44-օրյայի զեկույցի հանրայնացման հետ կապված՝ Փաշինյանը պլաններ ունի՞. ինչո՞ւ ԱԺ-ում նա շրջանցեց պատերազմական կարևոր դրվագները

Ապրիլի 17-ին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, դրա սկսման և պարտության հարցում քաղաքական ղեկավարության պատասխանատվությանը:

Մասնավորապես, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի իշխանության ոչ ադեկվատ կառավարումը, իրարամերժ քաղաքական հայտարարությունները, գործողությունները, որոնք վնաս են հասցրել եղած բանակցային գործընթացին, հանգեցրել 2020 թվականի 44–օրյա պատերազմին:

«Իհարկե, հիմնական հանցագործը՝ Ադրբեջանն է սկսել մարտական գործողությունները, բայց պատերազմի ժամանակ ոչինչ չեք արել երկիրը մոբիլիզացնելու, հաջողություններ ունենալու և մեր առջև դրված խնդիրը կատարելու համար, մենք ի վիճակի ենք եղել այդ խնդիրը կատարել»,- նշել է Սեյրան Օհանյանը:

Այն, որ 44-օրյա պատերազմի ժամանակ գործող իշխանությունները ձախողել են մոբիլիզացիոն պլանը, մեկ անգամ չէ, որ փաստարկված անդրադարձել ենք:

Կարդացեք նաև

Իսկ գեներալ-գնդապետն ԱԺ ամբիոնից չի շրջանցել գեներալիտետին հասցեագրված՝ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները:

«Պարոն Փաշինյանն ասում է, որ գեներալները փախել են. ԱԺ ղեկավարությունն ու պատգամավորները եկել էին այնտեղ, որտեղ անհրաժեշտություն կար պահեստազորայինների, որոնք այս կամ այն պատճառով լքել էին մարտական գործողությունների դաշտը։ Մինչդեռ պատգամավորները լայաղ չարեցին գոնե մի քանի ժամով գնան, աշխատեն «մոբ ռեսուրսի» (պահեստազորայինների.- խմբ.) հետ։ Հիմա ո՞վ է փախել. գեներալներն են փախե՞լ, թե՞ ԱԺ այն պատգամավորները, որոնք այնտեղ էին: Ու նրանց մի քանիսին ես ճանաչում եմ»,- պնդեց պաշտպանության նախկին նախարարը:

Սեյրան Օհանյանը, իհարկե, չի ասում, թե ովքեր են եղել այդ պատգամավորները, և կոնկրետ պատերազմի ո՞ր փուլին է վերաբերում ասվածը, բայց մենք այստեղ կարող ենք մի քանի դրվագ հիշեցնել:

Նախ նշենք՝ 168.am-ը վերլուծություն է ներկայացրել, որ աշխարհազորի մասին օրենքն ընդունվեց 44-օրյայի վերջում, և նախքան դրա ընդունումը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան, մեղմ ասած, անլուրջ կոչից հետո մարզպետների, համայնքապետերի գլխավորությամբ ձևավորվել են կամավորական ջոկատներ, կրկնում ենք, աշխարհազորի ստեղծմանն առնչվող օրենքներն այդ ժամանակ դեռ ընդունված չեն եղել, և ոչ էլ համապատասխան գծով մարզպետների տեղակալներ կային:

Կարո՞ղ ենք այստեղ օրենքի կամ օրինականության հետ կապված խնդիրներ արձանագրել: Իսկ որքանո՞վ է այս հարցը քննարկման առարկա դարձել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում, հայտնի չէ: Ավելին, ոչ մեկը չգիտի, թե այս և քննչական ու իրավապահ կառույցների կամավորական ջոկատները որտե՞ղ են գործուղվել պատերազմի ժամանակ, ի՞նչ մարտական գործողությունների են մասնակցել:

Վերջերս, օրինակ, ՀՀ քննչական կոմիտեին, մի շարք այլ հարցադրումների շարքում, նաև հարց էինք ուղղել, թե իրենց կամավորական ջոկատը որտե՞ղ է եղել 44-օրյայի ժամանակ, ո՞ր հատված է ուղարկվել, բայց նրանք շրջանցել էին այս թեման: Եվ ոչինչ, որ 2020 թ. պատերազմի օրերին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ «ղեկավարվելով ՀՀ վարչապետի կոչով, հայրենիքի պաշտպանության նվիրական գործին մասնակցելու նպատակով զինվորագրվել է 180 կամավորական»:

«Ձևավորվել է 4 դասակ, որոնցից 2-ը՝ հոկտեմբերի 28-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով մեկնել է մարտական ծառայության»,- մանրամասնել էր ՔԿ-ն:

Ի դեպ, օրերս բացառիկ փաստաթղթեր ենք հրապարակել՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ոստիկանների և քրեակատարողական հիմնարկների ծառայողների շրջանում դասալքությունը և դիրքերը թողնելն ապացուցող: Իսկ դասալիքների և դիրքերը թողած փախնողների թիվը մի քանի հարյուրի է հասնում:

Դեռ չենք նշում այդ օրերին ձևավորված քաղաքական-քարոզչական զորամասերի և ջոկատների մասին, եթե կարելի է այդպես ասել:

Երկրորդ, մենք առանձին-առանձին ուսումնասիրություններ ենք ներկայացրել այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, պատերազմի որոշակի հատվածում ԱԱԾ տնօրեն աշխատած Արգիշտի Քյարամյանի և այլոց դերակատարման մասին:

Այստեղ հարկ է հիշել հակահարվածի հայտնի օպերացիայի մասին, որի Արցախում քննարկմանը ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախկին նախագահ Արայիկ ՀարությունյանըՋալալ Հարությունյանը, Արգիշտի Քյարամյանը՝ որպես ՀՀ ԱԱԾ տնօրեն, Արցախի ԱԱԾ տնօրենի կարգավիճակում՝ Կամո Աղաջանյանը, որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ Արարատ Միրզոյանը, Արցախի ԱԽ քարտուղարի կարգավիճակում՝ Սամվել Բաբայանը, այդ ժամանակ իշխանական պատգամավոր Հակոբ Սիմիդյանը և այլք:

Այլ հարց է, որ այս օպերացիայի ձախողման համար մեղադրվեց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, հետո արդարացվեց, և ոչինչ, որ այս օպերացիայի ձախողումից հետո էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ազատվել Արգիշտի Քյարամյանը:

Երրորդ, 168.amգրել է, որ պատերազմի 4-րդ օրը Տիգրան Ավինյանը Շուշիում ֆոտովոլտային կայաններ տեղադրելու մասին ծրագիր է հաստատել, իսկ Շուշիի անկումից օրեր առաջ էլ՝ նոյեմբերի 5-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Շուշիում է, իսկ հրապարակված լուսանկարներում երևում էր նաև Տիգրան Ավինյանը:

Գաղտնիք չէ, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո 44-օրյա պատերազմի օրերին Արգիշտի Քյարամյանը շարունակել է մնալ Արցախում, եղել է Շուշիում, և այնտեղից, ինչպես ոչ մեկ անգամ ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, 2020թ. նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5։30 ինքը դուրս է եկել Շուշի քաղաքից և տեղակայվել Շուշի քաղաքից մի քիչ ներքև, և նույն մեքենայի մեջ գտնվել է նաև Արգիշտի Քարամյանը:

Ավելին, նոյեմբերի 7-ին պաշտպանության նախկին նախարարն Արգիշտի Քարամյանի հետ նույն մեքենայով է հասել Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու: Թե դրանից հետո ինչ զարգացումներ են եղել, իրենք կիմանան: Իսկ Շուշիում Սեյրան Օհանյանը պատերազմի օրերին հանդիպել էր նաև այդ ժամանակ դեռ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին: Եվ այն, որ Սեյրան Օհանյանն ԱԺ ամբիոնից այսօր հայտարարել է, որ իշխանական պատգամավորները փախել են, գուցե ինչ-որ բան գիտի:

Մյուս կողմից, ժամանակ առ ժամանակ իշխանությունը 44-օրյա պատերազմի համատեքստում տարբեր մեղադրանքներ է հնչեցրել իր և իր որդու՝ «Ցորի» զորամասի հրամանատար Արթուր Օհանյանի հասցեին, վերջինն այսօր անցնում է «Լելե Թեփեի» գործով, և դատական նիստերի ժամանակ բավականին ուշագրավ հայտարարություններ է արել, որ հակահարվածի ձախողման համար պատասխանատվության չեն ենթարկվում բարձրաստիճան զինվորականները:

Իսկ պաշտպանության նախկին նախարարն Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում հերթական անգամ շեշտել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Պաշտպանության բանակը 283 կմ պաշտպանության գոտի է ունեցել, որից «265-ը մեկ ամիս՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 27-ը, պահել են»:

«Այդ տարածքով են ձեր ասած գեներալները փախել, և ես գտնում եմ, որ դա ձեր պատասխանատվության գոտում է, քանի որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում, իսկ այն հաստատում եք դուք։ Ձեր պատասխանատվության գոտիով է Ադրբեջանը շրջանցել, եկել-հասել Շուշի, Բերձոր, Բերդաձոր և Հայաստանի Հանրապետության սահմաններ` Գորիս, Կապան, Մեղրիի սահմանները: Հիմա դուք ասում եք՝ փախել են գեներալները, փախել են ձեր ղեկավարությամբ, գնացեք և որոշում ընդունեք»,- խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին է դիմել Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարի այս հայտարարության տակ կան որոշ տողատակեր: Օրինակ, այն, որ ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսը կոչված է պաշտպանել 9 ՊՇ-ի թիկունքը: Մի առիթով պատերազմի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը, փորձելով պաշտպանել Ջալալ Հարությունյանին, հարցազրույցներից մեկում ասել էր. 

«ՊԲ 9-րդ ՊՇ-ն լրիվ իր ենթակայությունից հանված էր, լրիվ այլ հրամանատարություն էր ստեղծված, և այլ մարդ էր կառավարում: Այսպես ասենք՝ 9-րդ ՊՇ-ն և ՀՀ ԶՈՒ 1-ին կորպուսն իրար հետ միասնական հարավային ուղղություն էինք սարքել, որի հրամանատարը գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն էր: Այսինքն, ակտիվ մարտական գործողությունների ինչքան ճակատ է վարել Ջալալ Հարությունյանը, եթե բոլոր կիլոմետրերը գումարենք, Ջալալ Հարությունյանը՝ որպես ՊԲ հրամանատար, վարում էր մաքսիմում մեկ պաշտպանական շրջանի ճակատի կռիվ: Բոլոր մեղադրանքները պոպուլիստական են և անհիմն»:

Կարո՞ղ ենք ասել, որ նման հայտարարությունների դեպքում սլաքն ուղղվում է ուղիղ պատերազմի ժամանակվա ՀՀ ԶՈւ ԳՇ ղեկավարությանը, թեպետ կան նաև հստակ փաստեր, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին ՊԲ 9-րդ ՊՇ պահպանությունից պաշտպանության չի անցել:

Մյուս կողմից, դրանք իրականությունից դուրս չեն, որ Նիկոլ Փաշինյանն է՝ որպես գերագույն հրամանատար, պատասխանատվություն կրում կատարվածի համար, որ նրան է ենթարկվել ԳՇ պետ եղած Օնիկ Գասպարյանը: Այլ հարց է՝ որքանո՞վ է դա եղել օրինական, քանի որ ՀՀ-ում հայտարարված է եղել ռազմական դրություն։

Բայց եթե խոսում ենք ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների պատասխանատվությունից, ապա չպետք է նաև մոռանանք, որ Քարվաճառը պահելու մեջ իր մեծ ներդրումն ունի ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսը, որը Ադրբեջանին հանձնվել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով: Բայց սա չի խանգարում, որ Փաշինյանը 2020 թվականի պարտության ամբողջ պատասխանատվությունը դնի բանակի վրա: Եվ հենց դրա համար էլ այսօր Սեյրան Օհանյանը Փաշինյանից պահանջեց հրապարակել 44-օրյայի զեկույցը:

«44-օրյա պատերազմի զեկույցն ինչի՞ չեք հրապարակում, ժողովուրդն էլ է պահանջում, անհայտ կորածների հարազատներն էլ են պահանջում: Որովհետև հիմնական շեշտը դրել եք բանակի վրա, ես ձեր ենթակայության գտնվող Քննչական կոմիտեի նախագահին և Գլխավոր դատախազին հարց եմ տվել՝ խնդրում եմ ասել, թե հարուցված քրեական գործերից քանի՞սն են վերաբերում բանակին, քանի՞սը՝ այլ կառույցի: Բայց նրանք խուսափեցին… Որովհետև պատերազմը վարում է ոչ թե բանակը, որին թիկունք չեք կանգնել, այլ՝ պետությունը: Հիմա դուք հարց տվեք իրենց՝ մենակ բանա՞կն է պատասխանատու դրա համար, թե՞ պատասխանատու են մնացածը»,- հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Ավելի ուշ Փաշինյանն ԱԺ ամբիոնից պատասխանել է Սեյրան Օհանյանի վերջին պահանջին:

«Հիմա էլ եկել են, թե՝ բա քննիչ հանձնաժողովի զեկույցը… ասենք, ձեզ պարզ չի՞ ՝ հես ա էդ էլ ինչ-որ ձևով պիտի հրապարակվի»,- նշել է նա՝ չանդրադառնալով դրանից առաջ 44-օրյա պատերազմին առնչվող մյուս դրվագային հարցադրումներին:

Այնպես որ՝ չի բացառվում, որ քաղաքական շահեկան պահի Փաշինյանը զեկույցից ինչ-որ հատվածներ հանրայնացնի: Այս պահին քաղաքական շահը պահանջում է ցուցադրել 2022-ից հետո ձեռք բերված նոր սպառազինությունը, և իշխանություններն արդեն չեն էլ թաքցնում, որ դա մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում արվելու է միայն քվեներ ստանալու և ընդդիմադիր ուժերին խորհրդարան չթողնելու համար: Այսինքն, բանակը դարձել է քաղաքական գործիք, և լավագույն դեպքում՝ անվտանգային պահուստային խաղացող և ոչ ավելին:

Իսկ թե արդյո՞ք 44-օրյա պատերազմի ժամանակվա ռազմական ղեկավարությունը կմիանա Սեյրան Օհանյանի պահանջին, որ 44-օրյայի զեկույցն ամբողջությամբ հրապարակվի, կարող են ենթադրություններ անել: Թեև Օնիկ Գասպարյանը և Դավիթ Տոնոյանը պետք է պահանջեն նաև, որ հանրայնացվեն 2020 թվականի սեպտեմբերի 30-ի և հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստերի ամբողջական ձայնագրությունները, ի վերջո, սեպտեմբերի 30-ի նիստից իշխանությունները ժամանակին կոնտեքստից կտրված որոշ հատվածներ գաղտնազերծել են: Կպահանջե՞ն, ի վերջո, այստեղ առաջին հերթին՝ իրենց և բանակի հեղինակության հարցն է, և, որ պատասխան չտան հետագայում նրա համար, ինչի համար պատասխանատու չեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930