«Ազգի ճակատագիր ես դրել զոհասեղանին ու նման բան ես ասո՞ւմ. սա հրաժարականի հիմք է». Գոհար Մելոյանը՝ Փաշինյանին

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանն ուշադրություն է հրավիրում գործող իշխանությունների խոսութային փոփոխության վրա՝ խաղաղության պայմանագրին հիմա համաձայնագիր են ասում, և ենթադրում՝ միտում ունեն այն ստորագրելու դեպքում խուսափել ներպետական վավերացման գործընթացից:

«Հաշվի առնելով միջազգային պայմանագրերի հետ կապված նախկին փորձերը՝ սկսած նոյեմբերի 9-ի տխրահռչակ կապիտուլյացիոն ակտից, դրան հաջորդած մի շարք հայտարարության տեսքով միջազգային պայմանագրերից, կարող ենք ենթադրություն անել, որ միտում ունեն այն ստորագրելու դեպքում խուսափել ներպետական վավերացման գործընթացից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Միևնույն ժամանակ նա նկատեց, որ անկախ նրանից՝ գործող իշխանություններն Ադրբեջանի հետ բանակցած և դրան համաձայնություն տված փաստաթուղթը կկոչեն պայմանագի՞ր, թե՞ համաձայնագիր, փաստաթղթի բնույթն է որոշում՝ արդյոք այն միջազգային պայմանագի՞ր է, թե՞ ոչ. «Պետությունների համար երկկողմանի պարտավորվածություններ նախատեսող փաստաթուղթը, այն էլ՝ խաղաղության եզրույթի առկայությամբ, նշանակում է, որ գործ ունենք ռազմական և քաղաքական բնույթի փաստաթղթի հետ, ու որևէ կերպ «համաձայնագիր» եզրույթը չի կաշկանդելու պարտադիր սահմանադրական պահանջը՝ այն անցկացնելու ներպետական գործընթացով: Այդ գործընթացից խուսափումը կրկին հակասահմանադրական գործընթաց է լինելու»:

Սահմանադրագետի խոսքով՝ այս գործընթացը՝ մեկնարկից մինչ մեր օրեր, ակնհայտորեն խնդրահարույց է դիվանագիտության, արտաքին քաղաքականության, իրավունքի, ռազմական անվտանգության, ազգային անվտանգության տեսանկյունից. «Ողջ գործընթացի լրջագույն խնդիրն այն է, որ մենք միակողմանի զիջումների քաղաքականության տիրույթ ենք տեղափոխվել, և, իհարկե, խնդրահարույց է մեր իշխանության կողմից նման տկար դիվանագիտության դրսևորումը: Արդեն ակնհայտ է, որ աշխարհակարգի փոփոխության և միջազգային իրավունքի ձևախեղման արդյունքում «ուժն է ծնում իրավունք» սկզբունքն է աշխարհում գործում: Ադրբեջանն արդեն զինված ներկայություն ունի մեր 4 մարզերում, ակնհայտորեն խախտել է մեր տարածքային ամբողջականությունը: Գործող իշխանություններն առկա գործիքակազմերը չեն կարողանում օգտագործել, որպեսզի մեր սահմանների անառիկությունն ապահովեն նույն միջազգային հանրության աջակցությամբ: Գերիների վերադարձի հարցում տոտալ անտարբերություն է դրսևորում մեր իշխանությունն այն դեպքում, երբ իրենց առաջնային պարտավորությունն է դա՝ անկախ իրենց կամքից»:

