Ֆրանսիան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ռազմական գործողությունների ավարտից հետո
Ֆրանսիան կարող է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցումից հետո: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը։
«Մի քանի երկիր, ինչպիսիք են Ֆրանսիան, Բելգիան և Նիդեռլանդները, հնարավորություններ ունեն ականազերծման համար», – TF1 հեռուստաալիքի եթերում ասել է Վոտրենը։
Նա հավելել է, որ «ներկայում ոչ ոք չգիտի՝ ականապատված է արդյոք նեղուցը»։
Նրա խոսքով՝ գլխավոր հարցը Հորմուզի նեղուցում նավերին ուղեկցելու հնարավորությունն է, բայց միայն պաշտպանական եղանակով։ Վոտրենը նշել է, որ «Փարիզը մտադիր է վերսկսել ազատ նավագնացությունը Հորմուզի նեղուցում. դրանում է մեր նախաձեռնության էությունը»։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ելիսեյան պալատը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ապրիլի 17-ին հրավիրել են միջազգային տեսակոնֆերանս՝ Հորմուզի նեղուցում ազատ նավագնացությունը վերականգնելու համար։
Ֆրանսիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ խորհրդաժողովը կհավաքի «չմարտնչող երկրներին, որոնք պատրաստ են իրենց ավանդն ունենալ բազմակողմ և զուտ պաշտպանական առաքելության գործում՝ ուղղված Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության վերականգնմանը, երբ թույլ տան անվտանգության պայմանները»։



