ԱՄՆ թիմը կբանակցի Մոսկվայի և Կիևի հետ, իսկ Թրամփը Զելենսկու և Պուտինի հետ կհանդիպի համաձայնության վերջնական փուլում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման ծրագիրն ավարտին հասցնելու նպատակով իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կմեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ։ Այս մասին Թրամփը հայտնել է Truth Social հարթակում գրառման մեջ։
«Վերջին շաբաթվա ընթացքում իմ թիմը հսկայական առաջընթաց է գրանցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի հարցում (Պատերազմ, որը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի)։ Նախորդ ամիս 25 000 զինվոր է զոհվել», – նշել է նա գրառման մեջ:
Թրամփը հավելել է, որ Միացյալ Նահանգների կողմից առաջարկվող 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը լրամշակվել է երկու կողմերից արված լրացումներով, և մնացել է անհամաձայնության միայն մի քանի կետ:
«Այս խաղաղության ծրագիրն ավարտին հասցնելու հույսով ես հանձնարարել եմ իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին Մոսկվայում հանդիպել նախագահ Պուտինի հետ, և միևնույն ժամանակ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Գրանցված ողջ առաջընթացի վերաբերյալ կտեղեկացնեն ինձ, ինչպես նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսին», – գրել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նշել է, որ Ուկրաինաի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի միայն այն բանից հետո, երբ համաձայնագիրը ավարտուն տեսք ունենա։«Հուսով եմ՝ շուտով կհանդիպեմ նախագահ Զելենսկու և նախագահ Պուտինի հետ, սակայն միայն այն ժամանակ, երբ այս պատերազմի ավարտի համաձայնագիրը վերջնական լինի կամ գտնվի իր վերջնական փուլում: Շնորհակալություն այս շատ կարևոր հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար, և եկեք բոլորս հուսանք, որ խաղաղությունը կհաստատվի որքան հնարավոր է շուտ», – եզրափակել է Թրամփը։
Իսկ Գոհաբանության տոնի համար Ֆլորիդա մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ 28 կետից բաղկացած նախնական առաջարկն այժմ բաղկացած է 22 կետից։ «Դա ծրագիր չէր, դա կոնցեպտ էր», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ հարցերից շատերը լուծվել են դրականորեն։
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Սթիվ Ուիթքոֆը Պուտինի հետ հանդիպման կմեկնի հաջորդ շաբաթ։

