«Ամերիկյան» նախագիծ՝ հայկական փողերով. Ո՞ւր մնացին խոստացված ներդրումները
Դեռ անցած տարվանից իշխանությունները թմբկահարում են Հայաստանում տվյալների վերամշակման հայ-ամերիկյան «մեգանախագծի» իրականացման մասին։ Սկզբում 500 միլիոն դոլար ներդրումներով արհեստական բանականության գործարանի կառուցման մասին էին խոսում։ Հետո 500 միլիոնը դարձավ 4 միլիարդ դոլար։ Թվում էր, թե ուր որ է, ամերիկյան ներդրումները հոսելու են Հայաստան։ Բայց ոչ մի ամերիկյան ներդրում էլ չի լինելու։
Հայտարարվող արհեստական բանականության հիման վրա աշխատող տվյալների վերամշակման գործարանը կառուցվելու է հայաստանյան բանկերից ու այլ ֆինանսական կառույցներից վերցրած վարկերով։
Այդ նպատակով նախ՝ 60 մլն դոլարի վարկային պայմանագիր ստորագրվեց «Ամերիաբանկի» հետ։ Հետո ծրագրի իրականացման համար 300 մլն դոլար սինդիկացված վարկ տրամադրեցին հայաստանյան այլ բանկերն ու ֆինանսական կառույցները, ինչը համարվեց աննախադեպ իրադարձություն, բայց ոչ «մեգանախագծի» իրականացման առումով։
Պարզապես մինչև հիմա Հայաստանում նման ծավալի սինդիկացված վարկ չէր տրամադրվել։ Սինդիկացված վարկի մասնակիցները դարձան՝ «Արդշինբանկը», «Ակբա բանկը», «Էվոկաբանկը», «Ֆասթ Բանկը», ինչպես նաև կուտակային կենսաթոշակային ֆոնդերը կառավարող 2 ընկերությունները՝ ի դեմս «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիայի» և «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի»։
Այդպիսով գործարանի կառուցմանը զուտ հայաստանյան կապիտալի մասնակցությունն այս փուլում կազմեց 360 մլն դոլար՝ 450 միլիոնանոց ներդրումային ծրագրի մեջ։
Ի դեպ, նախապես հայտարարված 500 միլիոնանոց ներդրումային ծրագիրը հիմա դարձել է 450 մլն դոլար։ Այդ 450 միլիոնից 360 միլիոնը վարկային միջոցներ են՝ ներգրավված հայաստանյան ֆինանսական կառույցներից։
Անհրաժեշտ մնացած 90 միլիոնի մասին առայժմ խոսք չկա, բայց ենթադրվում էր, որ դրա մի մասն էլ կլինի հայաստանյան կապիտալի տեսքով։
Հիմա հարց՝ սա ամերիկյա՞ն, թե՞ հայաստանյան ներդրում է։
Պատասխանը շատ պարզ է. Ոչ մի ամերիկյան ներդրման մասին չի կարող խոսք լինել։ Մեծագույն ցանկության դեպքում անգամ այն դժվար է այդպիսին անվանել։
500 միլիոնից 450 մլն դոլար դարձած ներդրումային ծրագրից ամերիկյան ներդրումները լավագույն դեպքում կարող են կազմել ընդամենը մի քանի տասնյակ միլիոն դոլար, եթե, իհարկե, այդպիսիք ընդհանրապես լինեն։
Փաստորեն՝ հայկական կապիտալով «ամերիկյան» ներդրումային ծրագիր պիտի իրականացվի Հայաստանում։
Սա ավելի շուտ ներդրում է լինելու ոչ թե Հայաստանի, այլ Միացյալ Նահանգների տնտեսության մեջ։ Այդ գումարներով ձեռք են բերվելու գերհզոր համակարգիչներ, պրոցեսորներ ու ամերիկյան տեխնոլոգիաներ, որոնք տեղադրվելու են Հրազդանում կառուցվող արհեստական բանականությամբ աշխատող տվյալների վերամշակման գործարանում։ Կենտրոնը միայն ֆիզիկապես է գտնվելու Հայաստանում։ Հայաստանը պարզապես տարածք է տրամադրում՝ դրսի կազմակերպություններին ծառայություններ մատուցող գործարանի կառուցման համար։
Այնպես չէ, որ Հայաստանը չի կարող օգտվել, կարող է, սակայն հայաստանյան ընկերությունների կարողություններն են շատ փոքր այդպիսի ծառայություններից օգտվելու համար։ Այնպես որ, «հայկական» տվյալավերամշակման գործարանը գոնե այս փուլում կծառայի հիմնականում ուրիշներին։
Դրանից Հայաստանի օգուտները գործնականում մեծ չեն լինելու։ Գուցե և գործարանի գործարկումից հետո Հայաստանը կարող է համարվել արհեստական բանականությամբ աշխատող տվյալների վերամշակման ամենախոշոր տարածաշրջանային կենտրոնը, բայց դրանից տնտեսական օգուտները չեն ավելանալու։
Գործարանի ամենամեծ օգուտն այն է լինելու, որ մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է օգտագործելու։ Խոսքը գրեթե 100 մեգավատտի մասին է, ինչը բավական մեծ ծավալ է մեր էներգասպառման մեջ։ Հայաստանը, հայտնի է, որ ունի լրացուցիչ էներգաարտադրության հզորություններ ու կարող է հանգիստ բավարարել այդ պահանջարկը։
Լրացուցիչ այդպիսի մեծ սպառումը կարող է դրական անդրադառնալ էներգետիկ համակարգի, գուցե նաև սակագների վրա։ Բայց դեռ մեծ հարց է, թե տվյալների վերամշակման հայկական կենտրոնը որքանով կօգտվի այսօրվա էներգետիկ հզորությունների արտադրած էլեկտրաէներգիայից ու էլեկտրասնուցման սեփական աղբյուրները չի ստեղծի, ասենք՝ նույն արևային կայանների կառուցման միջոցով։
Այդ դեպքում, էներգետիկ համակարգի օգուտներ էլ գրեթե չեն լինելու։
Որքան էլ խոսքը բավական խոշոր գումարի ներդրումային ծրագրի մասին է, դրա զբաղվածություն ապահովելու բաղադրիչը խիստ սահմանափակ է։ Այս կենտրոնում շատ քիչ աշխատողներ կարող են լինել։ Հավանաբար՝ մի քանի տասնյակից ոչ ավելի։ Այսինքն՝ այն զբաղվածության հարց էլ չի լուծելու Հայաստանի քաղաքացիների համար։
Փոխարենը՝ տարեկան գուցե մի քանի հարյուր միլիոն դոլարով ավելացնի արտահանումը։ Սակայն դա էլ գործնականում առարկայական ոչինչ չի տալու, բացի նրանից, որ արտահանման ցուցանիշները կարող են այդքանով ավելի մեծ լինել։ Արտահանումից, ինչպես հայտնի է, հարկ չի գանձվում, ու դրանից բյուջեն ոչինչ չի ստանա։
Բյուջեն, իհարկե, որոշակի եկամուտներ կստանա։ Դրանք կլինեն եկամտային հարկի, ծառայության վճարների, հետագայում գուցե նաև շահութահարկի տեսքով։ Բայց այստեղից էլ մեծ գումարների ակնկալիքներ չկան։
Ահա այսպիսին է լինելու տարածաշրջանային «հայկական մեգանախագիծը»։
Ինչպես տեսնում եք, դրա առավելությունների ու նշանակության մասին ավելի շատ խոսվում է, քան լինելու են այն իրական օգուտները, որոնք կարող է ստանալ Հայաստանը՝ հայկական կապիտալով, այն էլ՝ վարկային կապիտալով կառուցվող հայ-ամերիկյան տվյալների վերամշակման գործարանի գործարկումից հետո։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ




