Սիրախաղն ավարտվում է. ի՞նչ գին կվճարի Հայաստանը
Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի որդեգրած արտաքին քաղաքականությունը ֆիասկո է ապրում՝ լուրջ սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Արտաքին կողմնորոշումները փոխելու այսօրվա կառավարիչների անխոհեմ քայլերի ու հայտարարությունների համատեքստում Ռուսաստանը սկսել է բարձր մակարդակով ու բացեիբաց զգուշացնել այն մարտահրավերների մասին, որին այդ ճանապարհին կարող է բախվել հայ ժողովուրդը։
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և մեծ օգուտներ է ստանում այդ կառույցին անդամագրվելու արդյունքում։ Վերջին տարիների բարձր տնտեսական աճերը, որոնցով այդքան հպարտանում են, ևս դրա արդյունք են։
Սակայն անտեսելով այդ ամենն ու այն առավելությունները, որը Հայաստանին տալիս է ԵԱՏՄ անդամագրումը, ՔՊ-ական վարչախումբը՝ տուրք տալով իր եվրոպացի հովանավորների նկրտումներին, որոշել է երկիրը տանել ցնցումների ճանապարհով, լավ իմանալով, որ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն բացարձակապես անհամեմատեղելի են իրար հետ։ Եվ այդ ճանապարհին Հայաստանը ստիպված է լինելու ընտրություն կատարել, ինչը մեկ անգամ ևս Նիկոլ Փաշինյանին հիշեցրեցին Ռուսաստան կատարած հերթական այցելության ժամանակ՝ այս անգամ ՌԴ նախագահի բերանով։
Եվրաինտեգրման իր ձգտումներում Հայաստանի իշխանությունները ստիպված են լինելու ընտրություն կատարել, բայց այսպես շարունակվելու պարագայում, կարող են նույնիսկ ընտրություն կատարելու ժամանակ չունենալ։ Ռուսաստանում արդեն սկսել են խոսել այն մասին, որ Հայաստանը շատ մոտ է այն կրիտիկական կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի նրա հետ վերակառուցել իր տնտեսական հարաբերությունները։
Թե ի՞նչ է նշանակում Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների վերակառուցումը, շատ պարզ է ու հասկանալի, հատկապես այն պարագայում, երբ երկիրը բացարձակ անպատրաստ է այդպիսի շրջադարձային փոփոխությունների։
Այնպես չէ, որ Հայաստանը պարտադրված կամ պարտավոր է մշտապես կախված լինել Ռուսաստանից ու այլ տեղ գնալու ելք պարզապես չունի։ Բայց մինչ այդ, նախ պետք է պատրաստ լինել դրան։ Իսկ թե Հայաստանն այսօր ինչքանո՞վ է պատրաստ, նույնիսկ քննարկելու բան չկա։
Այն, որ Հայաստանի տնտեսությունը միշտ էլ առանցքային կապերով կապված է եղել Ռուսաստանի տնտեսության հետ՝ արտահանման ու սպառողական շուկաներ, կենսական նշանակության բազմաթիվ ապրանքների ներմուծումներ, տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցություն և այլն, նորություն չէ։
Հայաստանի արտաքին առևտրի 30-35 տոկոսը, առանձին տարիներին՝ ընդհուպ 40 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Դա արտահայտվում է՝ ինչպես արտահանումների, այնպես էլ՝ ներմուծումների տեսքով։
Ինչը շատ կարևոր է հենց Հայաստանի տնտեսության համար, հայկական ապրանքների գրեթե մեկ երրորդը սպառվում է ռուսական շուկայում։
Վերջին տարիներին Հայաստանի արտաքին առևտրի կախվածությունը Ռուսաստանից նույնիսկ ավելի է խորացել։ Նպատակ ունենելով երկիրը տանել եվրաինտեգրման ճանապարհով, իշխանությունները նույնիսկ քայլեր չեն արել այդ կախվածությունը թուլացնելու համար։
Այսպիսի պայմաններում, եթե Ռուսաստանը որոշի միակողմանի վերանայել տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ, դա նշանակում է ոչ միայն զրկվել ռուսական շուկայի սպառման, այլև մի շարք կենսական ապրանքների ներմուծման, այն էլ՝ արտոնյալ պայմաններով ներմուծման հնարավորություններից։
Խոսքը առաջին հերթին վերաբերում է ռուսական գազին, որի վրա նստած է Հայաստանի ոչ միայն՝ էներգետիկ համակարգը, այլև՝ ամբողջ տնտեսությունը։
Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Հայաստանը ռուսական գազը ստանում է արտոնյալ պայմաններով։ Այդ մասին առանց այլևայլության Նիկոլ Փաշինյանին հիշեցրեցին նաև Ռուսաստանում՝ ՌԴ նախագահի մակարդակով։
«Այսօրվա դրությամբ, գիտեք, էներգակիրների, ասենք՝ գազի գները Եվրոպայում տեղ-տեղ գերազանցում են հազար խորանարդ մետրի դիմաց 600 դոլարը։ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է հազար խորանարդի դիմաց 177,5 դոլարով։ Տարբերությունը մեծ է»,- հայտարարեց ՌԴ նախագահը։
Ակնարկը շատ պարզ է. Հայաստանը ռուսական գազը ստանում է արտոնյալ պայմաններով, ու դա այն քաղաքական գինն է, որը տրված է Հայաստանին։ Այդ գինը միայն գազի մասով հասնում է մի քանի հարյուր միլիոն դոլարի։
ԵՄ-ում գտնվելու դեպքում պետք է պատրաստ լինել գազ գնել այն գնով, ինչ գնով վաճառվում է միջազգային շուկաներում։ Այդ պարագայում ռուսական գազը Հայաստանի համար առնվազն կրկնակի, եթե ոչ եռակի թանկ կարող է լինել՝ իր ծանր հետևանքներով։ Գազի անգամ այսօրվա գների պարագայում Հայաստանի տնտեսությունը շատ դեպքերում չի կարողանում մրցակցել արտաքին, նաև ներքին շուկայում։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես է մրցակցելու գազի անգամ կրկնակի թանկացման պարագայում։
Այսօր Հայաստանը Ռուսաստանից ստանում է տարեկան 2.2 մլրդ խորանարդ մետրից ավելի գազ։ Սա Հայաստան մտնող գազի ավելի քան 82 տոկոսն է։ Այդ գազի համար Հայաստանն արտոնյալ գին է վճարում, բայց անգամ այդ գնի պայմաններում այն տարեկան կազմում է 390-400 մլն դոլար։
Հիմա պատկերացրեք, թե ինչքան կկազմի կրկնակի, առավել ևս՝ եռակի թանկանալու պարագայում։
Գազի թանկացումը, բացի այն, որ կկործանի տնտեսության բազմաթիվ ճյուղեր, կբերի նաև համատարած թանկացումների։ Իր հերթին քաղաքացին ստիպված կլինի շատ ավելի մեծ գին վճարել գազի սպառման համար։
Այլ երկրներից, նաև Ադրբեջանից գազ ներմուծելու հույսերը, որով վերջին տարիներին իշխանությունները փորձում են կերակրել հասարակությանը, սին են։ Ադրբեջանը, եթե նույնիսկ ի վիճակի լինի գազ մատակարարել Հայաստանին, դա չի լինի էժան գազ։ Դեռ չհաշված, թե այդպիսով Հայաստանն ինչ կախվածության մեջ է հայտնվելու թշնամի երկրից։
Ռուսական արտոնյալ գազին չի կարող այլընտրանք լինել նաև իրանականը, որն անհամեմատ ավելի թանկ է։ Զարմանալի չէ, որ ժամանակին նախկին իշխանություններին մեղադրելով միտումնավոր իրանական գազ չներմուծելու մեջ՝ իշխանության գալուց հետո Հայաստանի այսօրվա կառավարիչները շատ արագ մոռացան Իրանից գազ գնելու մասին։
Գազն ընդամենը մեկ ապրանք է, որին Հայաստանը կարող է բախվել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վերանայման պարագայում։ Բայց այդ ապրանքների ցանկը միայն գազով չէ, որ սահմանափակվում է։ Պակաս կարևոր չէ ռուսական շուկան, որն անփոխարինելի է հայկական ապրանքների համար։ Հանպատրաստից զրկվել այս ամենից, հանուն նրա, որ իշխանությունների ու իրենց եվրոպացի հովանավորների սիրտն այդպես է ուզում, այլ բան, քան միտումնավոր երկիրը հերթական արհավիրքների մեջ ներքաշել, դժվար է անվանել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



