Սա պատերազմի պատճառ է… Կովկասը ոտքի են հանում Ռուսաստանի դեմ. Վարդան Հակոբյան
Եվրամիությունը կառավարող լիբերալ-գլոբալիստները Հայաստանն ու Հարավային Կովկասը փորձում են դարձնել պլատֆորմ՝ Ռուսաստանին հարված հասցնելու համար, և Կովկասը Ռուսաստանի դեմ ոտքի հանելը պատերազմի պատճառ է՝ «կազուս բելլի»։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հետ հարցազրույցում այսպիսի համոզմունք հայտնեց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, դիվանագետ Վարդան Հակոբյանը՝ խոսելով Երևանում անցկացված եվրոպական գագաթնաժողովների և այս միջոցառումների ընթացքում հնչած հայտարարությունների մասին։

«Մակրոնը հայտարարում է, թե Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, բայց իր իսկ հայտարարությամբ այն դարձնում է կռվադաշտ։
Եթե անցնենք արդեն աշխարհաքաղաքական ու քաղաքական հարցերին, մենք տեսնում ենք, որ այս հայտարարություններով և այս քայլերով Հայաստանը դառնում է որոշակի պլատֆորմ… Հաճախ ենք այստեղ ասել, որ դե, Հայաստանն Ուկրաինա չէ՝ 50 մլն բնակչությամբ, նույնիսկ Ադրբեջան չէ, որը մոտավորապես 10 մլն բնակչություն ունի։
Բայց Հայաստանն ավելի շատ ոչ թե հետևակային, այլ օժանդակ դեր պետք է խաղա և հիմնականում պետք է լինի պլատֆորմ այդ ամբողջ նոր հակառուսական հարվածը պատրաստելու համար։ Բոլոր դեպքերում սա է ասում այս մարդը և դա ասելով՝ խփում է բոլոր պետությունների շահերին։ Ինչ-որ մեկը կարող է ասել՝ եվրոպացիներն էլ իրենց շահերն ունեն։ Այո՛, իրենց շահերի համար Հայաստանը դարձնում են բազմաթիվ պետությունների ուժային կենտրոնների հակադրման դաշտ։ Նրանք իրենց շահն են հետապնդում։
Այսօր էլ այդ շահի հետապնդումը դառնում է հակադրությունների, հակասությունների բախման կենտրոն, որովհետև կարող է անցնել ռազմական փուլի՝ ինչպես Ուկրաինայում անցավ, այսինքն՝ եթե դու Հարավային Կովկասը ոտքի ես հանում Ռուսաստանի դեմ, իսկ հետո՝ նաև Հյուսիսային Կովկասը, հետագայում էլ անցնում ես Միջին Ասիա, սա պատերազմի պատճառ է՝ «կազուս բելլի», և ռուսներն այս անգամ գուցե 8 տարի չհամբերեն»,- կարծում է Վարդան Հակոբյանը։
Երևանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վիճահարույց հայտարարությունների առիթով խոսելով՝ ինչպես հայ-ֆրանսիական, այնպես էլ՝ Հայաստան-Եվրամիություն կամ Հայաստան-Եվրոպա կապերի մասին՝ դիվանագետն ընդգծում է, որ նախ և առաջ՝ պետք է տարանջատել հարցի աշխարհաքաղաքական և քաղաքակրթական կողմերը։ Վարդան Հակոբյանը գարշահոտություն է առնում Մակրոնի և այլ լիբերալ-գլոբալիստների նմանատիպ արտահայտություններից, թե մինչև 2018 թվականը Հայաստանը «Ռուսաստանի արբանյակն էր», ու նրա արտահայտած «գարշահոտ կիսաճշմարտություններից» և շեշտում է, որ Հայաստանը պատմականորեն՝ արդեն ավելի քան 2000 տարի, կապված է եղել եվրոպական երկրների, եվրոպական քաղաքակրթության ու մշակույթի հետ։ Դիվանագետի խոսքով՝ ոչ ոք չի ուզում ժխտել դա և հայ ազգին դուրս դնել Եվրոպայի հետ կապերից, սակայն այլ պատմություն է Եվրամիությունն՝ իր ներկայիս քաղաքականությամբ, և այն կառավարող, այսպես կոչված՝ եվրոբյուրոկրատիան։

«Ճիշտ է, մենք նաև կապված ենք եղել Իրանի հետ, բայց այն ժամանակվա Իրանի հետ, սակայն գերակշռողը մեր պատմության, մեր ինքնագիտակցության, ազգային մենթալիտետի մեջ հենց եվրոպականն է, և ոչ միայն, ասենք՝ եվրոպական ազդեցություններ, այլև ժամանակ կար, որ մենք ենք ազդել Եվրոպայի վրա, ավելի կոնկրետ՝ Կիլիկիայից հետո մեր մշակույթի ազդեցությունը շատ զգալի է եղել։ Ես այս ամենն ասում եմ զուտ այն պատճառով, որովհետև այս ԵՄ-ի կողմնակիցներն ուզում են ներկայացնել, թե իբր մենք կամ ընդդիմությունը, ինչպես նաև առանձին մարդիկ դեմ ենք եվրոպացիների հետ կապերին կամ ժխտում ենք այդ կապերը։
Այդպիսի բան գոյություն չունի։ Հիմա այստեղից գանք՝ այդ կապը, որ մենք ունեցել ենք, ասենք, Հին Հռոմից, Հին Հունաստանից. հելլենիստական մշակույթի հետքերը մինչև հիմա կան, այդպես չէ՞։ Էլ չեմ ասում ամենահզոր կապը Բյուզանդիայի հետ։ Ե՛վ Հայաստանը, և՛ այն ժամանակվա Եվրոպան, և՛ Ռուսաստանը մտնում էինք այդ բյուզանդական մշակութային դաշտի մեջ, մինչև որ օսմանները եկան, գրավեցին Կոստանդնուպոլիսը, կործանեցին Բյուզանդական կայսրությունը, և Եվրոպայի պատմությունը շարժվեց դեպի Արևմուտք… Նույն Մարքսը, Էնգելսն ասում էին, որ երբ օսմանները գրավեցին ամբողջ Բյուզանդիան, մտան Եվրոպա և այլն, նրանք այսպիսի արտահայտություն ունեն.
«Կոստանդնուպոլսի անկումից հետո (1453 թ.) օսմանները 200 տարով հետ գցեցին Եվրոպայի պատմությունը»։ Իսկապես, եվրոպացիները շատ ծանր վիճակում էին, և զարգացումը խաթարվել էր։ «Իսկ հայերի պատմությունը»,- նշում են նրանք,- «կանգ առավ»։ Դա իրենց խոսքն է… Եթե քարտեզը մտովի պատկերացնենք, մեր պատմության ծավալման դաշտն անխզելի է եվրոպական դաշտից։ Խոսքս այն ժամանակվա մասին է, երբ Պոլիսը դեռ գրավված չէր։ Հետո ստեղծվեց Օսմանյան կայսրությունը և Օսմանյան կայսրությունը կանգնեցրեց մեր պատմությունը՝ մինչև 1918 թվականը, կամ, կարելի է ասել՝ մինչև 1828 թվականը, երբ Արևելյան Հայաստանը գոնե միացավ քրիստոնեական պետության, և շատ հալածանքներից մենք ազատագրվեցինք»,- այսպես է վերլուծում պատմությունը Վարդան Հակոբյանը։
Դիվանագետն ընդգծում է՝ ամբողջ հարցն այն է, որ այժմ խոսքը ոչ թե այդ Եվրոպայի, այլ Եվրամիության մասին է՝ որպես բյուրոկրատական մի կազմակերպության, որտեղ ղեկավարները, ըստ էության, ընտրված չեն եվրոպական ժողովուրդների կողմից։
«Այս նեոգլոբալիստները գրավեցին Եվրամիության ղեկավար դիրքերը։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ինչ-որ մի ֆոն դեր Լեյեն կամ Կայա Կալաս հրահանգներ տային Միտերանին Կամ Մարգարետ Թետչերին կամ Իտալիայի ղեկավարներին»,- նշում է քաղաքական վերլուծաբանը։
