Մինչ կառուցապատողները փորձում են համոզել, թե հիփոթեքի պարագայում եկամտային հարկի վերադարձի պահանջը մայրաքաղաքում չեղարկելուց հետո անշարժ գույքի էժանացում չպետք է ակնկալել, անցած տարվա վերջին Երևանում բնակարանների գների նվազում է դիտարկվել։ Կադաստրի կոմիտեն արձանագրել է, որ դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Երևանում բնակարանները 0,1 տոկոսային կետով էժանացել են։
Այսօր մեր հասարակության գերակշիռ մեծամասնության գնողունակությունը չափազանց հեռու է այն գներից, որոնք վերջին տարիներին հաստատվել են անշարժ գույքի շուկայում։ Ում գնողունակությունն էլ բավարարում է այդ պայմաններում բնակարան կամ անշարժ գույք ձեռք բերելու համար, արդեն հասցրել է դա անել։
Կառավարության ու Կենտրոնական բանկի չպատճառաբանված գործողությունների հետևանքով, վերջին մեկ-երկու տարիներին անշարժ գույքի շուկան Հայաստանում հասցրել է չափից դուրս տաքանալ։ Շուկան այնքան են ծանրաբեռնել հիփոթեքային վարկերով, որ չափազանց շատ ռիսկեր են կուտակվել։ Ձևավորվել են չհիմնավորված բարձր գներ։ Անշարժ գույքի գերարժևորումը, Կենտրոնական բանկի վերջին գնահատումներով, հասնում է 25 տոկոսի։