«Հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ». ինչու Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ԳՇ պետ չնշանակեց 2018-ին
3 տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի հունիսի 8-ին, այդ ժամանակ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ:
Ընդ որում, այդ պաշտոնում Օնիկ Գասպարյանը փոխարինեց Արտակ Դավթյանին, որ ԶՈՒ ԳՇ պետ էր նշանակվել 2018-ի մայիսին:
Իսկ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատել էին՝ երկրում հայտարարված կորոնավիրուսի համաճարակի ժամանակ որդու հարսանիքը կազմակերպելու անհեթեթ պատրվակով, թեպետ ինքը՝ Դավթյանը, ավելի ուշ հերքում էր՝ չմանրամասնելով իր պաշտոնանկության պատճառը:
2020 թվականի հունիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում բարձրագույն սպայակազմին Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին ներկայացնելիս, մասնավորապես, ասել էր, որ Օնիկ Գասպարյանը ԶՈՒ-ում նոր մարդ չէ, անցել է զինվորական ծառայության առաջխաղացման բոլոր աստիճաններով, բավական երկար ժամանակ զբաղեցրել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը: Այնուհետև հույս էր հայտնել, որ գեներալ Գասպարյանը կապահովի սկսված փոփոխությունների ժառանգականությունը և ավելի կբարելավի իրենց օրակարգը, քանի որ Արտակ Դավթյանի օրոք Զինված ուժերում ձևավորվել է շատ մեծ օրակարգ, որը դեռ պետք է իրագործվեր:
Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, ինչ-որ տեղ նաև՝ զգուշացրել, որ «Հայաստանի ներքին մարտահրավերները երբեք այնքան ընդգծված և այնքան ուժեղ չեն լինելու, որքան արտաքին մարտահրավերները»: Իսկ մինչ այդ նա արձանագրել էր, որ «զինվորականությունը՝ որպես խավ, կայացել է Հայաստանի Հանրապետությունում», և, որ այն հիշեցնում է մի մեծ ընտանիք: Այն, ինչ հետո Փաշինյանն աստիճանաբար փորձեց կազմաքանդել:
2020 թվականի հունիսի 10-ին էլ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր որոշել Զինված ուժերի և ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմին ներկայացնել ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին:
Տոնոյանը կարևորելով Օնիկ Գասպարյանի զինվորական կենսագրությունը, հրամանատարական բոլոր օղակներում նրա ծառայությունը՝ վստահություն էր հայտնել, որ այսուհետև ևս վաստակաշատ գեներալը ջանք ու եռանդ չի խնայի ներդնելու իր գիտելիքներն ու ողջ մասնագիտական ներուժը զինված ուժերի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով լուծելու համար: Իսկ Օնիկ Գասպարյանն էլ խոստացել էր, որ իր ղեկավարած կառույցի հիմքում դրվելու է թիմային աշխատանքի գաղափարը, ինչն էլ հանգեցնելու է առավել ցանկալի արդյունքի։
168.am-ը մեկ անգամ չէ ակնարկել, որ 2020 թ. հունիսի 8-ին Օնիկ Գասպարյանի նշանակումը ԳՇ պետի պաշտոնում և Արտակ Դավթյանի պաշտոնանկությունն անհեթեթ պատրվակով պատահականություն չէր:
Դեռ 2018-ի մայիսի 24-ին, անգամ դրանից առաջ մամուլը գրել էր, որ ԳՇ պետ է նշանակվելու Օնիկ Գասպարյանը, ընդ որում, այս մասին առաջին գրողներից մեկը հենց Փաշինյանի ընտանեկան թերթն էր՝ «Հայկական ժամանակը»: Համապատասխան հոդվածը գրվել էր 2018-ի մայիսի 24-ին՝ ժամը 13:30: Սակայն, ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փաշինյանը որոշել է այդ պաշտոնը վստահել Արտակ Դավթյանին: Տեղեկությունը հանրությանը հայտնել էր Փաշինյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ, 2018 թ. մայիսի 24-ին՝ ժամը 21:40-ին:
Մեկ օր անց՝ մայիսի 25-ին, «Ազատության» հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը Դավթյանի նշանակումը բացատրել էր նրա նվիրված ծառայությամբ: Բայց պարզվում է, որ դա միակ գործոնը չէր Փաշինյանի կադրային նշանակում կատարելու համար:
«Զինված ուժերում բազմաթիվ սպաներ կան, ովքեր կարող էին այդ պաշտոնը զբաղեցնել, այդ թվում՝ նաև Զինված ուժերի գլխավոր շտաբում, բայց այդ պաշտոնը կարող է զբաղեցնել մեկ անձ, և իմ ընտրությունը կանգ է առել Արտակ Դավթյանի վրա՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ: Եվ այդ գործոններից ամենևին էլ երկրորդական չէ Արտակ Դավթյանի նվիրված, հետևողական և ազնիվ ծառայությունը»,- ասել էր նա:
Իսկ գեներալ Գասպարյանին 2018-ի հունիսի 18-ին վերանշանակեցին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:
Հիշեցնենք, որ նա ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի հուլիսի 7-ին, իսկ 2017-ի հունիսի 15-ին՝ առաջին տեղակալի:
Ի դեպ, մինչև 2020 թվականի հունիսի 8-ի նշանակումը մամուլը ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանին Փաշինյանի իշխանության օրոք նշանակելու մասին գրել էր նաև 2019-ին:
Իսկ առհասարակ, նման տեղեկությունները սկսել էին շրջանառվել դեռ նախկին իշխանությունների օրոք՝ 2017-ին, թե Մովսես Հակոբյանին ԳՇ պետի պաշտոնում փոխարինելու է Օնիկ Գասպարյանը, թերևս, հաշվի առնելով նաև փաստը, որ Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում Օնիկ Գասպարյանը մասնակցել է բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագրի մշակման աշխատանքներին:
Որոնք կարող էին լինել Փաշինյանի կադրային քաղաքականության փոփոխությունների, մասնավորապես՝ ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանին ավելի վաղ չնշանակելու պատճառները: Շատերին էր հայտնի ու մամուլն էլ, մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթը ԳՇ պետի պաշտոնում նշանակվելուց 2 օր հետո հրապարակել էր Մարտի մեկի գործով Օնիկ Գասպարյանի ցուցմունքն ամբողջությամբ:
«Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, կոնկրետ ժամը չեմ հիշում, ինձ ինչ-որ մեկը, որին չեմ հիշում, մոտեցավ և հայտնեց, որ գեներալ Յու. Խաչատուրովը սպասում է ինձ: Ես շտապ գնացի նրա աշխատասենյակ, որտեղ բազում սպաներ էին առկա, սակայն չեմ հիշում, թե ովքեր էին, և նա ինձ ներկայացրեց մի փոխգնդապետ կամ գնդապետ ճանապարհային մի ոստիկանի, որի անունն անգամ չեմ հիշում, և հայտնեց, որ գնանք իր հետևից և կանգնենք ներքին զորքերի հետևում: Դրանից ավել նա ինձ որևէ բան չասեց, և երբ ուզում էի հեռանալ, նա ինձ ասաց, որ փոխանցում է վարչապետի խոսքերն այն մասին, որ չմոռանանք՝ մեր դիմաց կանգնած են մեր քույրերն ու եղբայրները»,- նշված է Օնիկ Գասպարյանի ցուցմունքում: Ըստ «Ժողովուրդ» թերթի՝ Գասպարյանը 2008-ի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
Հավելենք, որ 2020 թվականի հունիսի 8-ին 168.am-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ ասել էր.
«Նա շատ բովանդակային, սպային վայել ու ճշմարտացի ցումունք է տվել, այդ թվում՝ հստակ ներկայացրել է՝ Զինված ուժերի կիրառման հիմքերը որոնք են եղել, որոնց հիմքով հանձնարարված է եղել հատուկ օբյեկտների պաշտպանությունը, այդ թվում՝ նշված է եղել մտահոգությունը, որ քաղաքական գործընթացների քողի տակ կարող են սադրանքներ լինել, ու, ըստ իր գնահատականի՝ Զինված ուժերի շնորհիվ այդ սադրանքներն ի կատար չեն ածվել: Օնիկ Գասպարյանը տվել է իրականությանը համապատասխանող ցուցմունք, որի բովանդակությունը նրա մասին է, ինչի մասին մենք խոսում ենք արդեն երկու տարի, նշում ենք Զինված ուժերի կիրառման օրինաչափությունը, դրա համար հիմք հանդիսացած հանգամանքները, զանգվածային անկարգությունները, դրանցով առաջացող ռիսկերը, պետական հեղաշրջման տեսական կամ ոչ տեսական հնարավորությունն ու Զինված ուժերի կողմից քաղաքացիներին չվնասելու փաստը»:
Իսկ Օնիկ Գասպարյանի ԳՇ պետ պաշտոնում նշանակվելուց մոտ մեկ ամիս հետո սկսվեցին հուլիսյան մարտերը, մի քանի ամիս անց էլ՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը:
Պատերազմից, հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո, 2020 թվականի նոյեմբերի 17-ին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ուղերձ էր հրապարակել, որում հայտարարել էր, որ պատերազմի 4-րդ օրն ԱԽ նիստում առաջարկել է կանգնեցնել պատերազմը: Ավելին, նա նշել էր, որ դեռ հունիսին է զգուշացրել, որ մեր հակառակորդն այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան:
«Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև Անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:
Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ:
Մասնավորապես նշել եմ, որ.
1. Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:
2. Տրված առաջարկն Անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց` «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը: Քննարկվել և հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր և´ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, և´ մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը:
3. Այդ ժամանակ բարձրացվեց նաև հարյուր հազար կազմ ունեցող աշխարհազորային միավորումների կազմավորման հարցը:
Ինչևէ, պատերազմից մենք չկարողացանք խուսափել, և սեպտեմբերի 27-ին թշնամին բազմակի անգամ գերազանցող ուժերով անցավ լայնածավալ հարձակման` Արցախի ողջ ճակատով: Պաշտպանության բանակը հաջողությամբ հետ էր մղում նրա բոլոր գրոհները` հասցնելով մեծ կորուստներ, ոչնչացնելով մեծաքանակ կենդանի ուժ և զինտեխնիկա: Ցավոք, նաև մեր զորքերն էին կրում ծանր կորուստներ:
Պատերազմի չորրորդ օրը` Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:
Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում»,- նշել էր գեներալ Գասպարյանը:
Սակայն սրանից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում էր վստահել Օնիկ Գասպարյանին: Համենայն դեպս, 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում նա Օնիկ Գասպարյանին «վերաբերվել է 100 տոկոս վստահությամբ»: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին առաջին անգամ հանդիպել է 2017 թվականին:
Բայց ամեն ինչ փոխվեց, առնվազն հրապարակավ, երբ 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջեցին Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Եվ սրանից որոշ ժամանակ անց էլ միայն Փաշինյանը սկսեց հայտարարել, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկ չի արել, թեպետ մինչ այդ այս փաստը չէր հերքել:
Իսկ 2021 թվականի մարտի 22-ին, իրավունքի ուժով Արտակ Դավթյանը վերադարձավ ԳՇ պետի պաշտոնին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին:
Փաստորեն ստացվում է, որ Արտակ Դավթյանը տարօրինակ պատրվակով հեռանում է պատերազմից առաջ և վերադառնում՝ պատերազմից հետո: Պատերազմի շեմին գտնվող երկրի Գլխավոր շտաբի պետին նման զավեշտալի պատրվակով (համաճարակի օրերին որդու հարսանիք) չեն ազատում պաշտոնից: Իսկ եթե նրա ռազմական ունակությունները չէին համապատասխանում այդ պաշտոնի համար, ապա ինչո՞ւ էր նրան Նիկոլ Փաշինյանը կրկին վերադարձնում նույն պաշտոնին: Սա, իհարկե, ուսումնասիրության լուրջ թեմա է:
Թե ինչու Օնիկ Գասպարյանը որոշեց ինքը հեռանալ և ոչ թե հեռացնել Նիկոլ Փաշինյանին, արդյո՞ք արտաքին գործոններ կային, 168.am-ն արդեն անդրադարձել է:
Իսկ գեներալ-գնդապետի ազատման որոշման մեջ չկա այն պատճառը, որում Փաշինյանը մեղադրում էր նրան՝ ռազմական հեղաշրջման փորձի համար:
2022 թվականի փետրվարի 24-ին Արտակ Դավթյանը ևս պաշտոնանկ արվեց: Հետաքրքիր է, այս անգամ պաշտոնանկության համար բազմաթիվ գործոններից որ մեկն է նշանակություն ունեցել: Եվ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության համար որ գործոններն են առաջնային, ոչ երկրորդական և որոշիչ լինում: