Անշարժ գույքի շուկայում պահանջարկին զուգահեռ՝ աճում են գները. Անդրանիկ Հարությունով

Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը Կադաստրի պետական կոմիտեի վերջին շրջանի վիճակագրությունը վերլուծելուց հետո ասում է, որ անշարժ գույքի առաջնային շուկայում դինամիկ աճ կա՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում։

«Այստեղ հանգամանքներից մեկն այն է, որ կառուցապատողները և բանկերը տարբեր ֆինանսական կառույցների հետ կարողացել են գտնել այնպիսի մեխանիզմներ, որի պարագայում գնորդներին առաջարկվի տարաժամկետ, փուլային վճարումներով պրոդուկտներ՝ ոչ հիփոթեքային, որը լինում է առանց բանկային տոկոսների։

Օրինակ, ունենք բազմաթիվ կառուցապատող գործընկերներ, ովքեր առաջարկում են 5-10 տարի փուլային վճարման տարբերակով բնակարանի  գնում։ Այս գործիքը շատ լավ է ազդել անշարժ գույքի շուկայի վրա, օրինակ, առաջնային շուկայում ակտիվությունը մեծացել է։ Առաջնային շուկայում ակտիվությունը մարզերում է շատ մեծացել, քանի որ այս տարի վերջին տարին է, երբ գործում է եկամտահարկի վերադարձի մասին օրենքը և դուրս է գալու Երևանի հարակից մարզերի դեպքում»,- 168.amի հետ զրույցում ասաց Անդրանիկ Հարությունովը՝ խոսելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գործընթացների, միտումների մասին։

Ըստ մեր զրուցակցի, այն քաղաքացիները, որոնք պլանավորել էին թեկուզ հաջորդ տարի գույք գնել, փորձում են այս տարի բնակարան ձեռք բերել հիփոթեքով, որն արդեն տեղի է ունենում պետական սուբսիդավորմամբ, քանի որ տոկոսները եկամտահարկի տեսքով հետ են ստանում:

Կարդացեք նաև

«Հաշվի առնենք, որ հիմա մեծ միտում կա, օրինակ, երկրորդական շուկայում, որտեղ վաճառքի բնակարաններ ու այլ տարածքներ կան, դրանք մեծ մասամբ գնվում են հիմնականում ռուսաստանաբնակ հայերի կողմից։ Ակնհայտ է, որ այնտեղ մի քիչ պատերազմական իրավիճակ է, ֆինանսական, լոգիստիկայի խնդիրներ կան։ ՌԴ-ից շատ հայեր գալիս են Հայաստան ու անշարժ գույք են ձեռք բերում։

Մեր ընկերությունն այս պահին հիմնական գործունեություն է ծավալում առաջնային շուկայում, և մեր գնորդների մեջ էլ է աճ նկատվում ՌԴ-ից եկող մեր հայրենակիցների կողմից, ովքեր ուզում են Հայաստանում պարտադիր գույք ձեռք բերեն»,- հավելեց Անդրանիկ Հարությւոնովը։

Ինչ վերաբերում է վարձակալական շուկայում տեղի ունեցող միտումներին, մեր զրուցակիցն ասաց, որ հիմա զբոսաշրջային սեզոն է, իսկ այս սեզոնին հիմնականում, բացի հյուրանոցներից, այն գույքերը, որոնք մարդիկ ձեռք են բերել ներդրումային նպատակով, հանձնում են վարձակալության՝ հատկապես օրավարձով։ Եթե նախկինում անշարժ գույքը հանձնում էին հիմնականում Կենտրոնում, մասնավորապես՝ Արաբկիրում, հիմա մայրաքաղաքի գրեթե բոլոր հատվածներում այդ շարժը կա։

Հարցին՝ կա՞ որոշակի վիճակագրություն՝ օտարերկրացիները շա՞տ են անշարժ գույք ձեռք բերում Հայաստանում, Անդրանիկ Հարությունովը պատասխանեց՝ վիճակագրության մեջ օտարազգիները չնչին տոկոս են կազմում։

«Մեր հայրենակիցների մի մասը 2 կամ 3 քաղաքացիություն ունի, Կադաստրի կոմիտեի վիճակագրության մեջ կտեսնենք, որ, օրինակ, ՌԴ 50 քաղաքացի կամ Իտալիայի քաղաքացի այս տարի Հայաստանում օտարել է բնակարան, մեծ մասամբ նրանք հայեր են, ովքեր ունեն նաև այլ երկրի քաղաքացիություն։ Ցավոք, մեզանում անշարժ գույքի շուկան այնպես չէ, ինչպես Վրաստանում է կամ այլ զարգացած երկրում, որոնք իրենց շուկան բրենդավորում են, որպեսզի միջազգային շուկաներից իրենց շուկա ներդրողների հոսք բերեն, իրենց պետություն գումար բերեն։ Սա մենք այս պահին չունենք, սակայն բոլորս էլ ուզում ենք, որ մեր շուկան ավելի միջազգայնացնենք։

Անշարժ գույքի պահանջարկը որքան մեծանում է, գներն այնքան բարձրանում են, և սա ցանկացած շուկայում է։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ Կենտրոնական բանկն էր իր անցած տարվա հաշվետվության մեջ ռիսկեր նկատել, բայց այս տարի հակառակը եղավ, գործարքների թիվն ավելի շատ էր, քան նախորդ տարի, և ամեն տարի հետաքրքրությունը մեծանում է։ Մի քանի առանձնահատկություն կա, որ մեր պետությունում բնակվող բնակչությունից շատ դրսում սփյուռք ունենք, և իրենք շատ կապված են Հայաստանի հետ»,- նշեց մեր զրուցակիցը և հիշեցրեց Սիրիայում բռնված պատերազմի ժամանակ սիրիահայերի Հայաստան վերադարձը, որոնց մի մասը Հայաստանում ձեռք բերեց անշարժ գույք։

Նույն գործընթացը տեղի է ունենում նաև ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031