
Դավիթ Բաբայանն արձագանքել է Բաքվի դատարանում «տուժողներից» մեկի ուշագրավ հայտարարությանը

Բաքվում հուլիսի 28-ին կայացած «դատական» նիստին շարունակվել է «տուժողների» հարցաքննությունները, և այս անգամ ադրբեջանական ցուցմունքները հիմնականում վերաբերել են 2020 թվականի 44-օրյային, մասնավորապես, պատերազմի առաջին օրերին և դարձյալ հոկտեմբեր ամսին տեղի ունեցած գործողություններին։
Դատարան գործուղված Ադրբեջանի քաղաքացիները պնդել են, թե «ՀՀ զինված ուժերի հրետանային, ականանետային և հրաձգային զինատեսակներից արձակված կրակից» իրենց կողմից իբր վիրավորներ, զոհեր են եղել սեպտեմբերի 28-ին և հոկտեմբերին։
Բացի այս, «տուժող» Ամին Մուսաևը, ըստ էության, ուշագրավ ցուցմունք է տվել, թե ինքը «հրաձգային զենքից վիրավորվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ Շուշի-Ստեփանակերտ միջնահատվածում, իսկ նոյեմբերի 11-ին գերի է ընկել», ավելի ուշ տեղափոխվել է Երևան, իսկ Ադրբեջան է վերադարձվել դեկտեմբերի 14-ին։
Բնականաբար, Մուսաևը պնդել է, որ գերության ժամանակ իր նկատմամբ հայկական կողմում «բռնություն է գործադրվել, չի ցուցաբերվել համապատասխան բուժօգնություն»։
Նշենք, որ 2023 թվականի հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթում առանցքային դեր ուներ Շուշիի անկման թեման:
«Նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին։ Որքան էլ Շուշիի իրավիճակի բացասական դինամիկայի մասին տեղեկացված էի, սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր խոսակցություններում, հրահանգներում, հրամաններում, խորհրդակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի: Եվ ստացել էի հավաստիացում, որ կպահվի: Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք: Այսինքն՝ պահեք Շուշին: Շուշին պահել, ետ վերցնել:
Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո՝ ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո, որ մենք Շուշիի ներսում ենք: Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահն ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է: Հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո նոյեմբերի լույս 10-ի գիշերվա հարձակումը կառավարության շենքի վրա, և երբ մեկ-երկու օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»,- ասել էր Փաշինյանը:
Իր հերթին՝ 2024 թվականի հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտնել էր.
«Նոյեմբերի 8-ին ես չէի կարող ասել՝ ինչպես կավարտվի պատերազմը»։
Հավելենք, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո 2020 թվականի նոյեմբերի 10-ի առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր․
«Նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ։ Իսկ այսօր ուզում եմ հայտարարել, որ իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել։ Չգիտեմ՝ պատմությունն ինչ գնահատական կտա, բայց այն որոշումը, որ կայացրել ենք երեկ, ստիպված ենք եղել, ինչո՞ւ․ նախ՝ ռազմական վիճակի առումով, որովհետև 43 օր մարտական գործողությունների արդյունքում կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին։ Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում։ Եթե շարունակվեր այդ տեմպերով, օրերի ընթացքում մենք կկորցնեինք ամբողջ Արցախը, կունենայինք շատ ավելի զոհեր»։
Այսինքն՝ ադրբեջանցի Մուսաևի ցուցմունքում և ներկայացված պաշտոնական հայտարարություններում ինչ-ինչ համընկնումներ կան, մյուս կողմից՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ստում էր՝ ասելով. «Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հարձակում տեղի ունեցավ կառավարության շենքի վրա, և երբ մեկ-երկու օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»:
Հուլիսի 28-ի «դատական» նիստի ժամանակ «տուժող» Ամին Մուսաևի ցուցմունքը լսելուց հետո Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը հարց է ուղղել նրան՝ ինչո՞ւ «նոյեմբերի 8-11-ն ընկած ժամանակահատվածում նրա մարտական ընկերներն իրեն չեն տարհանել»։
«Իմ մարտական ընկերները զոհվել են, իսկ վիրավորվելու պահին ես կորցրել եմ գիտակցությունս։ Եվ հետո պատերազմի ժամանակ հնարավոր չէ միանգամից տարհանել ո՛չ զոհերին, ո՛չ վիրավորներին»,- պատասխանել է ադրբեջանցի «տուժողը»։
Իհարկե, ադրբեջանական այս արձագանքը որոշ հարցեր է առաջացնում, իսկ Շուշիի անկման, ինչպես նաև Ստեփանակերտի մատույցներ նրանց հասնելու առնչությամբ դեռ անպատասխան մնացած հարցեր կան։