«Նման պայմաններին ես չէի կարող համաձայնվել, որքան էլ հասկանում էի իրադրության ծանրությունը». Մեղրիին առնչվող 2020 թ. հոկտեմբերի 19-ի չընդունված Ադրբեջանի պայմանը և այսօրվա ընդունվողը
Մեղրիի հետ կապված ինչ առաջարկ է արվել պատերազմի օրերին, ինչպես է այն «չեզոքացվել», և որքանով է այսօր Փաշինյանի կողմից ընդունվողը տարբերվում դրանից
Հունվարի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրանսպորտային հարցերով խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ նա դարձյալ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»:
«Ե՛վ միջազգային մակարդակով, և՛ Հայաստանի հետ երկկողմ շփումների ընթացքում մենք անընդհատ շեշտում ենք մի խնդիր՝ պետք է ապահովել Ադրբեջանից Ադրբեջան (Նախիջևան) անարգել անցումը, որը պետք է լինի հարմարավետ և ազատ՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների»,- ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։
Ալիևը նաև ասել է, որ եթե Հայաստանը ցանկանում է իրականացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմի Ադրբեջանին, քանի որ առանց Բաքվի՝ դա ընդամենը «թղթի կտոր» է:
Սրանից հետո «Ազատություն» ռադիոկայանը ծավալուն վերլուծություն-ռեպորտաժ է հրապարակել՝ «Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի» վերտառությամբ, որտեղ նշում են, թե «ԱՄՆ Պետդեպարտամենտը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին՝ Ղարաբաղի դիմաց, և, որ ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել»:
«…ԱՄՆ փոխպետքարտուղար Թալբոթը զգուշացրել է՝ թե՛ Ալիևը, թե՛ Քոչարյանը խնդրում են, որ իրենց համաձայնությունը մնա խիստ գաղտնիության պայմաններում։
Դեմիրելը խոստացել է՝ տեղեկությունը սենյակից դուրս չի գա։ Փոխպետքարտուղարի հետ այդ հանդիպմանը Հայաստանի նախագահը հարց է բարձրացրել նաև Իրանի հետ կապերը պահելու անհրաժեշտության վերաբերյալ.
«Քոչարյանն ասաց, թե Հայաստանն ուզում է Ադրբեջանի և/կամ Թուրքիայի հետ երկխոսության միջոցով ինչ-որ ճանապարհ գտնել՝ երաշխավորելու իր համար կարևոր առևտրային կապերն Իրանի հետ։ Դեմիրելը համաձայնեց՝ Ադրբեջանը դա անելու համար կարող է ինչ-որ ձև գտնել»։
Բաքվում, սակայն, մտադիր չէին նոր զիջումների գնալ։ Սադարակում տեղի ունեցած հանդիպումից շաբաթներ անց՝ 1999-ի նոյեմբերին, հայր Ալիևը Վաշինգտոն է գործուղել ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում էին երկրի վարչապետն ու ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը։ Փոխպետքարտուղարի հետ նրանց հանդիպման սղագրությունից ակնհայտ է, որ նրանք Վաշինգտոն էին մեկնել հենց տարածքների փոխանակման տարբերակը քննարկելու»,- մասնավորապես, նշվում է «Ազատության» վերլուծության մեջ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը yerevan․today-ի խնդրանքով անդրադարձել է «Ազատության» փոխանցած գաղտնազերծումներին և պնդումներին:
«Այսպես կոչված, «Մեղրին տալու» տարբերակի կարծեցյալ գոյության ապացուցման համար մեջբերվում են բացառապես ադրբեջանցի, թուրք և ամերիկացի դիվանագետների նամակագրության հատվածական մեջբերումներ, որոնք լի են սուբյեկտիվ կռահումներով և ընկալումներով։
