրվանից գտնվել է թակարդում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Արավուսի նախկին ղեկավար, Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանից հետաքրքրվեցինք, թե Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն ինչպե՞ս են ընդունել Սյունիքում, արդյո՞ք բնակիչները Սյունիքի օկուպացված տարածքների հարցը բարձրացրել են։

Կարդացեք նաև

«Երբ երկրիդ ղեկավարը կանգնում ու ասում է՝ «Ղարաբաղը երբեք մերը չի եղել», ու  հավաքվածները ծափահարում եմ, ես այդ ծափահարողներին սյունեցի չեմ համարում։ Եթե երկրի ղեկավարն իր հողից, այն էլ՝ սուրբ հողից հրաժարվում է, էլ ի՞նչ ղեկավար, ես նման մարդու չեմ կարող ընդունել՝ որպես երկրի ղեկավար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արգամ Հովսեփյանը։

Նա նաև շեշտեց՝ իհարկե, սյունեցիները Սյունիքի օկուպացված տարածքների մասին հարց բարձրացրել են, նորմալ սյունեցուն այդ խնդիրը չի կարող չմտահոգել։

«Իհարկե, բոլոր խնդիրները բարձրացրել են, այնպես չէ, որ իր կողմնակիցները մոտենում խոսում են, իսկ իսկական սյունեցին, որ մտահոգված է, սակայն նրան թույլ չեն տալիս մոտենալ, չի նշանակում, որ խնդիրների մասին չեն խոսում, բայց դե պատասխանները, ինչպես միշտ, հիասթափեցնող էին»,- շեշտեց Արգամ Հովսեփյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, որ՝ «Սյունիքը խաղաղության մարզն է, չպետք է Սյունիքի անվան կողքին մելամաղձության նոտա դրվի», մեր զրուցակիցը նկատեց՝ ո՞վ է նման խաղաղություն տեսել։

«Մեր հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտերում, ապօրինի դատապարտվել են, մեր սուվերեն տարածքների մի մասը գտնվում է թշնամու օկուպացիայի տակ, հիմա ի՞նչ խաղաղության մասին են խոսում, ո՞րն է այդ խաղաղությունը։ Եթե սա է խաղաղությունը, ուրեմն՝ ես ոչինչ չեմ հասկանում։ Իմ հայը, հայրենակիցը, եղբայրը Բաքվի բանտում ապօրինի ցմահ դատապարտված է, ես նման խաղաղություն չեմ ուզում։ Թե՞ մեր հողերի հաշվին է ուզում խաղաղություն հաստատել։

Ինքս՝ որպես այս երկրի քաղաքացի, խիստ հիասթափված եմ այս ամենից, ակնկալում եմ, որ առաջիկա ընտրություններին մեր Սյունիքն ակտիվ մասնակցություն կունենա, որպեսզի այդ երկրում բան փոխվի»,- ընդգծեց Արգամ Հովսեփյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031