Դիվանագետի խոսքով՝ ԵՄ բյուրոկրատիայի նպատակը ոչ թե այս պետություններին ու ժողովուրդներին, այդ թվում՝ Հայաստանը Եվրամիության անդամ դարձնելն է, այլ նրանց օգտագործելը՝ ինչպես օգտագործում են ուկրաինացիներին։
«Ուկրաինան մտա՞վ Եվրամիություն,- հռետորական հարց է տալիս Վարդան Հակոբյանը և շարունակում,- Հիմա մենք կարող ենք, չէ՞, իրավունք ունենք ենթադրել, որ նույն բանն ուզում են անել կովկասյան պետությունների և ժողովուրդների հետ։ Այսինքն՝ եթե նրանց «իդեա ֆիքսը»՝ նուլանդների և եվրոպական լիբերալ-գլոբալիստների նպատակը ոչ թե Եվրոպան հզոր պահելն ու զարգացնելն է, այլ ճիշտ հակառակը»։

Խոսելով Արցախի հարցի և Ռուսաստանի քաղաքականության մասին՝ դիվանագետը հիշեց իր անձնական շփումները ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և իր ստացած տպավորությունը.
«Այո՛, Լավրովը հայ է, բայց մարդը Ռուսաստանի քաղաքական գործիչ է, հո կրակը չի՞ ընկել։ Ընդ որում, ընկել է, որովհետև իմ անձնական շփումների ժամանակ ես տեսել եմ, թե ինքը և որոշ իր տեղակալներ, օրինակ՝ Կարասինը, ինչքան ծանր են տանում մեր պրոբլեմները, ինչքան են մտածում այդ մասին, ինչքան առաջարկներ են անում, բայց կան մարդիկ, որոնք գտնում են, որ «ցեղասպանություն չի եղել», «պետք է հաշվել՝ ով ում է սպանել»… Ես ինքս բազմաթիվ անգամ ներկա եմ եղել ռուս-վրացական բանակցություններին։
Ռուսները մինչև վերջ ասում էին. «Մենք ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը, բայց հասկացեք՝ պետք չի էսպես անել, պետք չի էնպես անել, համբերե՛ք»։ Բայց Արևմուտքի թելադրանքով Սահակաշվիլին, որն էլ վրաց ժողովրդի խայտառակությունն է, կազմակերպեց շատ թատերական ձևով հարձակումը Հարավային Օսիայի վրա… Նույնը նաև հայերին էին ասում. «Հա՛մ-բե՛-րե՛ք, տեսնենք՝ էս զարգացումները ոնց կգնան, որովհետև Ղարաբաղի հարցը լուծմաաա՜ն ընթացքի մեջ է, էսպես թե էնպես. մի՛ հայտարարություններ արեք՝ Ղարաբաղը մերն ա, և վերջ…»»։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի ինտերակտիվ պանելային քննարկման ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր.
«Եկեք ազնիվ լինենք՝ 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա, և այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք Ձեր երկիր, իսկապես լավ ցուցանիշ է, որովհետև 8 տարի առաջ այս երկիրը սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր՝ որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ, և Նիկոլը կազմակերպեց թավշյա հեղափոխությունը, և երկիրը շահեց դրա արդյունքում»։
Իսկ հաջորդ օրը տեղի ունեցած «Երևանյան երկխոսություն» համաժողովին ելույթ ունենալիս՝ Մակրոնը կոչ էր արել Ադրբեջանին և Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանները։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



