
Ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն. ժողովուրդը պետք է հասկանա՝ Փաշինյանին ումով է փոխարինում. ոչ մի ընդդիմադիր պատգամավոր իմպիչմենտին միանալով՝ որևէ վնաս չի կրում. Վլադիմիր Մարտիրոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Այն «ստատուս քվոն», որը կար Հայաստանի քաղաքական դաշտում Սրբազան շարժումից հետո, ինչ-որ կերպ պետք է խաթարվեր, և իմպիչմենտի գործընթացը դա արեց։ Պրոցեսը հետաքրքիր է այն առումով, որ այս պահին Փաշինյանին անհանգստություն պատճառող այլ պրոցես չկա։ Սակայն իմպիչմենտն ամենաժամանակատար, ամենառեսուրսատար՝ մարդկային առումով, ամենադանդաղ պրոցեսն է։
- Պրոցեսը պետք է սկսել՝ հասկանալու համար դիրքավորումները, և ամենահետաքրքիր մասը ՔՊ-ի հարցն է, որի շուրջ բախվում են մոտեցումները։ Ի վերջո, ի՞նչ է լինելու, եթե ապահովվի պատգամավորների 36 ձայները։ Այդ հարցն այս փուլում պատասխան չունի։
- Այո՛, քաղաքականությունը ենթադրում է ռիսկայնություն, ու դրա հաշվարկը պետք է ունենալ, բայց իմպիչմենտի գործընթացի մեջ ձախողման վտանգն ու հետևանքները գերագնահատված են։ Իմ կարծիքով՝ ռիսկայնության չափաբաժինը «Հայաստան» խմբակցությունը փոքր-ինչ գերագնահատում է։
- Այս ամբողջ քաղաքական գործընթացն իմպիչմենտի առումով գալիս-հանգում է մի հանգրվանի՝ ո՞վ է Նիկոլ Փաշինյանի վարչապետության հավակնորդը, որովհետև Փաշինյանն այս գործընթացի թիրախն է, մասնակիցը չէ։
- Որքան էլ ասենք, որ յուրաքանչյուրն էլ կարող է լինել վարչապետի թեկնածու, մարդ հավաքելու, փողոց գեներացնելու առումով թեկնածուի անձի հարցը շատ կարևոր է, որովհետև մարդիկ, որպես կանոն, անձի շուրջ են հավաքվում։ Բոլորն են նշում, որ իմպիչմենտի գործընթացն առանց հանրային պրոտեստի՝ անհնար է։
- Բագրատ սրբազանի շարժումը ձախողեց, որովհետև դրա քաղաքական շարունակությունը չեղավ։ Ասել, որ այսօր դա կարող է տեղի ունենալ առանց վարչապետության հավակնորդի ներկայացման, մի քիչ ռիսկային է ինձ համար։
- «Յուրաքանչյուրն էլ կարող է լինել վարչապետության թեկնածու» խոսույթը թույլ արգումենտ է․սա պետք է հաշվի առնել։
- «Հայաստան» խմբակցությունն իմ խորին համոզմամբ ՝շատ ավելի կողմնակից է ընտրությունների միջոցով քաղաքական հարցեր լուծելուն․ դա ռիսկային է, բայց անխուսափելի։ «Հայաստան» խմբակցության հավակնությունները՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի հավակնության, ինձ համար պարզ է։ Այստեղ կա քաղաքական կոնկրետություն։ Բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է պատրաստ լինեն ընտրություններին։
- Իմպիչմենտը հստակություն է պահանջում․ պետք է լինի վարչապետին փոխարինման հստակ կադր։
- Եթե Գյումրիում լիներ մեկ միասնական թեկնածու՝ Վարդան Ղուկասյան, բնականաբար, միայն Վարդան Ղուկասյանի համար ընտրազանգվածի հավաքագրման այս որակի աշխատանք չէր կարող լինել։ Մարդիկ չէին գա ընտրատեղամասեր միայն Վարդան Ղուկասյանի համար։ Ընտրությունների մեծ մասնակցայնության հետևում լուրջ տնային աշխատանք էր կատարված։ Քաղաքական թիմերը շատ լուրջ աշխատանք էին տարել իրենց ընտրազանգվածների հետ։
- Ոչ մի ընդդիմադիր պատգամավոր իմպիչմենտի գործընթացի մեջ ներգրավվելով՝ որևէ վնաս չի կրում։ Հակառակը, դա հնարավորություն է՝ ընտրություններից մեկ տարի առաջ ակտիվանալ, դիրքավորվել։ Պրոցեսի տեսանկյունից երկու խմբակցությունների պատկերացումները պրոցեսի վերաբերյալ տարբեր են։ Չի կարող ընդդիմությունը, քաղաքական կուսակցությունը չունենալ հավակնություն ու հավակնորդ։ Եթե «Պատիվ ունեմ»-ի պարագայում ունենք այս խնդիրը՝ հստակ լիդերության խնդիրը, «Հայաստան» խմբակցության պարագայում հավակնորդը կա: Բայց նրանց պատկերացումներն ընտրությունների ու իմպիչմենտի միջև ավելի շատ ընտրությունների կողմն են։
- Իմ ընկերներից մեկն ասում է՝ «Երկրորդ և երրորդ նախագահները կրակում են միմյանց վրա, փամփուշտը կպչում է ինձ»․ այսինքն՝ դրա ուղիղ հետևանքները մենք ենք կրում։
- Պրոտեստանտ զանգվածները պետք է իմանան՝ ինչի համար են դուրս գալու փողոց, ու բավարար չէ, որ թեման միայն հակափաշինյանականությունը լինի։
- Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում փոխադարձ խոր անվստահություն կա, չնայած մենք չենք դադարեցրել մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, բավականին խորը տնտեսական կախվածություն ունենք ԵԱՏՄ-ից։
- Ուկրաինայի քեյսից հետո մեր ռեգիոնում ներկայացված քաղաքական կենտրոնները շատ ավելի մեծ ուշադրությամբ են հետևելու, թե ինչ է տեղի ունենալու այստեղ։ Փաշինյանը մանևրելու խնդիր ունի։ Թրամփի հետ հարաբերություններ չկա, Պուտինի հետ կա խոր փոխադարձ անվստահություն։
- Ինձ համար միևնույն է՝ կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ չէ։ Ինձ համար էականն այն է, թե հայկական զորախումբը Մայիսի 9-ի շքերթին՝ որպես հայ ժողովրդի մեծագույն զոհողության առհավատչյա, կմասնակցի՞, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ մենք դա չենք տեսնի, և ինձ համար երկրորդական է՝ Փաշինյանն իր քաղաքական շահերի համար կգնա՞, թե՞ ոչ։ Ավելորդ է խոսել՝ ինչ է նշանակում հայկական զորախմբի բացակայությունը Մայիսի 9-ի շքերթին ու ադրբեջանական զորախմբի ներկայությունը։
- Ալեն Սիմոնյանն ամեն անգամ իրեն կոչում է քաղաքական գործիչ։ Բայց նա քաղաքական գործիչ չէ, այլ պաշտոն ունեցող անձ է, և երբ ամեն անգամ նա ասում է՝ ես քաղաքական գործիչ եմ, աշխարհում մի տեղ մի քաղաքական գործիչ է մեռնում։ Քաղաքական գործիչը չի կարող անել անպատասխանատու հայտարարություններ։ Երբ քո որակը՝ որպես քաղաքական գործիչ, այնքան վատն է, որ օդից կախված լուրերով ես եզրակացություններ անում, դա արդեն իսկ ամեն ինչի մասին խոսում է։ Քաղաքական գործիչը քաղաքական կշիռ պետք է ունենա։
- Ռուսաստանի համար Նիկոլ Փաշինյանի քաղաքական վառելիքը սպառված է։ Փաշինյանը պետք է հասկանա, որ նաև ԵՄ անդամ պետությունների վերաբերմունքն է իր նկատմամբ զրոյական։ Եվրոպացի գործիչները ՀՀ կառավարության և ԱԺ կողմից ընդունված Եվրաքվեի օրենքը քաղաքական ֆարս են համարում։ Ավելին, նրանք այս գործընթացի մասին խոսելիս միանգամից հիշում են 2017 թվականին ՀՀ-ԵՄ միջև կնքված CEPA-ն։ Մեկ բան է CEPA-ն, մեկ այլ բան՝ դատարկ, առանց ոտքերի եվրաինտեգրումը։
Հիշեցնենք, 2017թ. նոյեմբերին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որտեղ ներառված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես Արցախի խնդրի կարգավորման սկզբունքներից մեկը: Համաձայնագիրը վավերացվել է Հայաստանի Հանրապետության, բոլոր ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից՝ սահմանելով կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։
- Ռուսաստանի հետ մենք թղթի վրա պարտնյորներ ենք՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ունենք հսկայական իրավաքաղաքական փաստաթղթային բազա։ Ռուբիկոնն անցնելուց հետո հետ գալը դժվար աշխատանք է լինելու, իսկ անցնելու դեպքում հետևանքը կրելու է ողջ հայ ժողովուրդը։
- «Պատիվ ունեմ»-ը մոտիվացիա ուներ դեմ քվեարկելու Եվրաքվեի օրենքին, որովհետև իրենց օրոք իրենք նախաձեռնել ու ստորագրել են CEPA-ն, հետևաբար՝ կարող էին դեմ քվեարկել այդ կեղծ օրակարգին՝ լինելով ԵՄ հետ համագործակցության իրական օրակարգի հեղինակ։ Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության՝ այդ քվեարկությանը չմասնակցելուն, ենթադրում եմ, որ կարող էին այդպես անել ավելորդ պրոռուսականության մեջ չմեղադրվելու համար։ Գուցեև կա նաև արտաքին կողմնորոշման խնդիր, բայց ես դրա պատասխանը չունեմ։
- Այն հանրային հավաքագրումը, որը հաջողվել է Բագրատ սրբազանին, առայժմ լիդերության հայտ ներկայացրած և չներկայացրած որևէ մեկի չի հաջողվել։ Կրկնում եմ, թեկնածուի հարցը կարևոր է, որ ժողովուրդը պետք է հասկանա՝ Փաշինյանին ումով է փոխարինում։
Մանրամասները՝ տեսանյութում։