Դիվանագիտությունից փոքր-ինչ հասկացող մարդը կարող է հասկանալ, թե դիվանագիտական ինչ կարողություններ և ջանք է պետք 1999 թվականի գարնանը Ալիևին արած ցանկություն-առաջարկն արդեն 2001 թվականին վերածելու Քի Վեսթի փաստաթղթի։
Այսպես, 1999 թվականին Հեյդար Ալիևը առաջարկում է փոխանակել Մեղրին Արցախի հետ, իսկ արդեն 2001 թվականին Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված պաշտոնական փաստաթղթով Քի Վեսթում առաջարկվում էր Արցախի միավորում Հայաստանին։ Ընդ որում, շեշտեմ, այդ թղթում Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին տառ անգամ չկար, Ադրբեջանին ընդամենը ճանապարհ էր տրվում դեպի Նախիջևան։ Այս ահռելի տրանսֆորմացիան տեղի է ունեցել ամենօրյա դիվանագիտական ջանքերի շնորհիվ, առանց շոուների և պոպուլիստական զեղումների։ Սրա մասին Նախագահ Քոչարյանի գրքում պարզ և մատչելի գրված է։
«Ազատության» նյութից տպավորություն է ստեղծվում, թե նախագահ Քոչարյանը Մեղրին տալիս էր, իսկ Հեյդար Ալիևի պես փորձառու և հմուտ քաղաքական գործիչը հրաժարվում էր այն վերցնել»,- նշվում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի պարզաբանման մեջ:
Իսկ «Ազատության» վերլուծությունից հետո տարբեր շրջանակներից եղան դիտարկումներ, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Մեղրիով միջանցք կամ ճանապարհ տալուն, և այս քայլը փորձելու է արդարացնել՝ սլաքը նախկիններին ուղղելով:
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին» և ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ Հանրային հեռուստաընկերության հարցերին ի պատասխան:
«Մենք Ադրբեջանին շատ կոնկրետ առաջարկ ենք արել: Ընդ որում, դա նույնիսկ առաջարկ չէ, այլ հարցի լուծում, որը մեր գնահատմամբ և ակնհայտորեն՝ հաշվի է առնում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումները, և էդ դիրքորոշումների հաշվառմամբ առաջարկել ենք, որ Արևմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից, լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, և հակառակ ուղղությամբ, բայց նույն սկզբունքով: Առաջինը պարզ է՝ Հայաստանի տարածքով, կոնկրետ՝ Մեղրիով: Ինչո՞ւ Մեղրիով: Որովհետև մյուս երկաթուղին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա, գիտեք, Տավուշի մարզում՝ Հաղարծինի հատվածում սողանքի հետևանքով այնպիսի մեծ ավերածություններ են, որ այդտեղ երկաթուղին վերականգնելն այնպիսի մեծ ինվեստիցիաների հետ է կապված, որ դա լուծելը շատ բարդ խնդիր է: Ես հույս ունեմ, որ կոմունիկացիաներն այն աստիճանի կակտիվանան, որ այդ ներդրումն իմաստ կունենա եկամտաբերության տեսանկյունից: Բայց էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղով Արևմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Զանգելանի շրջանից Մեղրիով Նախիջևան՝ հակառակ ուղղությամբ, և Երասխից Նախիջևանի տարածքով՝ Մեղրի և հակառակ ուղղությամբ… Ե՛վ Հայաստանը Ադրբեջանի տարածքով միջազգային առևտրի համար, և՛ Ադրբեջանը Հայաստանի տարածքով միջազգային առևտրի կամ բեռնափոխադրումների համար… Մենք այդ առաջարկն արել ենք»,- մանրամասնել է նա՝ հավելելով, որ այդ առաջարկի կարևոր նրբություններից մեկն այն է, որ հաշվի առնելով մթնոլորտը, հարաբերությունների լարվածությունը, այս փուլում մենք որոշ ժամանակ կսկսենք բեռնափոխադրումները, հետո, երբ մթնոլորտը համապատասխան կլինի, կմտածենք նաև ուղևորափոխադրումների մասին:
