
Այն, ինչ կարելի է «Վեոլիա ջրին», չի կարելի ՀԷՑ-ին

Արդարացնելու համար ՀԷՑ-ը գործարար Սամվել Կարապետյանից խլելու փորձերը, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ուր գնում եմ, քաղաքացիները դժգոհում են ՀԷՑ-ի աշխատանքներից։ «Վեոլիա ջուր» ընկերության գործունեությունից քաղաքացիների դժգոհությունների պակաս երբեք չի եղել, առավել ևս՝ չկա վերջին շրջանում, սակայն կառավարությունը նույնը չի անում «Վեոլիա ջրի» հետ։
Ճիշտ է, Վեոլիան ջրամատակարարման ցանցի սեփականատերը չէ, բայց երկարաժամկետ կառավարիչն է։ Ու եթե Նիկոլ Փաշինյանի ասածների մեջ գոնե մի փոքր ճշմարտություն լիներ, եթե կառավարությունն այդքան մտահոգված լիներ քաղաքացիների համար, պարտավոր էր պատժել «Վեոլիա ջրին»։ Ասենք՝ հետ վերցնել կառավարումը։
Բայց կառավարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը դարձել է կառավարության կամակատարը, դրան չեն գնում։
Սա ևս փաստում է, որ ՀԷՑ-ի դեմ սկսած արշավը բացառապես քաղաքական է։ Այլապես՝ այն պատճառաբանություններով, ինչով փորձում են հիմնավորել ՀԷՑ-ի դեմ սկսած արշավը, պիտի վաղուց Վեոլիային զրկած լինեին կառավարումից։ Սակայն չեն զրկում, չեն խզում պայմանագիրը։ Ընդհակառակը՝ ՀԾԿՀ նախագահն արդարացնում է այն, ինչ տեղի է ունենում ջրամատակարարման ոլորտում։ Ասում է՝ ջրանջատումների հարցում մի շարք օբյեկտիվ պատճառներ կան։ Երևան 6 հիմնական ջրատարներ են մտնում։ Այս տարիների ընթացքում հազարավոր նոր շենքեր են կառուցվել մայրաքաղաքում, բայց Երևան մուտք գործող ջրատարների քանակը չի ավելացել, ոչ էլ ջրի ծավալն է ավելացել։
«Այսինքն՝ ավելացված շենքերը գումարվում են եղածին և բոլորը միասին օգտագործում են նույն ջրածավալը։ Հետևաբար՝ ջրամատակարարման գրաֆիկը այս պատճառով ևս պետք է կրճատվեր»,- ջրամատակարարման հետ կապված իրավիճակն արդարացնում է ՀԾԿՀ նախագահը։
Հանձնաժողովի նախագահի ասածների մեջ, անշուշտ, ճշմարտություն կա։ Բայց տարօրինակ է, որ նույն ճշմարտությունը չի գործում ՀԷՑ-ի պարագայում։
Սպառողների ավելացումը, կամ ինչպես ՀԾԿՀ նախագահն է ասում՝ Երևանում հազարավոր նոր շենքերի կառուցումը, մեծացրել է ջրամատակարարման ծանրաբեռնվածությունը ու օբյեկտիվ է, որ ջրանջատումներն ավելացել են։ Բայց մի՞թե այդքան շենքերի կառուցումը, կարճ ժամանակում սպառողների չնախատեսված քանակների, սպառման ծավալներն ավելացումը չի մեծացրել ծանրաբեռնվածությունը նաև նույն էներգամատակարարման ցանցի վրա։ Թե՞ մի դեպքում՝ սպառման ծավալների չնախատեսված ավելացումն արդարացնում է անջատումներն ու վթարները, մյուս դեպքում՝ չէ, քանի որ առաջնայինը ոչ թե իրավիճակի օբյեկտիվ գնահատումն է, այլ քաղաքական նպատակահարմարությունը։
Ահա այսպիսի նպատակահարմարություններով է առաջնորդվում «անկախ» կոչվող հանձնաժողովը՝ իր «անկախ» նախագահով։
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ նախագահը, մինչև նշանակումը, եղել է ՔՊ-ական։ Հանձնաժողովի նախագահ դառնալուց հետո, օրենքի ուժով, դուրս է եկել, կամ նրա անդամությունը սառեցվել է։ Բայց պատրաստվում է պաշտոնը թողնելուց հետո կրկին վերադառնալ հարազատ կուսակցական ակունքներին։
Ի՞նչ եք կարծում, ՀԾԿՀ նախագահ դառնալուց հետո Մեսրոպ Մեսրոպյանը դադարե՞լ է մտածել այնպես, ինչպես նախկինում էր մտածում։ Բնականաբար՝ ոչ։
