Փաշինյանի կառավարությունն օրը 8.2 միլիոն դոլարով ավելացրել է պետական պարտքը

ՔՊ-ականների իշխանությունը Հայաստանը դարձրել է պարտքերով ապրող երկիր։ Պարտքերն այնքան են ավելացել, որ սպասարկման խնդիրների առաջ են կանգնեցրել։ Անընդհատ պարտքն ավելացնում են նախկին պարտքերը մարելու համար։ Ու որքան ավելացնում են, այնքան երկիրը ներքաշում են պարտքային մի շրջափուլի մեջ, որից դուրս գալն ավելի ու ավելի դժվար է դառնում։

Մի կողմից՝ խոսում են բյուջեի եկամուտների անհավանական աճերի մասին, մյուս կողմից՝ ահռելի պարտքեր են վերցնում՝ բյուջեի ծախսերը կատարելու համար։

Հեղափոխականների պոպուլիզմը դարձել է պարտքերի աճի շարժիչ ուժը։

Հարկերի տեսքով հավաքվող բյուջեի եկամուտները ծախսում են սեփական հաճույքների ու բարօրության վրա, պարտքեր են վերցնում՝ ժողովրդին պոպուլիզմով գայթակղելու համար։

Կարդացեք նաև

Որքան ընտրությունները մոտենում են, այնքան կենացները քաղցրանում են։ Բյուջեն փողի պակաս ունի, ու հույսը կրկին դրել են պարտքերի վրա։

Տարին նոր է սկսվել, բայց արդեն հասցրել են պարտքի հերթական խոշոր բեռը կուտակել պետության ու հարկատուների վրա։

Երեք ամսում պարտքն ավելացրել են շուրջ 739 մլն դոլարով, այսինքն՝ 2025 թվականին ամեն օր Հայաստանի պարտքն ավելացել է ավելի քան 8.2 միլիոն դոլարով։

Պաշտոնական տվյալներով, մարտի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հասել է 13 մլրդ 581 մլն դոլարի։ Անցած տարվա վերջին 12 մլրդ 842 մլն դոլար էր։

Ավելացրել են գերազանցապես կառավարության պարտավորությունների մասով, որոնց սպասարկման բեռը, ինչպես հայտնի է, կրում է պետական բյուջեն։ Որքան կառավարության պարտավորություններն աճում են, այնքան բյուջեի բեռը ծանրանում է։ Պարտքերի սպասարկման համար ավելի մեծ միջոցներ են ստիպված լինում հատկացնել։ Դրանով է պայմանավորված, որ վերջին տարիներին կառավարության պարտավորությունների սպասարկման գումարները շեշտակի ավելացել են։

Կառավարությանը պարտքն անցել է 13 մլրդ 70 մլն դոլարից։ Երեք ամսում ավելացել է 732 մլն դոլարով։ Ավելացել է՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պարտքի հաշվին։

Տարեսկզբին 521 մլն դոլարի հավելյալ արտաքին պարտք են կուտակել՝ հիմնականում եվրոպարտատոմսերի հերթական թողարկման միջոցով։

Հիշեցնենք, որ փետրվարին կառավարությունը պարտատոմսերի խոշոր տեղաբաշխում արեց ու 750 մլն դոլարի պարտք ներգրավեց։ Այն էլ անհավանական բարձր գնով՝ 7,1 տոկոսով։ Ու չնայած դրան, մի բան էլ ի սկզբանե հայտարարված պահանջարկից մի քանի հարյուր միլիոնով ավելի ներգրավեց։

Արդեն նույնիսկ պարտքի բարձր գնին չեն նայում, միայն թե փողը լինի՝ իրենց ֆինանսական ախորժակին հագուրդ տալու համար։ Ոչ մի նշանակություն չունի, որ պարտքի սպասարկման գինը հասցրել են առևտրային վարկերի գնին ու դրա հետևանքով պարտքի սպասարկման համար պետական բյուջեի հատկացումները տարեցտարի ավելանում են։ Ավելանում են՝ ինչպես պարտքի աճի, այնպես էլ՝ թանկացման պատճառով։

Երեք ամսում 211 մլն դոլարով էլ ներքին պարտքն են ավելացրել ու կրկին թանկ փողերի հաշվին։

Մեկ միլիարդ դոլարը, որն այս տարի պիտի վճարվի միայն պարտքի տոկոսները սպասարկելու համար, ահռելի մեծ գումար է պետական բյուջեի համար։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչքան սոցիալական ու տնտեսական խնդիրներ կարելի էր լուծել, եթե մի քանի տարում կառավարության պարտքն այսքան չծանրաբեռնեին ու դնեին բյուջեի վրա։

Իշխանության գալուց հետո հեղափոխականները հասցրել են պետական պարտքն ավելացնել 6 մլրդ 827 մլն դոլարով։ Կառավարության պարտքն այդ ընթացքում նույնիսկ ավելի շատ է աճել՝ 6 մլրդ 913 մլն դոլարով։

Մինչ այդ պետական պարտքը 6 մլրդ 754 մլն դոլար էր, իսկ կառավարության պարտքը՝ 6 մլրդ 157 մլն դոլար։

Պետական պարտքն ավելացրել են 2 անգամով, կառավարության պարտքը՝ 2,1 անգամով։

Անցած 27-28 տարիների ընթացքում, նախորդ բոլոր կառավարությունները միասին, 6 մլրդ 157 մլն դոլարի պարտք են վերցրել։ Միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հասցրել է վերցնել 6 մլրդ 913 մլն դոլարի պարտք. 756 միլիոնով ավելի շատ, քան նախորդ 27-28 տարվա ընթացքում։

Տնտեսության փոխարեն, պարտքն են հեղափոխական տեմպերով աճեցրել։

Այդքանից հետո, ժամանակին նախկիններին էին մեղադրում Հայաստանը պարտքերի մեջ թաղելու համար։ Իբր դեմ էին պարտքերին, եկել էին երկիրը պարտքերի ճիրաններից ազատելու, պարտքերի տակից հանելու, կարճ ժամանակում հասցրեցին սարսափելի ծանրաբեռնել պարտքը։

7 տարվա ընթացքում ավելի քան 6,9 մլրդ դոլարով կառավարության պարտքն ավելացրել են, բայց դրա տնտեսական արդյունքը տեսանելի չէ։ Գլուխ են գովում, որ ՀՆԱ-ն 10 մլրդ դոլարով ավելացրել են։ Եթե անգամ ոչինչ չանեին, միայն պարտքի հաշվին ՀՆԱ-ն 6,9 մլրդ դոլարով կավելանար։

Այդքան պարտքեր վերցրել, ծախսել են, տնտեսության պոտենցիալը ոչ մի միլիմետրով առաջ չի գնացել։ Ինչպես եղել է 4-4,5 տոկոս, այնպես էլ մնացել է։

Սա նշանակում է, որ այդ գումարները բացարձակ տնտեսական էֆեկտ չեն ունեցել։ Անիմաստ ծախսվել են, ավելացրել են պետական բյուջեի պարտքային բեռը, բայց տնտեսական ներուժի լրացուցիչ գեներացում չեն կատարել, որպեսզի վաղն ավելի հեշտ լինի սպասարկել այդ պարտքերը։

Դա է պատճառը, որ յուրաքանչյուր հաջորդ տարի կառավարությունը ստիպված է լինում ավելի շատ պարտքեր վերցնել՝ նախկինները փակելու համար։

Այս ճանապարհը Հայաստանը թաղելու է մշտապես աճող պարտքերի մեջ։ Պարտքերով վերցրած գումարները պետք է աշխատեն՝ պարտքերը վերադարձնելու համար։ Բայց չեն աշխատում, հավելյալ արդյունք չեն ստեղծում, հաճախ էլ՝ տոկոսներից բացի, տուժեր են բերում բյուջեի վրա։

Եթե այդ գումարները բանկերում ավանդ դնեին, նույնիսկ ոչինչ չանեին, գուցե օգուտն ավելի մեծ լիներ, քան է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս