Եռակողմ հայտարարության այլընտրանքային ճանապարհից մինչև Հակարի․ ի՞նչ է եղել Կոռնիձորի հատվածում

Հակարիի կամրջի և Կոռնիձորի շուրջ ադրբեջանական մտադրությունների հետ կապված վերջին խոսակցությունների և մամուլում հայտնված տեղեկությունների ֆոնին, թերևս, հարկ է կարճ ժամանակագրություն ներկայացնել, և նոր միայն անդրադառնալ ներկա վիճակին և հետագա հնարավոր զարգացումներին:

Տեղեկացնենք, «Առավոտ»-ը գրել է, որ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է: Ավելի ուշ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել:

Անդրադառնալով այս ամենի նախապատմությանը՝ հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, հիմք ընդունելով նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը, մասնավորապես՝ 6-րդ կետը, որտեղ խոսվում է «Շուշի քաղաքը շրջանցելու և այն Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո թողնելու» և երեք տարիների ընթացքում «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանի սահմանման» մասին, մենք պարբերաբար գրել ենք Ստեփանակերտ-Շուշի հատվածի ճակատագիրը վտանգի տակ լինելու և այլընտրանքային ճանապարհի մասին:

Օրինակ, դեռ 2021-2022 թվականներին հայտնում էինք, որ ադրբեջանական կողմը ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ է իրականացնում Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի երկու հայկական գյուղերում՝ Հին շենում և Մեծ շենում, մնացածն արդեն արցախյան կողմը պիտի կառուցի, որը դեռ սկսված չէ, ինչպես մեր արցախյան աղբյուրներն էին փոխանցում՝ դա Ղայբալու կամ Խայփալու (Լիսագորից հետո)-Ստեփանակերտ հատվածն էր:

Կարդացեք նաև

Արցախյան իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները նաև փոխանցել էին, թե նման առաջարկ կա՝ Ստեփանակերտ-Շուշի-Հին շեն-Մեծ շեն-Կոռնիձոր, սակայն ռուսական կողմը դեռ սպասեցնել է տալիս, քանի որ այդ հատվածում երեք բլոկպոստ ունեն և ամբողջությամբ վերահսկում են Շուշի մտնող ճանապարհը, այսինքն՝ չեն ուզում այդ լծակն իրենց ձեռքից բաց թողնեն:

Այս ամենից ենթադրել էինք, որ այլընտրանքային նոր ճանապարհի հատվածում ռուսական խաղաղապահների ներկայությունը պահպանելու հարցը դեռ երկար է խաղարկվելու տարբեր նպատակներով, ընդ որում՝ ոչ միայն ադրբեջանական կողմից:

Նույն ժամանակում Բաքուն արդեն սկսել էր «Զանգեզուրի միջանցքի» դեմ խաղարկել Լաչինի միջանցքը:

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անգամ ակնարկել էր, որ «եթե հայկական կողմը շարունակի «Զանգեզուրի միջանցքի» բացման անհնարինության մասին հայտարարությունները, ապա Ադրբեջանը և Ռուսաստանը գաղտնի ու բաց խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի՝ եռակողմ հայտարարության պահանջները չկատարելու թեմայով»:

«Չի բացառվում, որ մենք ևս կհրաժարվենք այդ փաստաթղթով սահմանված որոշ պարտականություններից: Օրինակ, «պոստեր» կտեղակայենք Լաչինի միջանցքում և այնտեղ կգործենք սեփական հայեցողությամբ: Այսինքն, եթե դու հրաժարվում ես համաձայնագրից, պատրաստ եղիր դրան համարժեք պատասխան քայլի»,- շարունակել էր Զուլֆուգարովը:

Արդեն 2023 թվականի մարտի 5-ին, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել էր և կրակ բացել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել մարմնական վնասվածքներ:

Հավելենք, որ 2021 թվականի փետրվարին այսօր Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը որոշ մանրամասներ էր հայտնել 44-օրյա պատերազմի հետ կապված՝ նշելով, որ «Շոշի ամբողջ հատվածը պաշտպանված չէր, Ղայբալու-Արմենավան հատվածը պաշտպանված չէր»: Ավելին, կային տեղեկություններ, որ ադրբեջանական զորքերն որոշակի ուղղություններով իջել էին մայրուղուց ներքև՝ Ստեփանակերտի ուղղությամբ, այդ թվում՝ դեպի, այսպես կոչված՝ «Խայփալու» տեղամաս, և մարտական դիրքեր դրել:

Իսկ ՊԲ-ն հետպատերազմյան ժամանակահատվածում մարտական հերթապահության համար նոր պաշտպանական գիծ էր ստեղծել, որի հանգույցներից մեկն այդ հատվածով էր անցնում:

Արդեն 2023 թվականի մարտի վերջին Ադրբեջանի զինուժը փակել էր Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը տեղեկացրել էր, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին Շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Այդ ժամանակ հայտարարվել էր նաև, որ Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։ Նույն ժամանակում Փաշինյանը հայտարարել էր, որ համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և, որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերն են ստանձնելու այդ հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը: 

Ո՞րն էր այստեղ խնդիրը. ՀՀ իշխանությունները՝ իմանալով, որ 2023թ. ապրիլի 1-ից Հայաստանն Արցախին կապող երթուղին Տեղ գյուղից տեղափոխվելու է Կոռնիձոր, և մոտ 5 կմ-անոց հատված մնալու է անպաշտպան, նախապես Զինված ուժերը կամ Սահմանապահ զորքերը համապատասխան տեղակայում այդ ուղղությամբ չեն իրականացրել, ինչից օգտվելով՝ ադրբեջանական զորքերը երթուղու փոփոխությունից 2 օր առաջ եկել և ինժեներական, ամրաշինական աշխատանքներ էին իրականացրել հենց սահմանագծին:

Հենց ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ հայտնել էր, որ 5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել:

Օրեր անց Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը հարձակման էր գնացել, ինչի հետևանքով հայկական բանակը 4 զոհ էր տվել:

Արդեն 2023-ի հունիսի 15-ին, ինչպես հայտարարել էր ՀՀ ԱԱԾ-ն, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ էին կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

«Փաշինյանի «ստուգողական կրակոցը» Հակարիի կամրջի եզրին. Ո՞ւմ և ինչի՞ն էր այն ուղղված» հոդվածում և «Փաշինյանի «ռազմական» սադրանքը կամ սադրանքին չտրվելու հրաման՝ ըստ քաղաքական հաշվարկի» վերտառությամբ հրապարակման մեջ մենք մանրամասն անդրադարձել էինք այս իրադարձությանը և դրա տողատակերին:

Իսկ այսօր ի՞նչ վիճելի հարց կա Կոռնիձորի հատվածում, առհասարակ, Սյունիքում: Այսինքն, ի սկզբանե ի՞նչ վտանգավոր սխալ թույլ տվեցինք, և այսօր այս ուղղությամբ սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում ի՞նչ պայման պետք է դրվի հայկական կողմից, կամ՝ ի՞նչ պիտի թույլ չտրվի: Արդյոք Ադրբեջանին ձեռնտո՞ւ է այս պահին արկածախնդրության գնալ, եթե ոչ՝ ինչո՞ւ:

Այս հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ:

«Այն հանգամանքը, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ՀՀ տարբեր ուղղություններով զավթողական քաղաքականություն է վարում և մխրճված է տարբեր հատվածներում, ընդ որում՝ ապօրինի, այսօր էլ խնդիր է առաջացնում՝ ինչպես զորքերի ծառայության, այնպես էլ՝ դելիմիտացիայի գործընթացի իրականացման համար:

Ինչ վերաբերում է կոնկրետ Կոռնիձորին, ապա, կարծում եմ, որ այստեղ առկա են նույն խնդիրները, որոնք առկա էին և են Ադրբեջանի կողմից մխրճված մյուս ուղղություններում: Եվ այստեղ մինչև օրինական գործընթացի իրականացումը որևէ տեղաշարժ չպետք է տեղի ունենա: Սակայն ադրբեջանական կողմը մեծ թվով ուղղություններով շատ ակտիվ ամրաշինական աշխատանքներ է տանում՝ ընդլայնում է ունեցած ենթակառուցվածքը, և նվազագույնն այնպիսի տպավորություն չի ստեղծում, որ այդ տարածքներում ինչ-որ փուլում դելիմիտացիա է լինելու: Իսկ դրանք ակնհայտ ՀՀ տարածքներ են, և նույնիսկ այն քարտեզներով, որոնք դրված են եղել դելիմիտացիայի հիմքում: Բայց Ադրբեջանը նույնիսկ այդ պարագայում շարունակում է այդ մխրճված հատվածներում մեծածավալ աշխատանքներ տանել:

Կոնկրետ Կոռնիձորի հատվածում ծառայություն իրականացնում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը: Ինքս որքանով տեղյակ եմ՝ որոշակի միջադեպ, այնուամենայնիվ, եղել է, թեպետ հետևողականորեն փորձ է արվում հերքել այնտեղ տեղի ունեցած միջադեպի մասին: Իհարկե, խոսքը զինված միջադեպի մասին չէ, բայց ընդհանուր դեպքը վերաբերում է այդ հատվածում այնպիսի գործընթացներին, որոնք անմիջապես կապ ունեն դելիմիտացիայի հետ, ասում են, որ մի քանի օրվա պատմություն է այս թեման:

Թե ինչու է ադրբեջանական կողմը՝ միգուցե առանց կենտրոնական հրամատարության գիտության, փորձել որոշակի «ճշգրտումներ» անել, ինձ համար հստակ չէ: Կարծում եմ, որ Սահմանապահ զորքերը, այնուամենայնիվ, պիտի պարզաբանումներ տան՝ ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ հասարակությունը կարող է ակնկալել: Այն, ինչ խոսվում է Կոռնիձորի այդ ուղղության, մասնավորապես, Հակարիի կամրջի հարակից հատվածում տեղի ունեցած, այսպես ասած, լեզվակռվի կամ փոքր միջադեպի մասին, դա որոշակի առումով ցուցիչ է՝ հասկանալու, թե Ադրբեջանը որքանով է տրամադրված դելիմիտացիայի գործընթացին, որքանով է տրամադրված սահմանին հարաբերական խաղաղության կամ կայունության ապահովմանը: Սա նաև հուշում է Ադրբեջանի ներսում իրական տրամադրությունները:

Հարցը՝ արդյո՞ք սա ձեռնտու է այս պահին Ադրբեջանին, ապա տրամաբանության տեսանկյունից պետք է, որ ձեռնտու չլինի նման միջադեպերի հրահրումը, հատկապես, երբ ՀՀ իշխանություններն առաջին պլան են բերում նրանց պահանջները և կատարում: Այս իրավիճակում լրացուցիչ այդպիսի միջադեպեր ձեռնարկելը մի փոքր նաև տարօրինակ էլ է»,- նշեց նա:

Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանեն Նիկոլ Փաշինյանը և նրան ուղիղ ենթարկվող ԱԱԾ-ն և ԱԱԾ սահմանապահ զորքերը:

Ի դեպ, դեռ ապրիլին «Փաշինյանը «հրաժարվել է» ԱԱԾ սահմանապահ ուժերի ծառայության հարցում իր պատասխանատվությունից» վերտառությամբ հոդված էինք հրապարակել, որի համար հիմք էր ծառայել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ «Ես ՀՀ վարչապետն եմ, բայց կարող է չիմանամ, եթե հարց լինի, թե ՀՀ սահմանապահն ինչպես է իր ծառայությունն իրականացնում, ինչ տրամաբանությամբ, որովհետև դա իմ օրակարգի հարց չի»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին 2018 թվականի հունիսի 28-ի Նիկոլ Փաշինյանի որոշմանը կից հավելվածի՝ ԱԱԾ կառավարմանն ու ղեկավարմանը վերաբերող հատվածում նշվում է, որ «Ազգային անվտանգության ծառայությունը կառավարում է վարչապետը»: Իսկ ԱԱԾ տնօրենը «կառավարում է ազգային անվտանգության ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունները և հիմնարկները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930