Մոսկվան դիրքեր չի՞ զիջում. Ի՞նչ նոր ազդակներ է ուղարկում Կրեմլը Հարավային Կովկասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, չնայած Փաշինյանի ու Ալիևի հետ կուտակված խնդիրներին, փորձում է հետևողականորեն պահպանել կառուցողական շփման խողովակները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովւը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվել է, որ վերջինս առաջիկայում  կայցելի Մոսկվա։

«Պայմանավորվածություն  է ձեռք բերվել, որ պարոն Փաշինյանը  մոտ ժամանակներս կայցելի Մոսկվա,- Բիշքեկում առաջնորդների հանդիպման մասին ասել է Կրեմլի խոսնակն ու նշել«Հենց Պուտին,- ն է  հրավիրել Փաշինյանին Մոսկվա, և Փաշինյանն ընդունել է  հրավերը և ասել, որ շուտով կժամանի»։

«Այս այցի ճշգրիտ ամսաթվերը կհամաձայնեցվեն դիվանագիտական ​​​​ուղիներով՝ հաշվի առնելով պետությունների ղեկավարների աշխատանքային գրաֆիկները»,- հավելել է Պեսկովը։

Միաժամանակ նա հայտարարել է, որ  Հայաստանի եվրոպական և եվրասիական կողմնորոշման միջև ընտրության թեման առանցքային կլինի Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցություններում։ Նրա խոսքով, պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ բոլոր կողմերից քննարկելու մեր երկկողմ հարաբերությունների ներկայիս հիմնական թեման։

Կարդացեք նաև

«Այդ թեման, ի վերջո, Հայաստանի զարգացման ուղղության և կողմնորոշման ընտրության, ինչպես նաև համապատասխան հանրաքվեի անցկացման մասին է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Այսօր նաև հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության մի շարք արդիական հարցեր։ Ի դեպ, հեռախոսազրույցը նախաձեռնել է ռուսական կողմը Բիշքեկում օրերս Պուտին-Ալիև ոտքի վրա շփումից օրեր անց։

«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության մի շարք արդիական հարցեր»,- ասվում է պաշտոնական Կրեմլինի հաղորդագրությունում։

Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո Մոսկվան միանգամից երկու կարևոր ազդակ է փոխանցում Հարավային Կովկասին։ Նախ՝ Պուտինը Փաշինյանին հրավիրում է Մոսկվա, և Փաշինյանն ընդունում է հրավերը։ Ապա Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունենում Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցեր։

Առանձին վերցրած՝ այս երկու տեղեկությունները կարող են սովորական դիվանագիտական հաղորդագրությունների տպավորություն թողնել։ Բայց դրանց հաջորդականությունը ցույց է տալիս, որ Մոսկվան փորձում է ակտիվացնել իր քաղաքական ներկայությունը տարածաշրջանում՝ միաժամանակ աշխատելով Երևանի և Բաքվի ուղղություններով։

Հատկանշական է հատկապես Փաշինյանին Մոսկվա հրավիրելու հանգամանքը։ Բիշքեկում Փաշինյան-Պուտին բանակցությունները հեշտ չէին, թեև Փաշինյանը դրանցից հետո հայտարարեց, որ լավ բանակցություններ է ունեցել, այնուամենայնիվ այդ բարդ քննարկումից հետո ռուսական կողմը  ոչ թե սահմանափակվում է քաղաքական տարաձայնությունների արձանագրմամբ, այլ փորձում է շարունակել երկխոսությունն արդեն Մոսկվայում։

Սա կարևոր ազդակ է․ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում առկա ճգնաժամը չի թողնում ինքնահոսի և փորձում է պահպանել առնվազն բարձր մակարդակի քաղաքական շփումների խողովակը՝ չնայած դրանում ակնհայտ լրջագույն ճաքերի։

Միաժամանակ Մոսկվան կարևոր է համարում Բաքվի հետ հարաբերությունների պահպանումը։ Ալիևի հետ հանդիպումից հետո Պուտինի հեռախոսազրույցը և հատկապես դրա օրակարգում առևտրատնտեսական ու հումանիտար համագործակցության ընդգրկումը ցույց են տալիս, որ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանի հետ հարաբերությունները պահել գործնական հարթության վրա։

Մոտեցումը կարծես պարզ է՝  եթե քաղաքական ազդեցության որոշ գործիքներ սահմանափակված են, չեն աշխատում, ապա տնտեսական կապերը, հաղորդակցությունները, առևտուրը և հումանիտար կապերը շարունակում են մնալ Ռուսաստանի ազդեցության պահպանման մեխանիզմները։ Այս երկու ուղղությունների համադրումն էլ հենց ամենակարևորն է։ Մոսկվան փորձում է պահպանել կապը Երևանի ու Բաքվի հետ, թեև երկու ուղղություններով էլ զուգահեռաբար ունի խնդիրներ։

Այստեղ կա նաև ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկ։ Հարավային Կովկասում ձևավորվող նոր անվտանգային և հաղորդակցային համակարգում Ռուսաստանի համար վտանգավոր է ոչ միայն Հայաստանի եվրոպական մերձեցումը, այլև տարածաշրջանում այլ ուժային կենտրոնների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի և Իրանի ազդեցության աճը։

Հետևաբար՝ Պուտինի ակտիվացումը կարելի է դիտարկել որպես փորձ՝ վերականգնելու Ռուսաստանի ազդեցության և բացառիկության գաղափարը։ Մոսկվան ցանկանում է ցույց տալ, որ նույնիսկ այն պայմաններում, երբ տարածաշրջանում ի հայտ են եկել նոր դերակատարներ և նոր նախաձեռնություններ, առանց Ռուսաստանի հետ հաշվի նստելու՝ Հարավային Կովկասի բոլոր գործընթացները կառավարել հնարավոր չէ։

Սակայն Հայաստանի համար այս ակտիվացումը երկակի նշանակություն ունի։ Մի կողմից՝ Մոսկվայի հետ երկխոսության շարունակականությունը կարող է նվազեցնել հարաբերությունների վերջնական խզման ռիսկը և պահպանել քաղաքական շփումների հնարավորությունը։

Մյուս կողմից՝ Պեսկովի հայտարարությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել երկխոսության նույն  տրամաբանությունը։ Այսինքն՝ Մոսկվայում Փաշինյանի առաջիկա այցը պարզապես հերթական պաշտոնական այց չէ․ այն կարող է վերածվել լուրջ քաղաքական բանակցության՝ Հայաստանի եվրոպական ուղղության և Ռուսաստանի հետ պահպանվող կապերի շուրջ։

Ի վերջո, Պուտինի վերջին քայլերից տպավորությունն այն է, որ չնայած Ռուսաստանի աշխարհաքաղաքական խնդիրներին այլ ճակատներում,  Ռուսաստանը Հարավային Կովկասում իր դիրքերը չի պատրաստվում հանձնել առանց պայքարի։ Փաշինյանին Մոսկվա հրավիրելը և Ալիևի հետ անմիջապես ակտիվացնելը քաղաքական շփումները վկայում են ոչ թե տարածաշրջանից հեռանալու, այլ նոր պայմաններում իր ներկայությունը վերաձևակերպելու փորձի մասին։

Մոսկվան այլևս չի կարող Հարավային Կովկասում գործել նախկին դիրքերից, բայց դեռ ունի բավարար քաղաքական, տնտեսական և դիվանագիտական ռեսուրսներ՝ Երևանի և Բաքվի հետ աշխատելու համար։ Ուստի ներկայիս գլխավոր հարցը ոչ այնքան այն է, թե Ռուսաստանը հեռանո՞ւմ է Հարավային Կովկասից, որքան՝ ինչպիսի՞ նոր դեր է փորձում իր համար այստեղ ձևավորել Պուտինը։ Առաջիկա ամիսների զարգացումները թերևս կտան այս հարցի պատասխանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930