
Անշարժ գույքի շուկան մտնում է դանդաղ նվազման փուլ

Անշարժ գույքի շուկայում, եկամտային հարկի վերադարձի օրենքի չեղարկումից հետո, ինչպես և սպասվում էր, ակտիվությունը նվազել է։ Կրճատվել են գործարքները։ Արձանագրվել է բնակարանների գների նվազում։ Կադաստրի կոմիտեի տվյալներով, հունվարին մայրաքաղաքում բնակարանների բավական կտրուկ էժանացում է գրանցվել։ Նախորդ ամսվա համեմատ գները նվազել են 1,1 տոկոսով։ Երևանի բնակարանային շուկայում կադաստրի կոմիտեն գների անկում էր գրանցել նաև նախորդ ամիս, սակայն անհամեմատ ավելի քիչ։ Անցած տարվա դեկտեմբերին Երևանում բնակարաններն էժանացել էին 0,1 տոկոսով։ Այս տարվա հունվարին գների անկումը 1 տոկոսային կետով ավելին է եղել։
Կադաստրի կոմիտեն գների նվազում է գրանցել մայրաքաղաքի անխտիր բոլոր վարչական շրջաններում։
Կենտրոնում գնանկումը, նախորդ ամսվա համեմատ, կազմել է 0,9 տոկոս։ Եթե անցած տարվա դեկտեմբերին միջին գները Երևանի ամենաթանկ բնակարանային շուկայում 1 քառակուսու հաշվով 909.100 դրամ էին, այս տարվա հունվարին իջել են մինչև 901.000 դրամ։
Մեկ ամսում գները նվազել են 8100 դրամով։ Նշենք, որ Կենտրոնում բնակարանների գնանկում էր տեղի ունեցել նաև նախորդ տարվա վերջին։ Ըստ այդմ, մայրաքաղաքի ամենաթանկ հատվածում 2 ամսվա ընթացքում գների նվազումն անցնում է 10.000 դրամից։ Այսպիսի դրսևորումներից հետո, Կենտրոնում բնակարանների միջին գները գրեթե վերադարձել են նախորդ տարվա սկզբի մակարդակին։ Կադաստրի կոմիտեի տվյալներով, 2025թ. հունվարին դրանք կազմել են 901.000 դրամ, ինչը 2024թ. հունվարից ավելի է ընդամենը 0,1 տոկոսով կամ հազար դրամով։
Արաբկիրում բնակարանների գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 1,1 տոկոսով։ Անցած տարվա դեկտեմբերին միջին գները մայրաքաղաքի այս հատվածում, ըստ կադաստրի կոմիտեի, տատանվում էին քառակուսու համար 643.000 դրամի շրջանակներում, դարձել են 636.000 դրամ։ Մեկ ամսում նվազել են, միջին հաշվով, 7000 դրամով։
Իհարկե, ինչպես Կենտրոնի պարագայում, սա տարբեր գոտիների վրա տարբեր կերպ է անդրադարձել, բայց ընդհանուր հաշվով գնանկում է տեղի ունեցել։
Արաբկիրում բնակարանների գների նվազում էր գրանցվել նաև նախորդ տարվա դեկտեմբերին։ Այն ժամանակ գների անկումը կազմել էր 0,5 տոկոս։
Ընդհանուր առմամբ, 2 ամսում Արաբկիրում կադաստրի կոմիտեն բնակարանների գների 10 հազար դրամի նվազում է արձանագրել։ Անցած տարվա նոյեմբերին միջին գները մայրաքաղաքի այս վարչական շրջանում կազմում էին 646.000 դրամ, այս տարվա հունվարին կազմել են 636.000 դրամ։
Արաբկիրում ևս, այս փոփոխություններից հետո, բնակարանների գները գրեթե վերադարձել են նախորդ տավա սկզբի մակարդակին։ Մեկ տարի առաջ տատանվում էին՝ 635.000 դրամի, այս տարվա հունվարին՝ 636.000-ի շրջանակներում։
Տարեսկզբին գների բավական կտրուկ փոփոխություն է գրանցվել Մալաթիա-Սեբաստիա և Ավան վարչական շրջանների բնակարանային շուկաներում։ Առաջինում գները, նախորդ ամսվա համեմատ, նվազել են՝ 2,6, երկրորդում՝ 2,4 տոկոսով։ Ըստ այդմ՝ Մալաթիա-Սեբաստիայում գնանկումը յուրաքանչյուր քառակուսու հաշվով կազմել է 10.500 դրամ, Ավանում՝ գրեթե 10.000 դրամ։
Դատելով կադաստրի կոմիտեի տվյալներից՝ հունվարին, նախորդ ամսվա համեմատ, Շենգավիթում բնակարաններն էժանացել են 8500 դրամով, Քանաքեռ-Զեյթունում՝ 3 հազար դրամով, Նոր Նորքում՝ 2000 դրամով, Աջափնյակում՝ 2 հազար դրամով, Էրեբունիում՝ 500 դրամով։
Դավիթաշենում հունվարին բնակարաններն էժանացել են 3000 դրամով, բայց մայրաքաղաքի այս վարչական շրջանում անցած տարվա դեկտեմբերին ևս գնանկում էր արձանագրվել։ Այն ժամանակ էլ միջին գների նվազումը գերազանցել էր 4000 դրամը։ Ստացվում է, որ վերջին երկու ամսում Դավթաշենում, պաշտոնական տվյալներով, բնակարանների գնանկումն անցնում է քառակուսու հաշվով 7000 դրամից։
Մայրաքաղաքի բնակարանային շուկայում վերջին 2 ամիսներին արձանագրված այս տեղաշարժերից հետո, էապես փոքրացել է գների տարբերությունը նախորդ տարվա համեմատ։ Անցած տարվա դեկտեմբերին այն հասնում էր 4 տոկոսի, արդեն այս տարվա հունվարին կամ ընդամենը 1 ամիս հետո կազմել է 2,4 տոկոս։ Տարբերությունը պահպանվել է հիմնականում Կենտրոնից և Արաբկիրից դուրս, բնակարանային շուկայի համեմատաբար ավելի էժան հատվածներում։ Բայց այստեղ էլ այլևս նախկին երկնիշ թանկացումները չկան։ Գնաճի տեմպը մեծապես թուլացել է
Նախորդ տարվա հունվարի համեմատ Քանաքեռ-Զեյթունում բնակարանների միջին գնաճը կազմել է 5,4 տոկոս, Նոր Նորքում՝ 5,1 տոկոս, Էրեբունիում՝ 4,3 տոկոս, Դավթաշենում՝ 3,3 տոկոս, Ավանում՝ 2,6 տոկոս, Աջափնյակում՝ 2,4 տոկոս, Շենգավիթում՝ 1,9 տոկոս, Մալաթիա-Սեբաստիայում՝ 1,4 տոկոս։ Բոլոր վարչական շրջաններում բնակարանների գնաճի տեմպը դանդաղել է։
Մայրաքաղաքում կարճաժամկետում արձանագրվող գնանկումն ու երկարաժամկետում գնաճի տեմպի թուլացումն ուղիղ կապ ունի տարբեր գործոնների, բայց հատկապես՝ եկամտային հարկի վերադարձի օրենքի գործունեության դադարեցման հետ։ Դրա հետևանքով տեղի է ունենում բնակարանների մատչելիության նվազում։ Առանց այն էլ վերջին տարիներին մայրաքաղաքում բնակարաններն այնքան են թանկացել, որ շատերի համար անհասանելի են դարձել։
Շուկայում նախորդ մի քանի տարիներին արձանագրվող բարձր ակտիվությունը կապված էր գերազանցապես եկամտային հարկի վերադարձի հետ։ Այն բանից, երբ որոշվեց Երևանում դադարեցնել դրա գործունեությունը, նման դրսևորումները միանգամայն սպասելի էին։ Տեղի է ունենում պահանջարկի կրճատում, ինչը հանգեցնում է գների նվազման։ Այլ հարց, թե դա մինչև ուր կարող է հասնել։ Կան տարբեր գնահատականներ ու սցենարներ, բայց դեռ վաղ է ասել, թե այս պրոցեսների արդյունքում որ կետի վրա կկանգնեն գները։ Շուկայում տեղի են ունենում գնանկումային երևույթներ։ Առայժմ դրանք գուցե այնքան մեծ չեն, բայց եթե շատ խորանան՝ անհնարին կլինի խուսափել ցնցումներից։
Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ բնակարանային շուկայի ակտիվացման օգտին չէ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Տնտեսական գործընթացների դանդաղելու, առաջնային ծախսերի ավելացումների, համատարած թանկացումների հետևանքով տեղի է ունենում քաղաքացիների եկամուտների ու գնողունակության անկում, ինչը ևս թուլացնում է բնակարանների նկատմամբ ներկայացվող պահանջարկը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