Յուրաքանչյուր քաղաքացու վրա 2500 դոլար պարտք են դրել. 8 տարվա պարտքային ծանրակշիռ «ժառանգությունը»
Իր իշխանության 8 տարիներին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա 2.5 հազար դոլար պարտք է դրել։ Դա այն գումարն է, որն այդ ընթացքում պետական պարտքի տեսքով ավելացել է քաղաքացիների վրա։
Եթե մինչև ՔՊ-ականների իշխանության գալը յուրաքանչյուր քաղաքացուն ընկնող պետական պարտքը նույնիսկ 2.2 հազար դոլարից պակաս էր, հիմա հասել է ընդհուպ 4.7 հազար դոլարի՝ 2.5 հազարով ավելացել է։
Շատերին կարող է թվալ, թե այդ պարտքի հետ ինքը կապ չունի, ինքը չի վերցրել այդ պարտքն ու ինքը չի վճարելու դրա համար։ Բայց այդպես չէ։ Այդ պարտքերն ուղիղ կապ ունեն քաղաքացու գրպանի հետ։ Քաղաքացու գրպանից ու քաղաքացու հաշվին են վճարվելու այդ գումարները։ Քաղաքացու բերանից կտրելու են՝ վերադարձնեն պարտքերը։
Այսօր արդեն իսկ քաղաքացին իր գրպանից վճարում է այդ պարտքերի դիմաց, չնայած շատ դեպքերում չգիտի դրա մասին։ Այդ պարտքերը փակվում են այն գումարներից, որոնք քաղաքացին հարկերի ու տուրքերի ձևով վճարում է պետական բյուջե։ Դրանք քաղաքացիների գումարներն են, որոնք տարբեր ծրագրերի միջոցով պիտի վերադառնային տնտեսություն, ծառայեին տնտեսական ծրագրերի իրականացմանը, նպաստեին քաղաքացիների սոցիալական պայմանների բարելավմանը, բայց գնում են փակելու կառավարության վերցրած վարկերը։ Այս տարի արդեն կառավարության պարտքի միայն տոկոսները փակելու համար քաղաքացին ստիպված կլինի իր գրպանից վճարել ավելի քան 1.1 մլրդ դոլար։
Սա քաղաքացու փողն է, որ դուրս է գալիս քաղաքացու գրպանից այն պատճառով, որ իշխանության սիրտը շատ փող է ուզում։ Բայց քանի որ չկա այդ փողը, գնացել ուրիշներից պարտք է վերցրել, ու այսօր քաղաքացին ստիպված է այն վերադարձնել իր գրպանից՝ չիմանալով նույնիսկ, թե ինչ են արել այդ գումարները։
Պարտքեր նախկինում էլ են եղել, բոլոր իշխանություններն էլ այս կամ այն չափով պարտքեր են վերցրել, բայց այդ պարտքերը եղել են չափավոր։ Դրա համար էլ նախկինում քաղաքացին եռակի քիչ էր վճարում պարտքերը սպասարկելու համար, քան վճարում է հիմա։ Վերջին տարիներին պարտքի սպասարկման բեռը քաղաքացու վրա եռակի ծանրացել է։
8 տարում Նիկոլ Փաշինյանի հռչակած «հպարտ» քաղաքացու պարտքն անհամեմատ ավելի շատ է աճել, քան նախորդ գրեթե 28 տարվա ընթացքում։
Երբ ասում են, որ երկիրը պարտքերով են պահել ու պահում, հենց սա նկատի ունեն։ Յուրաքանչյուր քաղաքացու հաշվով 2.5 հազար դոլարի պարտք են կուտակել։ Այդ պարտքերով են արել այն ծախսերը, որոնք շատ հաճախ փորձում են ներկայացնել՝ որպես քաղաքացուն արվող լավություն։ Ասֆատ են արել, ջրագիծ են կառուցել, լուսավորություն են անցկացրել, քաղաքացու գրպանի պարտքերն ավելացնելու հաշվին են արել։ Արվածն էլ արդեն տեսնում ենք, թե ինչքան է դիմանում։
Մինչև վերջերս ասֆալտով էին հպարտանում, ձյունը եկավ, դա էլ քշեց-տարավ։
Այն, որ անորակ ասֆալտի հետևանքներն ընթացքում վերացնում են՝ կրկին ու կրկին ասֆալտ անելով, էլի ժողովրդի գրպանի փողերով կամ պարտքերն ավելացնելով են անում։
Ութ տարում ավելի քան 8 մլրդ դոլարի պարտքեր են վերցրել։ Արածներն էլ երբեմն մի քանի ամիս չդիմացող ասֆալտն է։ Եթե գոնե այդ գումարները դնեին արտադրություն զարգացնելու, տնտեսության կարողություններն ու հզորություններն ավելացնելու վրա, էլի ոչինչ։ Բայց այդ միլիարդների արդյունքները տնտեսության մեջ ոչ մի տեղ չեն երևում։ Ու դրանում դժվար չէ համոզվել՝ բացելով տնտեսության կառուցվածքը։
Ասում են՝ մեծ գումարների շրջանակներում տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերել բիզնեսին։ Տնտեսվարողները նոր տեխնիկա, սարքավորումներ են ձեռք բերել, տեխնոլոգիական վերազինում են իրականացրել՝ արտադրական պրոցեսներն ընդլայնելու, հզորություններն ավելացնելու, արտադրողականությունը բարձրացնելու համար։ Բայց դա ոչ մի կերպ չի երևում տնտեսության մեջ։ Չկա որակական փոփոխություն տնտեսության կառուցվածքում։ Տնտեսության կառուցվածքը դրանից ոչնչով չի բարելավվել, մի բան էլ ավելի է վատացել։
Եթե մի ժամանակ ՀՆԱ-ում առաջատարը մշակող արդյունաբերությունն էր, գյուղատնտեսությունը, հիմա մեծածախ ու մանրածախ առևտուրն է։ Մշակող արդյունաբերության ու գյուղատնտեսության կշիռը նվազել է, փոխարենը՝ առևտրինը՝ ավելացել։ Ավելացել է նաև շինարարության, ֆինանսական ոլորտի, խաղային բիզնեսի կշիռը, բայց ոչ արտադրական ոլորտինը, որը տնտեսության հիմնասյունն է։
Իրական տնտեսությունը նահանջել է, պատահական գործոնների վրա հիմնված ոլորտներ են առաջ եկել։ Ու այստեղ են առաջանում այն հարցերը, թե ի՞նչ են արել պարտքերի ձևով վերցրած այդ հսկայական գումարները, որ դրանից տնտեսության իրական հատվածը, մեծ հաշվով, ոչինչ չի շահել։ Գոնե նոր արտադրություններ ստեղծեին, գործողներն ընդլայնեին, դա էլ չեն արել։ Ո՞վ կարող է հիշել, թե վերջին 8 տարիներին Հայաստանում քանի՞ նոր արտադրություն է բացվել կամ քանի՞ նոր գործարան է կառուցվել ու հանձնվել շահագործման, քանի՞ նոր արտադրանք է թողարկվել։ Եթե նույնիսկ եղել են՝ դրանք մատների վրա կարելի է հաշվել։ Բայց չէ՞ որ խոսքն 8 տարվա մասին է։ Ու այդ 8 տարում ավելի քան 8 մլրդ դոլարի պարտք են ավելացրել։
Գումարները ծախսել են՝ առանց զարգացման ծրագրեր իրականացնելու։
Վաղն ինչպե՞ս են փակվելու այդ պարտքերը, երբ իրական հատվածի դերը տնտեսության մեջ գնալով նվազում է, իսկ պարտքերն ավելանում են։
Կարծում են՝ միայն ասֆալտ անելն ու ճանապարհ կառուցելը բավարար է, որպեսզի ներդրումներ գան, տնտեսական ծրագրեր իրականացվեն, զարգացում լինի։ Ութ տարում չհասկացան, որ միայն ասֆալտ անելով ու կիսատ-պռատ ենթակառուցվածք ստեղծելով՝ տնտեսություն չի զարգանա։
Զարմանալի չէ, որ այսքան տարի լինելով իշխանություն՝ իրենք են խոստովանում, որ մնացել են նույն դասարանում, ոչինչ չեն սովորել։ Դրա համար էլ պարտքերն ավելանում են, իսկ տնտեսությունը դրանից չի շահում։ Իրենք գուցե շահում են, իրենց գրպանների պարունակություններն ավելանում են, բայց դրանից քաղաքացուն ի՞նչ օգուտ։ Քաղաքացու գրպանի վրա միայն պարտքի բեռն է ավելանում ու պարտքի սպասարկման ծանրությունը, որը միլիարդներով է արդեն չափվում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



