
Տարածաշրջանային, աշխարհաքաղաքական հիմնահարցերի շուրջ Բաքվի և Թեհրանի մոտեցումները տրամագծորեն տարբերվում են. Արամ Շահնազարյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին մեկօրյա այցով գտնվում էր Բաքվում:
Ի՞նչ խնդիր լուծեց ԻԻՀ նախագահի այցը Բաքու իրանական կողմի համար, և որքանո՞վ էր այն շահեկան Ադրբեջանի համար: Արդյո՞ք սա երկկողմ հարաբերությունների վերանայում է, և Իրանը փորձում է չկորցնել իր դերը տարածաշրջանում: Եվ հաշվի առնելով, որ խոսվել է Իրանի՝ դեպի Նախիջևան ճանապարհ տալու մասին, թերևս, «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում կուլիսային և ոչ կուլիսային քննարկումներ են եղել:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:
– Բնականաբար, այցի գլխավոր նպատակներից երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների հնարավոր կարգավորումն էր։ Սակայն կարող ենք նշել, որ այդ ուղղությամբ հստակ և շոշափելի արդյունքների մասին խոսելն անիմաստ է։
Միգուցե այցը նպաստի երկկողմ հարաբերություններում առկա կնճռոտ հարցերի ժամանակավոր, մասնակի հարթեցմանը և լարվածության թուլացմանը, այդուհանդերձ, մենք պետք է հաշվի առնենք այն փաստը, որ Թեհրան-Բաքու հարաբերություններում առկա խնդիրներն այնքան խորքային ու համակարգային են, որ դրանք հնարավոր չէ կարգավորել նմանատիպ այցերով։
Եվ մանավանդ, որ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական հիմնահարցերի հետ կապված՝ կողմերի մոտեցումները տրամագծորեն տարբերվում են։
Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նախագահ Փեզեշքիանի հայտարարությունը, որով հստակ հասկացնել տվեց՝ այդ հարցում Իրանի դիրքորոշումներում չկա որևէ փոփոխություն, որովհետև այդ միջանցք կոչվածն ուղղակիորեն հակասում է Իրանի անվտանգային կենսական շահերին։
– Մոտ 4 տարի առաջ Իրանը 25 տարվա բազմակողմ համագործակցության համաձայնագիր ստորագրեց Չինաստանի հետ, և հիմա Չինաստանի համար Ադրբեջանը Հարավային Կովկասում ռազմավարական նշանակության գործընկեր է դառնում աստիճանաբար: Արդյոք կարո՞ղ են «խաչվել» այս երկու համագործակցությունները, եթե կարելի է այդպես ասել:
– Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց, կարծում եմ, պետք չէ Իրան-Չինաստան և Ադրբեջան-Չինաստան հարաբերություններն անմիջականորեն կապել միմյանց հետ։
Կան բովանդակային և նպատակային տարբերություններ, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ նրբություններ, որոնց համատեքստում դժվար թե հնարավոր լինի պատկերացնել Չինաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ ռազմավարական բնույթի համագործակցություն։
– Ինչպե՞ս է Բաքուն, այսպես ասած, համադրելու Իսրայելի և Իրանի հետ հարաբերությունները՝ Իրան-Իսրայել հնարավոր կոնֆլիկտի ֆոնին, թե՞ գոնե ժամանակավոր այս հարցն օրակարգային չէ: Ի դեպ, մայիսի 7-ին նախատեսվում է Իսրայելի վարչապետի այցը Բաքու:
– Առաջին հարցին պատասխանելիս նշեցի, որ երկու երկրների հարաբերություններում առկա են խորքային և համակարգային լուրջ խնդիրներ։ Դրանցից լրջագույնը, ես կասեի՝ Իսրայելի հետ Ադրբեջանի ռազմավարական հարաբերություններն են, որ կենսական նշանակություն ունեն Բաքվի համար, և Իրանին ուղղված անվտանգային բնույթի ամենակարևոր մարտահրավերներից են։
Չեմ կարծում, թե պաշտոնական Բաքուն կհրաժարվի այդ հարաբերություններից` հանուն Թեհրանի հետ հարաբերությունների հնարավոր վերջնական կարգավորման։ Այնպես որ, այդ հարաբերությունները կմնան՝ որպես Թեհրան-Բաքու հարաբերություններում առկա գլխավոր խնդիրներից մեկը։
– Չանտեսենք ԱՄՆ-Իրան հարաբերությունները, հատկապես, երբ Թրամփն առնվազն սկզբնական շրջանում իսրայելամետ էր ընկալվում, գուցե այս առումով շատ բան չի փոխվել:
– Իրան-ԱՄՆ հարաբերությունների ներկա հանգրվանի մասին խոսելիս, անհրաժեշտ է առաջինը հաշվի առնել այն հանգամանքը, որ այս պահին լարվածության աճը և հնարավոր ռազմական հակամարտությունը չի բխում երկու կողմերի շահերից։
Կողմերի միջև միջնորդավորված բանակցություններն ուղղված են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների կարգավորմանը։ Վաշինգտոնում գիտակցում են, որ Իրանը փաստացի կանգնած է միջուկային տերություն դառնալու շեմին, և միջուկային զենք ստեղծել-չստեղծելու հարցը պայմանավորված է ոչ թե տեխնոլոգիական հարցով, այլ բացառապես քաղաքական որոշման հարց է։
Այնպես որ, բանակցությունների ձախողումը /Իսրայելի մաքսիմալիստական պահանջների և հնարավոր սադրանքների ֆոնին/ և ռազմական հնարավոր առճակատումը, ոչ միայն ԱՄՆ-ին կներքաշի այնպիսի պատերազմի մեջ, որի ելքը պատկերացնելը դժվար է լինելու, նաև Իրանին կտա քաղաքական և բարոյական բոլոր հիմքերը՝ հրաժարվելու միջուկային զենք չստեղծելու քաղաքական որոշումից։
Մանավանդ, որ Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ռազմական հարվածները միայն ժամանակավորապես կարող են կասեցնել երկրի միջուկային ծրագիրը։ Կարծում եմ` եթե ԱՄՆ-ը բանակցություններին մոտենա իրատեսության դիրքերից և արտառոց պահանջներ առաջ չքաշի, ապա դրանց հաջողության հնարավորությունը շատ բարձր է։ Դա հասկանում են նաև Թել Ավիվում, և հենց դա է, որ նյարդայնացնում և անհանգստացնում է Իսրայելին։
– Իսկ մեր տարածաշրջանում ո՞վ է զսպում ադրբեջանական էսկալացիան՝ Իրա՞նը, ռուս-իրանական դաշի՞նքը, Ամերիկա՞ն, թե՞ Թուրքիան, ի վերջո, Սյունիքի թեման փակված չէ:
– Ո՛չ, Սյունիքի թեման միանշանակ փակված չէ: Եվ քանի դեռ ՀՀ գործող իշխանությունները չեն հրաժարվել իրենց հակաազգային, զիջողական քաղաքականությունից, այն շարունակելու է մնալ օրակարգային։ Ադրբեջանին զսպելու գործում կան բազմաթիվ գործոններ, բայց կարծում եմ, որ գլխավոր հանգամանքը շարունակում է մնալ Իրանի սկզբունքային և անփոփոխ դիրքորոշումը։
– Իրան-Հայաստան հարաբերություններում կա՞ նոր որակ, եթե հաշվի առնենք համատեղ զորավարժությունների փաստը, թեև կողմերից յուրաքանչյուրն այն իր տարածքում անցկացրեց, բայց դրա մեսիջը քաղաքական էր:
– Ակնհայտ է, որ կողմերը ձգտում են ամբողջովին նոր մակարդակի բարձրացնել երկկողմ հարաբերությունները։ Դրա վառ ապացույցը վերջերս տեղի ունեցած համատեղ զորավարժություններն էին, որոնք իրենց տեսակի մեջ առաջինն էին։
Իրանը, արդեն տևական ժամանակ է, ինչ պարզորոշ հասկացնել է տալիս, թե վճռական է Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում, մասնավորապես` անվտանգային և ռազմական ոլորտներում։
Կասկածից վեր է, որ նման հարաբերությունների ձևավորումը միանշանակ ազդելու է Այսրկովկասի աշխարհաքաղաքական հավասարումների վրա` ձևավորելով բոլորովին նոր իրողություն։ Բացառիկ հնարավորություն, որը չպետք է ձեռքից բաց թողնել։