
Հայաստանի կառավարությունը պետք է հստակ հայտարարի, որ բոլոր կոմունիկացիաները, ներառյալ՝ TRIPP-ը, պետք է բացվեն ՄԻԱԺԱՄԱՆԱԿ, այլապես Հայաստանը ոչինչ չի՛ ստանալու. Բենիամին Պողոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Գրեթե ողջ աշխարհում կա ռազմական բյուջեների աճ։ ԱՄՆ-ը, Եվրոպան, եվրոպական գրեթե բոլոր երկրները, Ռուսաստանն ավելացնում են իրենց ռազմական ծախսերը։ Հայաստանում պաշտպանական բյուջեի նվազեցման հիմքում ներքին խնդիրներ են… Բոլորս ենք հասկանում, որ 2026թ․ խորհրդարանական ընտրություններում «արդեն բերված» խաղաղությունը լինելու է իշխանության՝ ձայներ բերելու գլխավոր կոմպոնենտը։ Դրա համար կասեն՝ արդեն խաղաղություն է, էլ ինչների՞ս է պետք՝ ռազմական բյուջեն ավելացնենք, կրճատված գումարները կուղղենք այլ կարիքներ հոգալուն։
Հիշեցնենք, 2026թ.-ին Ադրբեջանն իր պետական բյուջեի 21 տոկոսը կծախսի բանակի վրա. Ադրբեջանի կառավարությունը հրապարակել է 2026թ. պետական բյուջեի նախագիծը, որի համաձայն՝ գալիք տարի երկրի ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը կազմելու է 5 միլիարդ 120 միլիոն ամերիկյան դոլար։ «Ընթացիկ տարվա համեմատ Զինված ուժերին և ազգային անվտանգությանը հատկացվող միջոցները կաճեն մոտ 90 միլիոն դոլարով կամ 2 տոկոսով»,- հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Իսկ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ԱԺ-ում հայտարարել էր, որ 2026 թվականին պաշտպանական ծախսերի նվազում է նախատեսվում. կրճատվելու է ռազմական ծախսերի բյուջեն:
- Ադրբեջանն ո՞ւմ դեմ է զինվում: Ադրբեջանը, պարզ է, չի զինվում Ռուսաստանի դեմ։ Ադրբեջանում միշտ նշում են, որ վստահ չեն, որ Հայաստանում առկա ներկայիս պետական դիրքորոշումը կշարունակվի երկար ժամանակ։ 2026թ.-ի ընտրություններից հետո մենք կարող ենք ունենալ իշխանություն, որը համաձայն չէ այսօրվա քաղաքականության հետ, կարող է առաջ քաշել արցախահայերի՝ Արցախ վերադարձի, Հայաստանի տարածքների դեօկուպացիայի և այլ հարցեր։ Ադրբեջանը մտածում է, որ հանկարծ ուժերի բալանսը չխախտվի, ու Հայաստանն իր հետ չխոսի սպառնալիքի լեզվով։ Հետևաբար՝ ինքը միշտ պետք է լինի Հայաստանից էականորեն ուժեղ։
- Ինչո՞ւ ՀՀ գործող իշխանություններն Ադրբեջանի առջև պահանջ չեն դնում դուրս բերել ադրբեջանական զորքը ՀՀ ինքնիշխան տարածքներից:
Երբ 2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց, միջազգային հանրությունը չարձագանքեց, քանի որ համարում էին, որ Ադրբեջանը վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը։ Կարող եմ ենթադրել, որ Հայաստանի կառավարության տեսակետից, եթե Ադրբեջանը հարձակվի, այս տրամաբանությունը չի կարող գործել։ Միջազգայնորեն ճանաչված երկրի տարածք օկուպացնելը շատ ավելի խնդրահարույց է, քան ոչ ճանաչված երկրի տարածք։ Սա են մտածում այստեղ։ Թե ինչքանո՞վ է սա իրատեսական, կտեսնենք։ Ցավոք, իրականության մեջ ամեն ինչ այդպես չէ։ Վառ օրինակ է Սիրիայի օրինակը։ Սիրիայի օկուպացիան շարունակվում է և դեռ կարող է շարունակվել առաջիկա 50 տարիների ընթացքում։ Այնպես որ, չեմ կարծում, որ դա որոշիչ գործոն է։ Արդեն չկա միաբևեռ աշխարհ, որ միայն ԱՄՆ-ի հետ լեզու գտնես, Մեծ քեռին էլ պաշտպանի քեզ…
Հիշեցնենք, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր.
«Օտարերկրյա տարածքում գտնվող զորքն ագրեսիա է։ Զորքի շարունակական պահպանումը ոչ տվյալ երկրին պատկանող տարածքում շարունակական ագրեսիա է։ Ագրեսիայից պետք է պաշտպանվել։ Ագրեսիայի հետ չի կարելի խաղաղ գոյակցել։ Մեզ մոտ ագրեսիան ներկայացվում է՝ որպես խաղաղության հետ ներդաշնակեցված պրոցես։ Խաղաղությունն առանց ճշմարտության ու արդարության չի կարող ձեռք բերվել»։
- Միջազգային իրավունքը հիմա շատ վատ վիճակում է։ ԱՄՆ-ը ինքն է քանդում դրա հիմքերը։ Օրինակ՝ քրեական վարույթ են հարուցել Միջազգային քրեական դատարանի այն դատավորների վերաբերյալ, ովքեր Նեթանյահուին ճանաչել են պատերազմական հանցագործ։
- Ես վստահ եմ, որ մեր Սահմանադրության մեջ 100 փոփոխություններ կներկայացվեն իշխանությունների կողմից, և եթե դրանց մեջ լինի Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հանելը, ապա պարզ է, որ դա լինելու է Ադրբեջանի պահանջով։ 2018թ.-ից առ այսօր Սահմանադրությունը փոխելու նախաձեռնություններ են եղել, բայց երբեք Անկախության հռչակագրի մասին խոսք չի եղել։ Այդ մասին խոսվել է Ալիևի կողմից ՀՀ Սահմանադրությունից Հռչակագրի հղումը հանելու մասին պահանջները ներկայացնելուց հետո: Սպասենք ՀՀ իշխանությունների կողմից Սահմանադրության նոր տեքստի հրապարակմանը։
- Իմ գնահատմամբ՝ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելն Ադրբեջանի համար ոչ թե նախապայման է, այլ պատրվակ՝ «Խաղաղության պայմանագիրը» չստորագրելու համար։ Ավելին, ես վստահ եմ, որ եթե անգամ մենք ընդունենք Սահմանադրություն, որում չի լինի Անկախության հռչակագիրը, Ադրբեջանը նոր պատրվակ կգտնի այդ պայմանագիրը չստորագրելու համար։
- Եթե Ալիևի պահանջով Անկախության հռչակագիրը հանվում է, դու էլ հայտարարում ես Չորրորդ Հանրապետության մասին, ապա, այո, տրամաբանական շարունակություն է ստացվում, որ պետոթյունը լուծարվում է Ադրբեջանի պահանջով։
- Ադրբեջանցիների տրամաբանությամբ՝ եթե Հայաստանը 26 տարի 11.500 ք/կմ տարածք է օկուպացրել, ու այստեղ բոլորն ուրախ ու երջանիկ են եղել, ուրեմն իրենք էլ կարող են 26 տարի օկուպացնել Հայաստանի 200 ք/կմ տարածք (ըստ պաշտոնական տվյալների.- հեղ.)։ Այսինքն՝ ադրբեջանցիներն ասում են՝ հարգելիներս, եթե դուք կարծում եք, որ մենք առանց ռազմական ուժի կիրառման կամ դրա ռեալ սպառնալիքի դուրս ենք գալու ձեր տարածքներից, սխալվում եք։ Որովհետև այդ տարածքների դելիմիտացիան տասնամյակներով կարող է շարունակվել, ինչը նշանակում է՝ տասնամյակներով այդ տարածքները մնալու են ադրբեջանական օկուպացիայի ներքո։
Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, Ադրբեջանը Հայաստանից օկուպացրել է 1200-1400 քառակուսի կիլոմետր տարածք։
- Այո՛, Իրանն ունի մտահոգություններ՝ կապված հայ-իրանական սահմանում ամերիկյան ներկայության հետ։
- Վաշինգտոնյան հռչակագրից ով` ինչ է շահել։ Հայաստանը շահել է այն, որ որոշակի հեռանկարում, երևի թե մինչև 2028 թվականի վերջ՝ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտը, լայնածավալ պատերազմի հնարավորությունը նվազել է, ԱՄՆ-ը ստացել է ռեալ հնարավորություն՝ հայտնվելու Իրանի հետ սահմանին։ Ի՞նչ ստացավ Ադրբեջանը. Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացվեցին ռազմավարական գործընկերության մակարդակի, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, համագործակցության հուշագիր ստորագրեց ամերիկյան Exxon Mobile նավթագազային ընկերության հետ:
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանը հասավ ԱՄՆ-ի կողմից 907-րդ բանաձևի կասեցմանը, ինչը թույլ է տալիս Վաշինգտոնին ուղիղ ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Բաքվին:
- Նկատենք, որ վաշինգտոնյան Հռչակագիրը պայմանագիր չէ, իսկ Խաղաղության պայմանագիրն էլ ընդամենը նախաստորագրված է։ Եթե մարդիկ խաղաղություն ասելով՝ հասկանում են, որ խաղաղ կլինի 3 տարի, ես դրա հետ համաձայն եմ, բայց եթե մտածում են, որ, ասենք, մինչև 2050թ․խաղաղ է լինելու, դա այդպես չէ։ Ավելին, դրանք ինստիտուցիոնալ երաշխիքներ չեն, այլ կախված կլինեն նախագահ Թրամփին չվիրավորելու և չզայրացնելու գործոնի հետ։ Այսինքն՝ քանի դեռ Թրամփը Սպիտակ տանն է, Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը քիչ հավանական է։ Թե ի՞նչ կլինի 2029թ․ հունվարի 20-ից հետո, ոչ ոք չի կարող ասել։ Շատ բան կախված է նրանից՝ ինչ կլինի առաջիկա 3 տարիների ընթացքում։
- Եթե մենք Ադրբեջանին ասենք՝ դու էլ քո Սահմանադրությունը փոխիր, նա կասի՝ չեմ փոխում, չեմ էլ ստորագրում Խաղաղության պայմանագիրը։ Կասի՝ ես ամեն ինչ ստացել եմ, մնացել է միայն «անխոչընդոտ կապը» ստանամ Նախիջևանի և Թուրքիայի հետ, դա էլ կտաք, կստանամ։
- Հայաստանի կառավարությունը պետք է հստակ հայտարարի, որ բոլոր կոմունիկացիաների բացումը, ներառյալ՝ Թրամփի երթուղին՝ TRIPP-ը, պետք է բացվեն միաժամանակ։ Այսինքն՝ բեռներով իրանական առաջին գնացքը Իրանից Նախիջևանի տարածքով Երևան հասնելու է նույն օրը, ինչ Երևանից՝ առաջին գնացքը՝ Գյումրիով կգնա Կարս, այնտեղից էլ այլ տեղ, օրինակ՝ Ստոմբուլով Եվրոպա։ Հակառակ պարագայում կունենանք մի կապ, որից Հայաստանը ոչ մի բան չի ստանալու, Հայաստանը մեկուսացվելու է: Թրամփի գնալուց հետո էլ մեծանալու է ռազմական էսկալացիայի վտանգը։
Հիշեցնենք, 168.am-ի հետ զրույցում «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը հանգամանորեն ներկայացրել էր.
«Մեր դեպքում այս համաձայնագրում, ըստ տեքստի, առաջնայնությունը տրված է ոչ թե Զանգեզուրի միջանցքի բացմանը, այլ առհասարակ կոմունիկացիաների բացմանը։ Եթե խոսքը զուտ Միջանցքի բացմանն է վերաբերում, այդտեղ որևէ օգուտ չկա Հայաստանի համար, բայց եթե առհասարակ բոլոր կոմունիկացիաների բացման մասին է խոսքը, ապա դա լրիվ այլ պատմություն է։ Ճանապարհները պետք է բացվեն, բայց ոչ միակողմանի»,- ասել էր նա:
- Նեթանյահուի համար անընդհատ պետք է էսկալացիա ու պատերազմ, որ ինքը մնա իշխանության։ Հակառակ դեպքում կմնա առանց իշխանության ու կհայտնվի բանտում։
- Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումն Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական պատերազմի առկախումն էր, որը շատ հնարավոր էր COP 29-ից հետո։
- Իրան-Իսրայել նոր պատերազմի վտանգը շատ բարձր է։ Դրա համար է Իրանն ինտենսիվ զինվում։ Դա կարող է տեղի ունենալ մինչև 2025թ․ ավարտ, ու դա Հայաստանի համար հաստատ դրական զարգացում չէ։
- Ցանկացած բանական մարդ կհասկանա, որ Սյունիքով Ադրբեջանի կապը Թուրքիայի հետ հսկայական նշանակություն ունի Թուրքիայի ու այս տարածաշրջանում նրա ներկայության համար։ Իսկ եթե դրանով խնդիրներ ստեղծվեն Չինաստանի համար, օրինակ, դա ավելի լուրջ խնդիր կստեղծի մեզ համար։
Մանրամասները՝ տեսանյութում։