«Անկեղծ ասած՝ սպասում ենք Ադրբեջանի դրական պատասխանին, և եթե շատ անկեղծ լինեմ, իմանալով նրանց դիրքորոշումները բանակցությունների ժամանակ, լավ չեմ պատկերացնում, թե ինչու իրենք պիտի դա մերժեն: Լուծում ենք գտել, որ երկուսիս առաջադրած խնդիրներն էլ լուծում են: Հիմա իրանք դրան ինչ անուն են տալիս, մենք ինչ անուն ենք տալիս»,- նշել է Փաշինյանը՝ կարևորելով հարցի էությունն ու բովանդակությունը:
«Մեր առաջարկած լուծումը լիարժեք համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի սկզբունքներին, բայց համապատասխանում է նաև այն ակնկալիքներին, որն Ադրբեջանն է բարձրացնում բանակցությունների ժամանակ: Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում՝ Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանցում»,- շարունակել է նա:
Հավելենք, որ օրեր առաջ 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հերթական անգամ հիշեցրել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող վտանգների մասին և այս անգամ նույնիսկ առավել մանրամասն և խորությամբ՝ չանտեսելով նաև Նիկոլ Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկը»:
«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դեռ արդիական է, և դեռ լուծումներ կան, որոնք պիտի տրվեն: Թե ինչպիսի որոշում կկայացնի ժողովուրդը, ես չեմ կարող ասել: Բայց այն, ինչ բաց տեքստով ասվում է, ուզում եմ նորից շեշտադրել: Այն թեզը, որ այսօր կառավարությունը տանում է «Խաղաղության խաչմերուկի», թվում է՝ շատ լավ գաղափար է: Եվ այդ «Խաղաղության խաչմերուկ» եզրույթը, որ ինքը (Նիկոլ Փաշինյանը։- Մ.Պ.) առաջ է տանում, այնտեղ մի արտահայտություն կա, որն ինձ մոտ սարսափ է առաջացնում՝ «փոխադարձության սկզբունքով», այսինքն՝ ճանապարհների օգտագործումը փոխադարձության սկզբունքով: Ես դա հասկանում եմ հետևյալ կերպ, եթե ես սխալվում եմ, շատ լավ՝ թող սխալվեմ: Փոխադարձության սկզբունքը ես հասկանում եմ այսպես՝ այդ «Խաղաղության խաչմերուկի» ճանապարհները, որ պիտի անցնեն Հայաստանի և Ադրբեջանի միջով, ՀՀ քաղաքացիները և Ադրբեջանի քաղաքացիները բոլորը կարող են օգտվել նույն տրամաբանությունով: Իշխանություններն ասում են՝ մենք էլ կգնանք, իրանք էլ կգան, բայց փակագծերը չեն բացում:
Ովքեր աշխարհագրություն գիտեն և մեր տեղանքը պատկերացնում են, իրականում դա մեզ համար նշանակում է՝ Մեղրիից Նախիջևանով գալ Երասխ: Մեզ համար դա միակ ճանապարհն է, որ կարող ենք օգտագործել Ադրբեջանի տարածքը: Կամ՝ Ղափանից, հիմա Գորիսի հատվածում, որ ճանապարհը փակել են, էդ ճանապարհով Ղափանից Գորիսով գան Երևան: Եվ նույնը նշանակում է, որ Նախիջևանից դեպի Ադրբեջան, ընդ որում, այդ ճանապարհն օգտագործելու են նաև Թուրքիան, ամբողջ միջինասիական երկրների շարժը: Այսինքն, 1 անձ կամ 1 մեքենա Մեղրիից կարող է համարձակվի Նախիջևանով գա Երասխ, բայց 1 միլիոն մեքենա կանցնի էդ ճանապարհով նույն սկզբունքով: Եվ այդ փոխադարձության սկզբունքը, եթե բերեց նրան, ինչ Ադրբեջանը պահանջում է, Հայաստանի համար բավականին դժվարին պայմաններ է ստեղծելու»,- մասնավորապես, ասել է գեներալը և հավելել.
«Եթե քաղաքական այնպիսի որոշում չլինի, որը բավարարի Ադրբեջանին, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի է կոչվելու ավելի վատ հետևանքներով: Մոտավորապես նկատի ունեմ այն, որ եթե Հայաստանն Ադրբեջանին որևէ ճանապարհ չտա Նախիջևանին կապող…, ավելի կոնկրետացնեմ՝ եթե այդ ճանապարհը չլինի, ուրեմն՝ այդ ճանապարհը լինելու է, և դրա անվտանգությունը վերահսկելու է ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանը, այլ՝ ռուս-թուրքական զորախումբը, որի ղեկավարման կետը մինչև օրս Աղդամում գործում է: Դաժան հեռանկար է, բայց իրականությանը մոտ»:
Վերադառնանք «Ազատության» վերլուծությանը, որտեղ նշվում է. «Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն, մասնավորապես, գաղտնի հեռագրերից մեկում պնդում է, թե հոկտեմբերի 27-ի կեսօրին Հայաստանի նախագահականում վարչապետ Վազգեն Սարգսյանը կողմ է եղել Քոչարյանի ու Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությանը։ Փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը, մինչդեռ, նույն օրը՝ հոկտեմբերի 27-ին հասնելով Անկարա, Թուրքիայի նախագահին ասել է` Վազգեն Սարգսյանը Քոչարյանի ծրագրերից ամբողջությամբ տեղյակ չէր»:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 1999 թվականի սեպտեմբերի վերջին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը մեկնել էր ԱՄՆ՝ մասնակցելու Միջազգային արժութային հիմնադրամի տարեկան ժողովին:
ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը (1998-2000թթ․ ՄԹ-ում և համատեղության կարգով Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան) այդ ժամանակ Լոնդոնից գնացել էր Վաշինգտոն՝ Վազգեն Սարգսյանին օգնելու նախապատրաստվել ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի ու այլ պաշտոնյաների հետ բանակցություններին:
ԱՄՆ կատարած այցի շրջանակում Վազգեն Սարգսյանը հարցազրույց էր տվել Նյու Յորքի «Արձագանք» հայկական հեռուստաընկերությանը, որի ժամանակ պատմել, որ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպմանը քննարկվել է Արցախի խնդիրը, առաջարկներ են եղել ապաշրջափակման հետ կապված՝ հակամարտության կարգավորումից հետո:
«Ղարաբաղի հարցի լուծումը, ցավոք սրտի, գրեթե բոլոր քաղաքական հանդիպումների ժամանակ տրվում է՝ որպես անկյունաքար: Ղարաբաղի հարցի լուծմամբ են պայմանավորվում ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև հայ-թուրքական հարաբերությունները: Ասել է թե՝ տնտեսական համագործակցություն, ճանապարհների բացում և այլն: Փոխնախագահ Գորի հետ հանդիպման ժամանակ այս հարցը նմանապես հստակ դրվեց: Առաջարկվում է 2000 թվականի ընթացքում արդեն Ադրբեջանի հետ գտնել հարցի լուծման բանալին, եթե ոչ՝ հարցի լուծումը: Հստակ ասվում է՝ Ղարաբաղի հարցի լուծումից հետո տնտեսական համագործակցությունն ավելի կխորանա, և ՀՀ-ի առաջ կբացվեն բլոկադայի, ներդրումների դռները, ինչպես որ հաճախ ասվել է: Մեր դիրքորոշումը հստակ է՝ պատրաստ ենք տարածաշրջանային համագործակցության, համարում ենք, որ մեր երկրի զարգացման ուղին տարածաշրջանային համագործակցությունն է:
Մենք պիտի լավ հարաբերություններ ունենանք մեր բոլոր հարևանների հետ, բայց ոչ ի վնաս մեր ազգային շահերի: Նույն կարգով նաև Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Իհարկե, բլոկադայի վերացումը, ճանապարհների բացումը, առևտրատնտեսական հարաբերությունները դրանք անհրաժեշտ են, բայց ոչ ի վնաս մեր ազգային շահերի, և մենք շատ հստակ արտահայտեցինք մեր դիրքորոշումը: Կարծում եմ, որ մեզ ճիշտ հասկացան: Ղարաբաղի հարցում, թերևս, այսքանը:
Այսինքն, դիրքորոշման մեջ որևէ էական փոփոխություն չկա: Մենք համաձայնություն տվել ենք ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին առաջարկության շրջանակներում՝ վերսկսել բանակցությունները, նախագահ Քոչարյանի և նախագահ Ալիևի միջև բանակցություններն ընթանում են: Զուգահեռ բանակցություններն ընթանում են նաև Արտաքին գործերի նախարարների միջև: Տեսնենք, թե դեպի ուր մեզ կհասցնեն այդ բանակցությունները: Նորից եմ կրկնում՝ նախագահի մոտ համոզմունքը նույնն է, ինձ մոտ համոզմունքը նույնն է, որ մենք մեր ազգային շահերի գնով որևէ զիջման չենք գնա: Փոխզիջման համաձայն ենք»,– ասել էր նա:
Հավելենք նաև, որ մի առիթով Վազգեն Սարգսյանը Մեղրիի հետ կապված նշել էր. «Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ: Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու: Ղարաբաղը ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում: Չեն տա:
Եթե տան, ավելի վատ: Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով…»:
Այստեղ կանգ առնենք և անցում կատարենք Փաշինյանին և փաստերի մի փոքր էքսկուրս անենք:
Փաստ առաջին
2020 թվականի նոյեմբերի 9-10 եռակողմ հայտարարության ստորագրման օրերին, ինչպես 2021 թվականի հունիսին նախընտրական հանդիպումներից մեկում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, 10 մարդու ներկայությամբ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին ասել է, թե ձեռքերը կկտրի, բայց Տավուշի գյուղերը չի հանձնի Ադրբեջանին:
Այլ հարց է, որ եռակողմ հայտարարությունից Տավուշի մասին կետը հանվել է ոչ Փաշինյանի շնորհիվ, այլ զինվորականության և այդ ժամանակվա ռազմական ղեկավարության:
Այլ հարց է նաև՝ իրականությունը ցույց տվեց, որ մենք մեր պնդումներում չէինք սխալվում, և Տավուշի գյուղերի հանձնման հարցը մնացել էր բանավոր պայմանավորվածությունների օրակարգում, երբ առնվազն 2023 թվականից Նիկոլ Փաշինյանը սկսեց առավել բաց տեքստով խոսել և հայտնել իր պատրաստակամությունը «անկլավները» հանձնելու: Իսկ անցած տարի Տավուշում սահմանազատման և սահմանագծման ապօրինի գործընթացով Տավուշից տարածքներ և դիրքեր հանձնվեցին Ադրբեջանին, այսինքն, գործ ունեցանք միակողմանի զիջումների հետ: Հաջորդ փուլը դարձյալ Տավուշի հատվածում է նախատեսված:
Փաստ երկրորդ
2020 թվականի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը չէր ընդունել պատերազմը կանգնեցնելու՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ թեկուզև Շուշի ադրբեջանցիների վերադարձի պայմանով, ի վերջո, բերդաքաղաքը մնալու էր հայկական հսկողության տակ: Բայց հետո Շուշին պահելու համար բավարար ջանքեր կամ գուցե ցանկություն չգործադրվեցին, և ոչինչ, որ 44-օրյայի Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, թե նոյեմբերի 7-ին Շուշիի անկման մասին լսելուց հետո ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին հրահանգել է քաղաքը հետ բերելու գործողություններ սկսել, և, որ Շուշին իր համար կարմիր գիծ է եղել:
Փաստ երրորդ
2023 թվականի հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով 2020 թվականի հոկտեմբերի 19-ի ՌԴ նախագահի հետ խոսակցությանը և պատերազմը կանգնեցնելու առաջարկին, հայտնել էր նաև հետևյալը.