Նույն կերպ՝ բնականաբար, նա պատրաստ է կատարել իր կուսակցական առաջնորդի ու ղեկավարի քաղաքական պատվերը, ինչը և անում է։
Ի վերջո, նրան հենց դրա համար են նշանակել այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Ու հիմա ինչքան էլ փորձի կոտրատվել, արդարանալ, թե քաղաքական պատվեր չի կատարում, ո՞վ կհավատա դրան։
Անկախ նրանից՝ կլինի «Վեոլիա ջուրը», թե ՀԷՑ-ը, վերջին տարիներին այս համակարգերը, սպառողների ավելացման ու կտրուկ ծանրաբեռնման պատճառով, լուրջ ճնշման տակ են հայտնվել։ Առանց հաշվի առնելու գործող ենթակառուցվածքների հնարավորությունները, դրանից բխող հետագա հետևանքները՝ աջ ու ձախ շենքեր կառուցելու թույլտվություններ են բաշխել։ Որտեղ մի թիզ ազատ հող են գտել՝ բնակելի շենք են կառուցել։ Չեն մտածել, թե դա հետագայում ինչ խնդիրների կարող է հանգեցնել։
Այն, որ Երևանի կենտրոնում հաճախակի են դարձել վթարները, անջատումները, գերազանցապես ենթակառուցվածքներն անհարկի ծանրաբեռնելու հետևանք է։ Քաոսային ու չհամակարգված բնակարանային շինարարությունն է սրա պատճառը։ Այսօր դժգոհելու փոխարեն, այդ մասին ժամանակին էր պետք մտածել։ Ընդ որում՝ դա չէր խանգարի՝ ինչպես քաղաքային իշխանություններին, այնպես էլ՝ կառավարությանն ու ՀԾԿՀ-ին։ Իրենք չեն կատարել իրենց աշխատանքը, փորձում են պատասխանատվությունն ուրիշների վրա դնել։
Երբ այդքան շենքեր կառուցելու թույտվություն էին տալիս՝ պիտի մտածեին նաև դրան համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու մասին։ Երևանում գործող ենթակառուցվածքները՝ կլինի հոսանք, ջուր, թե գազ, այսպիսի ծավալների սպասարկման համար չեն նախատեսված եղել։
ՀԾԿՀ նախագահը մոռանում է, որ ժամանակին կառավարության հետ համատեղ «գցեցին» քաղաքացիներին ու որոշեցին դոլարի էժանացման արդյունքում գազի սակագինն իջեցնելու փոխարեն, համակարգում ձևավորվող լրացուցիչ գումարների հաշվին ընդլայնել Երևան մտնող հիմնական գազատարների թողունակությունը, որպեսզի հիփոթեքով ձեռք բերված իրենց բնակարաններ գազ հասցնեն։
Բայց չէ՞ որ այդ խնդիրը միայն գազի համակարգում չէ։ Մյուս ենթակառուցվածքներում ևս կա, ու դրանք համակարգային լուծում են պահանջում, ընդգրկուն տեխնիկական վերազինում՝ սպառման նոր ծանրաբեռնվածությանը դիմանալու համար։ Դրա համար ներդրումներ են պետք։ Բայց երբ ՀէՑ-ը դիմեց ՀԾԿՀ-ին՝ ներդրումներն ավելացնելու առաջարկով, հանձնաժողովը, անհեթեթ պատճառաբանություններով, որոշեց այն մերժել։
Մեծ երևակայություն պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ դրանում քաղաքական ենթատեքստ կար։ Հանձնաժողովն ընդունեց որոշում՝ առաջնորդվելով ոչ թե սպառողների, այլ իշխանությունների շահերով։
Նույն քաղաքական նպատակներով՝ ՀԷՑ-ն ուզում են խլել, նույնիսկ պատրաստ են պետությանը հարվածի տակ դնելով՝ անցնել միջազգային արբիտրաժի վճռի վրայով, իսկ «Վեոլիա ջրին» մոտ չեն գալիս, անգամ արդարացնում են ու անտեսում քաղաքացիների համատարած դժգոհությունները։ Այդպես է ոչ թե նրա համար, որ «Վեոլիա ջրում» քիչ խնդիրներ կան, այլ նրա համար, որ այդ ընկերության կառավարիչները կառավարության քաղաքական գծից չեն շեղվել։ Հենց շեղվեն՝ իշխանության մահակը նրանց վրա էլ կիջնի։ Լավ կամ վատ կառավարելը սրա հետ կապ չունի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