
Մենք քանդել ենք Հայաստանի վրա կախված անեծքը. Արցախն Ալիևին հանձնած Փաշինյան
«Մենք նախընտրական պայքարի մեջ մտանք ստանդարտ ռազմահայրենասիրական նախընտրական ծրագրով, բայց նախընտրական քարոզարշավի ընթացքում լսեցինք ժողովրդի խոսնակներին՝ գերդաստանների մայրերին, հենց նրանց շնորհիվ հաղթեցինք 2021 թվականի ընտրություններում»,- ՔՊ համագումարում հիշեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, թե մայրերը պարտադրել են փոխել իրենց ռազմավարությունն ու ընկալումները։
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշեց այդ փոփոխության արդյունքը՝ նախևառաջ օրինակ բերելով «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, ապա նաև արդարացավ, թե ինչու է 2019 թվականին ասել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։
«Այդ արտահայտությունն արել եմ մի պարզ պատճառով՝ հայրենասիրության պատճառով, որովհետև հայրենասեր եմ եղել։ Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է՝ հիմա հայրենասեր չե՞մ, բայց ավելի՞, թե՞ պակաս հայրենասեր եմ։ Նույնքա՛ն հայրենասեր եմ,- սեփական դիլեման առաջ քաշեց ՔՊ-ն, իսկ լուծումը համարեց հայրենասիրական մոդելը,- Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով, 2019-ին հայրենասեր էի՝ այդ պահին ՀՀ-ում առկա հայրենասիրության միակ մոդելով, բայց ո՞վ է հանձնարարել այդ մոդելը, ո՞նց է ձևավորվել, իսկ այդ մոդելը խորհրդային կայսրության հանձնարարած հայրենասիրության մոդելն է»։
Այս համատեքստում նա նշեց ԽՍՀՄ գլավլիտի մասին՝ փոքրիկ լիկբեզով ՔՊ-ականներին տեղեկացնելով, թե ինչ է գլավլիտը։ Նիկոլ Փաշինյանը թերևս մոռացավ, որ ինքն անձամբ է հաճախ սեփական օրինակով ցույց տալիս, թե ինչ է գլավլիտը։
Ի դեպ, նա հիշեցրեց նաև Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առիթով հղած իր ուղերձը, որտեղ նույն թեզերն է առաջ քաշել․ ըստ նրա՝ հայրենասիրության կայսերական մոդելը մեզ ասում էր․ «Փնտրիր քո հայրենիքը, թեկուզ խորհրդային, բայց Հայաստանի Հանրապետությունից դուրս, որտեղ ուզում ես՝ հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում, բայց ոչ երբեք Հայաստանի՝ թեկուզ Խորհրդային Հանրապետությունում, որովհետև եթե դու քո հայրենիքը փնտրես ու տեսնես Հայաստանում ու նրանով պարփակված, դու կարող ես պետություն դառնալ, դու կարող ես ինքնիշխան դառնալ, դու կարող ես անկախ ու զարգացած դառնալ, իսկ դա արդեն վտանգավոր է: Ո՞ւմ համար է վտանգավոր՝ Խորհրդային Միության, Խորհրդային կայսրության, և Խորհրդային Միությունը գտավ հաճելին օգտակարի հետ համատեղելու էֆեկտիվ մի բանաձև․ հայկական օրգանական հայրենասիրությունն ուղղորդել առավելապես Հայաստանի սահմաններից դուրս՝ սրանով հայ ժողովրդին շարունակաբար դարձնելով ԽՍՀ մեծապետական ամբիցիաների գործիք, իսկ մյուս կողմից՝ Խորհրդային Միության ներսում գործուն պահելով «բաժանիր, որ տիրես» հազարամյակներով փորձարկված բանաձևը։
Սա՛ էր այն մոդելը, որը պետք է անհնար դարձներ Հայաստանի իրական պետության գոյությունը, և Հայաստանի իրական պետությունը, իրական անկախությունը, իրական ինքնիշխանությունը, պետականությունն անհնարին դարձնող հանգույցն ենք քանդել և այսօր արդեն գտնվում ենք այդ հանգույցից այս կողմ։ Սա է պատճառը, որ մեզ մեղադրում են քանդելու մեջ՝ Հայաստանի ֆիզիկական և բովանդակային կառուցապատման ֆոնին։
Հայաստանում երբեք՝ շատ վաղուց առնվազն, այս ծավալի շինարարություն չի եղել, հարգելի գործընկերներ, բայց մեզ մեղադրում են քանդելու մեջ, ինչո՞ւ, որովհետև մենք քանդել ենք Հայաստանի վրա կապված հազարամյա անեծքը, որը մեզ թույլ չէր տալիս ունենալ իրապես անկախ, իրապես ուժեղ, իրապես ինքնիշխան պետություն»։
Մանրամասները՝ տեսանյութում