«Բայց նույնիսկ սա հոկտեմբերի 19-ի ամբողջ խոսակցությունը չէր: Այդ օրվա առաջարկի համատեքստում հնչեց մի նոր գաղափար ևս՝ որպես պատերազմը դադարեցնելու լրացուցիչ պայման. խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով, այլև Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ: Ես չհամաձայնվեցի նաև դրան: Չհամաձայնվեցի, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ վերահսկողության տակ չգտնվող շերտ, այսինքն՝ միջանցք ստեղծվի, ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ: Այսինքն՝ իմ դիրքորոշումը, ինչպես հիմա, նախկինում էլ եղել է, որ ես կարծում եմ, որ այո՛, ճանապարհները պետք է բացվեն, այո՛, Ադրբեջանի արևմտյան շրջանները պիտի Նախիջևանի հետ կապի հնարավորություն ունենան, բայց դա չի կարող լինել միջանցք, և դա պետք է լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և իրավազորության ներքո:
Այսպիսով՝ հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում պատերազմը կանգնեցնելու պայմանները հետևյալն էին.
1. Բոլոր 7 շրջաններն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ: ԼՂԻՄ այդ պահին արդեն կորսված տարածքները մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այդ պահին ԼՂԻՄ էական տարածքներ արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո էին:
2. Շուշին, վերը նկարագրված սցենարով, հանձնվում է Ադրբեջանին:
3. Մեղրիում տեղակայվում են խաղաղապահներ և փաստացի ստեղծվում է միջանցք, այսինքն՝ մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ՝ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող:
Նման պայմաններին ես չէի կարող համաձայնվել, որքան էլ հասկանում էի իրադրության ծանրությունը: Հիմա, երբ հետահայաց նայում եմ, էլի չէի կարող համաձայնվել: Եթե որևէ մեկն ասում է, որ ինքը կհամաձայնվեր՝ թող բարձր հայտարարի այդ մասին»:
Բայց արի ու տես, 2020 թվականի նոյեմբերի 9-10-ին ստորագրում է եռակողմ հայտարարությունը, որի 9-րդ կետը սահմանում է.
«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»:
Ընդ որում, եռակողմի նախնական տարբերակում նշված է եղել՝ «Հայաստանի Հանրապետությունը ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը», այնուհետև այս ձևակերպումը փոխվել է:
Իսկ այսօր, ինչպես արդեն նշեցինք, Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է տալ Ադրբեջանին Մեղրիով անխոչընդոտ ճանապարհ՝ կիրառելով փոխադարձության սկզբունքը, որը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը վտանգավոր է համարում:
Նիկոլ Փաշինյանը հիմա կասի՝ այլընտրանք չկա, բարդ իրավիճակ է, այդ դեպքում՝ ինչու 2020-ի հոկտեմբերի 19-ին չի գնացել դրան, ի վերջո, այդ ժամանակ կկարողանայինք պահպանել որոշ տարածքներ, որոնք հոկտեմբերի 19-ից հետո ենք կորցրել:
Ի դեպ, հիշեցնենք, որ պատերազմը կանգնեցնելու համատեքստում Նիկոլ Փաշինյանը Մեղրիի հետ կապված առաջարկ ստանալուց գրեթե անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին գործուղել է Սյունիք:
Մասնավորապես, օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն անդրադառնալով պատերազմի օրերին իրեն Սյունիք գործուղելու և դրա պատճառների մասին՝ հանձնաժողովին առաջարկել էր այդ մասին հարցնել Փաշինյանին:
«Նախարարը պետք է լինի ՊՆ-ում, բայց ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հոկտեմբերի 21-29-ը գտնվել եմ Մեղրիում, և վարչապետի բաց քննարկումների ժամանակ իմ համար հասկանալի դարձավ, թե ինչու եմ գտնվել: Խոսքը գնում է բանակցային գործընթացի ժամանակ Մեղրի ուժերի տեղակայման հետ կապված, ես այդպես եմ կարողանում սինթեզել այս վիճակը»,- ասել էր Տոնոյանը:
Արդեն ավելի ուշ նիստի ընթացքում հնչեցրած հարցերին ի պատասխան՝ Տոնոյանը հավելել էր, որ իր այդ այցն արդյունավետ է եղել:
«Ինչ վերաբերում է այն իրադրությանը, իրավիճակին, երբ ես հայտնվեցի Մեղրիում՝ ՀՀ սահմանից 2-5 կմ հեռավորության վրա, ունեինք մեծ քանակությամբ զոհեր, վիրավորված էր Մեղրի համայնքի ղեկավարը, գնդի հրամանատարը, ձևավորվում էր հարավային շրջանի հատուկ հրամանատարություն, որը ղեկավարեց գեներալ Գյոզալյանը։
Պաշպանության նախարարի հայտնվելը Մեղրիում լուրջ ազդեցություն ունեցավ և՛ բնակչության, և՛ ԶՈՒ ստորաբաժանումների վրա, որոնք գտնվում էին այդտեղ և առաջնագծում խնդիրներ էին կատարում։
Կան փաստական տվյալներ, որոնք ապացուցում են, որ ԶՈՒ ստորաբաժանումները բավականին հաջող գործեցին այդ ուղղությամբ՝ դարանակալելով, ոչնչացնելով, չեզոքացնելով հակառակորդին։ Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես է գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի ստորաբաժանումը, կայանը, ինքս եմ նկարահանել. դա եղել է հոկտեմբերի 25-27-ը եղած ժամանակահատվածում: Դրոշներ էին դրվում, դրոշներ էին հանվում, ամեն դեպքում, ես նաև ունեի այլ գործառույթ՝ հստակ համագործակցություն, համադրված և շատ լուրջ համագործակցություն հաստատվեց, որի համար ես շատ շնորհակալ եմ տեղի ՌԴ սահմանապահ ուժերին, որոնք այնտեղ գտնվում էին անմիջական մարտական գործողությունների վարման շատ հասանելի տարածքում»,– մանրամասնել էր պաշտպանության նախկին նախարարը:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ երբ Դավիթ Տոնոյանն ասում էր, թե պետք է Նիկոլ Փաշինյանից հարցնել՝ ինչու էր պաշտպանության նախարարը գործուղվել Մեղրի, նա, ըստ էության, ցանկանում էր հասկացնել, որ այս դեպքում ևս բանակցությունները ռուսական կողմի հետ ինքն է վարել, թեպետ գլխավոր բանակցողը երկրի ղեկավարն ու գերագույն հրամանատարն է եղել: Մի օր երևի այս առնչությամբ ևս փակագծեր կբացվեն:
Իսկ մենք պետք է արձանագրենք՝ այն, ինչի կորստին, ինչի հետ կապված ադրբեջանական նախապայմաններին ինչ-որ պահի կամ հրապարակային իր ելույթներում Փաշինյանը դեմ է արտահայտվել, ավելի ուշ գրեթե նույն սցենարով այդ առաջարկներին համաձայնել է, փաստերն այդ մասին են խոսում: Եթե 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը դեմ է եղել, որ Մեղրիում տեղակայվեն խաղաղապահներ և փաստացի ստեղծվի միջանցք, այսինքն՝ մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ՝ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող, ինչը ճիշտ էր, ապա ինչու է հրադադարի փաստաթղթում ներառում այս թեման և համաձայնում փոխադարձության սկզբունքով ճանապարհներ տալուն, որի վտանգները, հնարավոր է, պատկերացնում է: