ՀՀ իշխանություններն այլընտանքային խաղ են սկսել և այդ խաղն ի վնաս Հայաստանի շարունակում են». Արթուր Մարտիրոսյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ քիչ հավանական է համարում հայ-ադրբեջանական բանակցություններում Մոսկվայի միջնորդության ընդունումը, սակայն յուրաքանչյուր առաջարկ, եթե կոնկրետ է լինում, քննարկում են։

«Անցած փորձը շատ վատ հուշեր է թողել, և, ի վերջո, մենք ունենք շատ չլուծված հարցերի պատասխաններ, որոնք մինչև այսօր չունենք։ Օրինակ, ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորքի հետ կապված, դե, ՀԱՊԿ-ի օրինակը չեմ բերում, բայց իրենք շատ են սիրում խոսել ՀԱՊԿ-ից ու ասել, թե այն գոյություն ունի։ Բացի այդ, Հայաստան-Ռուսաստան մենք միջպետական պայմանագիր ունենք, չէ՞»,- իր խոսքում ասել էր Ալեն Սիմոնյանը։

Նրա այս հայտարարությանը հաջորդեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակի արձագանքը։ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, սակայն երկրներն ի վիճակի են բանակցություններն ինքնուրույն վարել։

«Երևանից տարբեր մակարդակներում մենք հայտարարություններ ենք լսել, որ միջնորդների կարիք չկա: Երևանը և Բաքուն ի վիճակի են ինքնուրույն շարունակել այդ բանակցությունները մինչև գործընթացի ավարտը։ Թեև մենք շարունակում ենք պատրաստ լինել տրամադրել ցանկացած հնարավոր օգնություն, մենք կողջունենք անկախ ջանքերը: Գլխավորն այն է, որ տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, մնա կանխատեսելի, խաղաղ, վերածվի բարգավաճման և համագործակցության տարածքի»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունները։

Կարդացեք նաև

Բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե այս ամենն ինչով կարող է ավարտվել։ Սակայն, ըստ նրա՝ չես կարող ունենալ հարևան, նման հզոր խաղացող, որից ունես այդքան մեծ կախվածություն, և հանկարծ մտնես ինչ-որ խաղերի մեջ։

«Եթե Ռուսաստանը չի կարող լինել միջնորդ, ապա ո՞վ կարող է լինել լավ միջնորդ Ալեն Սիմոնյանի համար։ Կարծում եմ՝ իրենց առհասարակ միջնորդ պետք չէ, որովհետև իրենք անմիջապես շփվում են Բաքվի հետ և բոլոր հարցերում գալիս են համաձայնության։ Այսինքն՝ իրենք գալիս են այնպիսի լուծման, որը պահանջում են ադրբեջանական և թուրքական կողմերը։ Իրենց պատկերացմամբ՝ այդ ամենն անելուց հետո թուրքերը և ադրբեջանցիներն ասելու են՝ «դե լավ, այն, ինչ տվեցիք, ինչ պահանջում էինք, գնացիք զիջումների, ուրեմն՝ մենք ձեզ հանգիստ ենք թողնում», և սա է լինելու Նիկոլ Փաշինյանի պատկերացրած խաղաղությունը։ Բայց սա, իհարկե, թյուրիմացություն է, քանի որ Ադրբեջանի պահանջները չեն սահմանափակվելու Նիկոլ Փաշինյանի պատկերացրածի սահմաններում, նրանք շատ ավելի մեծ պահանջներ ունեն։ Թուրք-ադրբեջանական տանդեմը մշտապես ասում է՝ ծրագիրը մինչև վերջ հասցնելու են, իսկ այդ ծրագրի վերջը նշանակելու է, որ Հայաստանն այլևս չի լինելու»,- 168.am հետ զրույցում նշեց Արթուր Մարտիրոսյանը։

Նա նաև ընդգծեց՝ եթե ՀՀ իշխանությունը հույսը դրել է նրա վրա, որ ամենաբարդ սցենարում Արևմուտքը հասնելու է և փրկի Հայաստանին՝ թյուրիմացություն է, քանի որ պատմականորեն այդպես չի եղել և այժմ էլ այդպես չի լինելու։

«Չեմ տեսնում Հայաստանի հետ խորը շահեր, որ Արևմուտքն ինչ-որ քայլեր ձեռնարկի։ Կանե՞ր Ռուսաստանը, թե՞ չէր անի, սա էլ է, իհարկե, հարցական է, բայց այս հարցի պատասխանը հետևյալում է՝ դու ի՞նչ ես անում կամ ի՞նչ չես անում, որ հարաբերություններդ այդ երկրի հետ նորմալ լինեն, մեղադրելը միշտ հեշտ է։ Հենց սկզբից իրենց վարած քաղաքականության պատճառով հարաբերություններն այնպիսին չէին, որ Ռուսաստանը կարող էր գնալ քայլերի, որը կարող էր իր շահերից և չբխեր, բայց նա կգնար այդ քայլին։

Իշխանությունները միշտ գնացել ու այլընտանքային խաղ են սկսել և այդ այլընտրանքային խաղն ի վնաս Հայաստանի շարունակում են»,- շեշտեց Արմեն Մարտիրոսյանը։ 

Տեսանյութեր

Լրահոս