Կարդացեք նաև

Փաշինյանի հայտարարած տարածաշրջանային նշանակության Սահմանադրություն ստեղծելու գաղափարը նա համարում է ազգային անվտանգության և իրավական անվտանգության խնդիր. «Տարածաշրջանային Սահմանադրության գաղափարը մի շարք նոր ականներ ու վտանգներ է իրենից ներկայացնում, որովհետև յուրաքանչյուր Սահմանադրություն գրվում է տվյալ պետության և ազգի առանձնահատկություններից ելնելով և դրանք հաշվի առնելով: Ասել՝ տարածաշրջանային Սահմանադրություն, նշանակում է՝ քո հիմնարար փաստաթղթում ամրագրել օտարի շահեր, այն էլ՝ մեր բնույթի տարածաշրջանում, որտեղ մենք՝ հայկական հանրությունը, ունենք 2 թշնամի հարևան պետություններ, որոնց հետ սահմանները փակ են: Պատրաստվում ենք մեր Սահմանադրության մեջ ամրագրել թշնամիների շահե՞րը, թշնամիների հետ փոխհարաբերության ընթացք ու հիմք տվող ինչ-որ հարցե՞ր լուծել մեր հիմնադիր փաստաթղթում: Դա ազգային և իրավական անվտանգության հարց է»:

Նա շեշտեց՝ տարածաշրջանային սահմանադրություն ասվածը հակասում է ինքնիշխանության երևույթին. «Նոր սահմանադրության ընդունման պահանջը ևս հակասում է մեր ինքնիշխանությանը. Մենք թույլ ենք տալիս, որ հակառակորդը ներխուժի մեր ներպետական գործընթացներ: Ադրբեջանի նախագահը միայն նախորդ տարի շուրջ 3 տասնյակ անգամ հանրային կերպով խոսել է սահմանադրության փոփոխության պահանջի մասին: Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան պահանջում են մեր Սահմանադրության նախաբանից հեռացնել հղումն Անկախության հռչակագրին, որը մեր պետության ծննդյան վկայականն է, անձեռնմխելի փաստաթուղթ է»:

Գոհար Մելոյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության որդեգրած քաղաքականությունը բեռ է մեր սերունդներին. «Իրենք հավերժ չեն, իրենք իրավունք չունեն նման կերպ ՀՀ ճակատագրի հետ խաղալ: Ես լիահույս եմ, որ երբ մենք ունենանք ազգակենտրոն, հայկական շահով առաջնորդվող, հմուտ դիվանագետներ, ռազմական, քաղաքական գործիչներ, իրավական համայնք, այդ մարդիկ ամեն ջանք ու եռանդ կներդնեն, որպեսզի հնարավորինս չեղարկեն և, բնականաբար, ադրբեջանական կողմի վարքագիծը՝ իր բոլոր դրսևորումներով, ներկայացնեն միջազգային ատյաններին»:

Ինչ վերաբերում է հայցերի հետկանչի պահանջին, որին ևս համաձայնել է ՀՀ իշխանությունը, նա այստեղ բազում հարցեր է տեսնում. «Իսկ ի՞նչ, եթե մենք հայցերը հետ ենք կանչում, իսկ Ադրբեջանը նոր իրավական երանգներ է տալիս այս գործընթացին, և ավելի թեժ նյութական, ռեսուրսային պահանջներով նոր հայցադրումների հիմք է տալիս: Եթե Ադրբեջանը խախտի պայմանագիրը, այդ դեպքում մեր երաշխիքը ո՞րն է: Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ ասաց՝ մենք կնքում ենք, բայց չենք կարող երաշխավորել խաղաղություն, չգիտենք՝ Ադրբեջանը կհարձակվի՞, թե՞ ոչ:

Երբ գործադիր իշխանության ղեկավարը, բանակցային պրոցեսի ղեկավարն ու առաջնորդողն այդ բանակցային պրոցեսին նման գնահատական է տալիս, դա իր հրաժարականի հիմք է: Նա այդ պահից պարտավոր է հրաժարականի դիմում ներկայացնել և այդ պրոցեսի ղեկավարումը զիջել մի մարդու, ով ավելի հմուտ է: Այսինքն՝ մի ողջ պրոցես ես գեներացրել, ազգի ճակատագիր ես դրել զոհասեղանին, մարդկային կյանքեր, ու ասում ես՝ չեմ կարող անգամ ստորագրելու պարագայում երաշխավորել դրա կյանքի կոչո՞ւմը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս