Նիկոլ Փաշինյանը պատրաստ է «ձեռները կտրե՞լ». ուժային կառույցներում համաձա՞յն են Տավուշի գյուղերի հանձնմանը

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, որտեղ հերթական անգամ, ըստ էության, պատրաստակամություն է հայտնել հանձնել։

Մասնավորապես, հարցին՝ «Ալիևը Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում ասաց, որ պահանջում է «ազատագրել «իրենց անկլավները», 8 գյուղ նա պահանջում է, որքանո՞վ է այս պահանջը տեղավորվում այս բանակցային տրամաբանության մեջ», Փաշինյանը նախ նշել է, որ մի շարք թեմաներ կան, որոնք Ադրբեջանը կարող է օգտագործել հետագա սրացումների և էսկալացիաների համար, ուստի ոչ մի թեմայի շուրջ, ըստ նրա, չպետք է ցուցաբերենք էմոցիոնալ մոտեցում: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ չի բացառում ռազմական փորձագետների այն պնդումը, որ, օրինակ, հաշվի առնելով բանակցություններում «անկլավների» վերադարձի ակտուալությունը, Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սադրանքների դիմելու հավանականություն կա:

«Հիմա տեսեք, Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց: Նախ՝ մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք, որովհետև նույն Տավուշի մարզում, օրինակ, մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ Բերքաբեր գյուղում, Այգեհովիտ գյուղում, Վազաշեն գյուղում, Պառավաքար գյուղում, այլ տարածքներում նույնպես:

Մենք այդ հարցի լուծումն առաջարկել ենք դեռևս 2021թ. և ասել, որ՝ եկեք հիմք վերցնենք, որոշենք, թե որն է դելիմիտացիայի քարտեզը, և այդ քարտեզի սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք: Սրանք շատ կարևոր նրբություններ են: Ես հասկանում եմ, որ մենք արագ ասում ենք, բայց երբեմն մեր հանրությունը նրբությունները ճշգրիտ չի հասցնում կարդալ և ըմբռնել: Այսինքն՝ ենթադրենք, վերցնում ենք 1975թ. կամ 1975-1978թթ. քարտեզները: Ընդ որում՝ ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, ըստ էության, Խորհրդային Միության ամբողջ ժամանակաշրջանում, երբ մենք ունենք տարածքների վերաբերյալ արձանագրումներ, Հայաստանի Հանրապետության տարածքի գնահատականը նույնն է՝ 29.800 քառակուսի կիլոմետր: Ես ինչո՞ւ եմ սա ասում: Ասում եմ այն նկատառումով, որ շատ մեծ քննարկումներ կան, որ այս թվի քարտեզը, այն թվի քարտեզը… այո՛, այդ քարտեզների մեջ կան որոշակի տարբերություններ, բայց ընդհանուր պարագծի մեջ չկա տարբերություն, որովհետև եթե այս քարտեզում այս մի տարածքը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը, այն մյուս տարածքը վերապահված չի Հայաստանի Հանրապետությանը, հաջորդ քարտեզում այն տարածքը, որ վերապահված չէր, վերապահված է, այն տարածքը, որ վերապահված էր, վերապահված չէ: Այսինքն՝ ընդհանուր տարածքի գնահատականը դրանից չի փոխվում: Եվ հետևաբար՝ մենք ասում ենք՝ եկեք հասցեագրենք հարցերը, որովհետև հասկանում ենք, և փորձը մեզ դա ցույց է տալիս, որ չլուծված որևէ հարց կամ լուծման ռելսերի վրա չդրված որևէ հարց «իքս» պահի դառնալու է ռազմական էսկալացիայի առիթ:

Կարդացեք նաև

Այսինքն՝ այդ թեման մենք այդպես ենք հասցեագրում, որովհետև շատ պարզ ուզում եմ նաև իմանաք, թե մենք ի՞նչ ենք խոսում բանակցությունների ընթացքում: Ասում ենք՝ շատ լավ, եթե օրինակ կողմերից որևէ մեկը մյուսին պետք է վերադարձնի որևէ տարածք, խոսքը վերաբերում է երկու կողմերին էլ, որովհետև, այո, Դուք նշեցիք՝ Ջերմուկում մենք խնդիր ունենք, այլ տեղերում և այլն, ենթադրենք հիմա զորքերը կանգնած են այս բնագծի վրա, որպեսզի որևէ հարց լուծվի այդ առումով, այս բնագծից պետք է նահանջեն, ճի՞շտ է: Հիմա պիտի նահանջեն, գնան ո՞ր բնագծի վրա կանգնեն, այսինքն՝ երկու դեպքում էլ զորքերն ա կետից պետք է նահանջեն ո՞ր կետում կանգնեն:

Ենթադրենք՝ քարտեզի վրա դրվում է, ասվում է այս կետը. այդ կետը ո՞նց ենք որոշելու, որ սա է այդ կետը և ոչ թե՝ 5 կմ առաջ կամ 2 կմ հետ: Ո՞նց ենք որոշելու կողմերի դիրքորոշումը: Որոշվում է՝ ըստ քարտեզի: Այսինքն՝ եթե կա քարտեզ, կա կետ, նշանակում է կա սահման, եթե այս կետում սահման կա, չի կարող սահմանը լինել միայն այդ կետում, դա նշանակում է՝ գոյություն ունի ամբողջ երկայնքով սահման: Հետևաբար՝ մենք պետք է ճշգրտվենք ըստ Ալմա Աթայի հռչակագրով սահմանված սահմանների: Կարողացա՞ միտքը բացատրել, որովհետև նրբությունները շատ բարդ են»,- Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ «անկլավների» թեմային անդրադառնալն անխուսափելի է մի պարզ պատճառով, որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում է նաև Արծվաշենը:

«Բայց այստեղ կա նաև մի կարևոր նրբություն՝ ով էլ խոսի անկլավների մասին, ինքը պետք է սեղանին դնի քարտեզ, որովհետև իսկ ինչո՞վ է հիմնավորվում այդ անկլավի գոյությունը: Սա շատ կարևոր նրբություն է: Եթե սեղանին դրվում է կամ երբ սեղանին դրվում է քարտեզ, չի կարող քարտեզ գոյություն ունենալ մի կետի վրա, դա նշանակում է՝ ամբողջ քարտեզը գծագրվում է:

Բայց մյուս կողմից՝ ուզում եմ ասել, որ սա պարզ, պրիմիտիվ հարց չէ, որովհետև ենթադրենք, երբ մեր կամ Ադրբեջանի կողմից ընդունվեց անկլավի հետ կապված պրոբլեմատիկան, կամ և՛ մեր կողմից, և՛ Ադրբեջանի կողմից, բազմաթիվ հարցեր են ծագելու. այս անկլավների սահմանների դելիմիտացիայի հարց կա, այս անկլավների նկատմամբ հասանելիության, սերվիտուդի հարց կա, այս սահմանների պաշտպանության հարց կա, այս տարածքներում զինված ուժերի ներկայության և չներկայության հարց կա, անցման կանոնները. անկլավ ի՞նչ է նշանակում, որ այնտեղ հասնելու է, որ դուք պետք է ուրիշի տարածքով անցնեք, ո՞նց պետք է անցնեք ուրիշի տարածքով, ի՞նչ իրավական նրբություններ ունի այդ հարցը, և այդպես շարունակ:

Եվ այս պրոբլեմների լուծման մի քանի տարբերակ կա: Տարբերակներից մեկն օրինակ այն է, որ այս բոլոր հարցերը կարգավորում ենք, և խաղաղության ֆոնին այդ հարցը լուծվում է: Սա մի տարբերակ: Երկրորդ տարբերակն այն է, որ մենք տեսնում ենք, որ այնքան բարդ է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ սահմանից այն կողմ գտնվող անկլավները մնում են այն երկրների տարածքներում, որով նրանք պարփակված են: Բայց սա էլ իր հերթին պետք է լինի պայմանագրերի և հետագա վավերացման առարկա: Բայց նաև այս համատեքստում մենք պետք է այս պրոցեսների իրավական նրբությունները հաշվի առնենք, հասկանանք՝ որտեղ են հիմնավորված, որն է հիմնավորված, որը՝ չհիմնավորված, որը՝ ապացուցելի, որը՝ անապացուցելի: Ես սա ինչի՞ համար եմ ասում: Ռազմավարական առումով ո՞րն է մեր խնդիրը»:

Հիմա մի քանի դիտարկում այս հայտարարության առնչությամբ:

Առաջին հերթին պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է Ադրբեջանին լեգիտիմ հիմք տվել Տավուշի ուղղությամբ հնարավոր ռազմական գործողություններ իրականացնելու, կամ նրա «թեթև ձեռքով» է Ադրբեջանը, այսպես ասած, լեգիտիմ հիմքեր ստացել: Եվ ոչ միայն Տավուշի ուղղությամբ, ի վերջո, զորքերի հետքաշման առաջարկ հենց նախիջևանյան թևում՝ Երասխից, Տավուշի հատվածից, որտեղ հայկական բազմաթիվ դիրքեր ռազմավարական առումով առավելություն ունեն թշնամու դիրքերի նկատմամբ, այսինքն, Փաշինյանն առաջարկում է դո՞ւրս գալ այս կետերից, ինչպես դա արեց 2020թ. դեկտեմբերին, երբ Սյունիքից զորքը հետ քաշելու միանձնյա հրաման տվեց, և Սյունիքի հատվածը խոցելի դարձավ, և եղան ադրբեջանական առաջխաղացումներ, թեպետ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ կողմերը պետք է կանգ առնեին պատերազմի ավարտին իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ Սյունիքի հատվածում հայկական կողմը բավականին հարմար բնագծեր ուներ։

Նիկոլ Փաշինյանի՝ 2023թ. մայիսին Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից հետո 168.am-ն անդրադարձել էր Տավուշից զորքերի հետքաշման ռիսկերին, իսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի թեման բացվեց, 168.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է, թե սահմանային ճգրտումների դեպքում, օրինակ, Տավուշում ինչ ենք կորցնելու՝ դիրքերից մինչև ռազմավարական նշանակության ճանապարհներ:

Նշենք, որ «Ազատության» հետ նույն հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ զորքի հետքաշումը շատ հնարավոր է ոչ թե տեղի ունենա, նոր ստորագրվի խաղաղության պայմանագիր, այլ պայմանագիրը ստորագրվի այն մասին, թե դա ֆիզիկապես ինչպես և ինչ ժամկետներում պետք է տեղի ունենա՝ «մենք պատրաստ ենք ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա»:

Իսկ 2016 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում՝ «Հայկական ժամանակում», «Որդի Խաչատուրովի արկածները» վերտառությամբ հոդվածը էր հրապարակվել, րտեղ 2016 թվականի հուլիսի 7-ին, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու համատեքստում հոդվածի հեղինակն անդրադարձ էր կատարել Տավուշի անվտանգությանը:

«Երրորդ բանակային կորպուսն իր մեջ ներառում է Տավուշի մարզի ողջ զորամիավորումները: Իսկ Տավուշը, ինչպես գիտենք, պաշտպանական առումով բավականին վտանգավոր հատված է: Ադրբեջանը հայկական սահմանները հենց այդ հատվածից է պարբերաբար գնդակոծում և երբեմն մարդկային կորուստներ պատճառում: Հենց երեկ ադրբեջանական զինուժը մոտ մեկ ժամ հրաձգային զենքերից կրակ էր բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա»,- 2016թ. հուլիսին հրապարակված հոդվածում գրել էր «Հայկական ժամանակի» հոդվածագիրը:

Իր հերթին՝ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը լրացրել էր. «Ես էլ եմ լսել Գրիգորի Խաչատուրովին առնչվող այդ պատմությունները: Եվ եթե այդ տարածքում նա ինչ-որ պահի չկարողանա արդարացնել իրեն, ապա ծանր արդյունքներ կբերի թե՛ նշանակողի, թե բոլորիս համար: Նշանակելն իրենց գործն է, թող նշանակեն, բայց եթե նա սխալվի, կունենանք լուրջ խնդիրներ: Բայց ես չեմ ցանկանում, որ իրենց այդ նշանակումների պատճառով մենք նորից անտեղի զոհեր ունենանք»:

Հուլիսյան մարտերից առաջ, դրա ընթացքում և հետո արդեն գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասնագիտական հզոր կարողությունների մեջ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը համոզվեցին՝ արձանագրելով դիրքային լրջագույն հաջողություններ, և, որ Տավուշի անվտանգությունը հուսալի ձեռքերում է:

Մասնավորապես, 2019-ի օգոստոսի 19-ին այսօր արդեն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում ոգևորված գրառումներ էր անում, նախ՝ «Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունն ապահովված է, Չինարին էլ չի կարող գնդակոծվել», այնուհետ սա մի փոքր սրբագրել էր՝ «Չինարիի հատվածում հակառակորդը կորցրել է երբեմնի բացարձակ դիրքային առավելությունը»:

Նույն ժամանակահատվածում իշխանական մամուլն էլ խմբագրականներ էր հրապարակում այս մասին:

«Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, որը 2018թ. դեկտեմբերից ստանձնել է հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի և Աղսթաֆայի հատվածի (շրջանները սահմանակից են Տավուշի մարզին) պահպանությունը, սահմանի տվյալ հատվածներում ակտիվորեն նախաձեռնել էր ինժեներական և ամրաշինական աշխատանքներ: Միևնույն ժամանակ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը փորձել է միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել Պապաքարի բարձունքի շրջանում:

Տվյալ խնդրի իրականացման դեպքում հայկական մի շարք բնակավայրեր, Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու որոշ հատվածներ կհայտնվեին ադրբեջանական կողմի խոցման տիրույթում: Սակայն հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը ոչ միայն չի կարողացել իրականացնել իր առջև դրված խնդիրը, այլև սահմանի որոշ հատվածներում կորցրել է անգամ տիրապետող դիրքերը: ՀՀ զինված ուժերը, մասնավորապես, բարելավել են իրենց դիրքերը՝ արձանագրելով որոշակի առաջխաղացում և ամրապնդվելով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:

Սահմանային գոտու արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է, որ հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող` Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողովակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադրբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները։ Դիրքային նման առաջխաղացման շնորհիվ սահմանամերձ մի շարք հայկական բնակավայրերի անվտանգությանը սպառնացող ռիսկերը նվազել են, այնուամենայնիվ, հաշվի առնելով տեղի լանդշաֆտի առանձնահատկությունները` բացարձակ անվտանգության մասին խոսել հնարավոր չէ»,– մասնավորապես, գրել էր «Արմենպրեսը»:

Այսօր փաստորեն Նիկոլ Փաշինյանը պատրաստ է այս ամենը դնել զոհասեղանի՞ն: Այսինքն, 2016-ին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մտավախություն ուներ, որ գեներալ Խաչատուրովը չի կարողանա պահել Տավուշը, բայց համոզվելով, որ կարող է, 44-օրյա պատերազմից հետո չերկարացրեցին նրա պայմանագիրը, ավելի ուշ՝ 2023թ. մարտի 16-ից «կարված» գործով նրան անազատության մեջ են պահում՝ լավ հասկանալով Տավուշի ուղղությամբ էսկալացիայի վտանգը:

168.amգրել է, թե ինչու իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը չազատվեց գեներալ Գրիգորի Խաչատուրովից: Իսկ այսօր արձանագրում ենք, որ Տավուշի հետ կապված Նիկոլ Փաշինյանի պլանները փոխվել են:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակում Տավուշի մասին կետ կար, որը հետո հանվել էր: Թե ում շնորհիվ կամ ջանքերով է դա արվել՝ Դավիթ Տոնոյանի՞, Օնիկ Գասպարյանի՞, Տիրան Խաչատրյանի, թե՞ Արմեն Աբազյանի, թե՞ այլ մեկի, տեսակետները և պատմությունները տարբեր են, որոնց 168.amանդրադարձել է։ Քանի որ այս դեպքում դա էական չէ, մանրամասներին հարկ չենք համարում անդրադառնալ:

Փոխարենը հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 11-ին նախընտրական մի հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Տավուշին վերաբերող կետով պայմանավորված՝ ինքը չի համաձայնել ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ պատասխանելով ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը:

«Իրականությունը լրիվ հակառակն է: 10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել: Ես չեմ մեղադրել իրեն, որովհետև համարել եմ, որ ինքը մարդ է, որը պատերազմին մասնակցել է, ոտքը կորցրել է: Չեմ մեղադրել, որովհետև այդ պահին ինքը կարող է այդպես է մտածել: Ես մեղադրում եմ, որ ինքը հիմա հետահայաց հակառակ լուրերն է տարածում, խի՞: Եթե մեկը իրավունք ուներ ասեր՝ ստորագրի, դա ինքն էր, որովհետև ինքն է այստեղ այն տարիներին պատերազմին մասնակցել ու ոտքը կորցրել: Եթե իր գնահատականն այդ էր, չեմ ասել իրեն՝ ո՞նց, ինչի՞ ես նման բան ասում: Ես ասել եմ՝ ոչ, դա բացառված է, ես չեմ ստորագրի: Միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն էլ, ուրիշ մասերն էլ դուրս են եկել: Ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում է լինի՝ այդ թուղթը չեմ ստորագրի»,-  2021-ի նախընտրական հանդիպման ընթացքում հայտարարել էր Փաշինյանը:

Օնիկ Գասպարյան էլ Նիկոլ Փաշինյանին նույն ժամանակահատվածում հիշեցրել էր. 

«Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է՝ այն, որպես դիվանագիտական հնարք՝ միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում, հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով»՝ այն նախագծից հանելու համար։ Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»:

Բայց 2023 թվականի մայիսի 22-ին հրավիրված ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը դարձյալ հայտարարել էր. «ԳՇ-ն ասում էր՝ ոչինչ, անկլավներով ստորագրի: Ես ասել եմ՝ չեմ ստորագրի»:

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությունը՝ Տավուշի գյուղերի հանձնման գնով և 29.800 քկմ ՀՀ տարածքով, կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանը պատրաստ է «կտրել» ձեռքերը, որ 2020 թվականին խորությամբ չէր հասկացել Տավուշի գյուղերի հանձնման դերը էսկալացիայի նվազման առումով: Իսկ գուցե բանավոր պայմանավորվածությո՞ւն է եղել, որ Տավուշի գյուղերի հանձնման հարցը կհանվի Արցախին վերաբերող 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր կնքելու և դրանում այդ հարցը ներառելու պայմանով:

Խնդիրն այստեղ այն էր, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, և՛ հոկտեմբերի 10-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, և՛ դրանից առաջ այլ հարցազրույցներում և հայտարարություններում խոստովանում է, որ դեռ իրավական հիմնավորումների փնտրտուքների մեջ է, բայց դա չի խանգարում հայտարարել, որ պատրաստ է հանձնել Տավուշի գյուղերը, այն դեպքում, երբ ըստ մասնագետների՝ ի դեմս քարտեզագետ Ռուբեն Գալչյանի,  արխիվներում ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի, որ այդ «անկլավները» տրվել են Ադրբեջանին։ Այսինքն՝ դրանց ամրագրումն ապացուցող իրավական հիմք չկա նաև մեր արխիվներում։

«Ըստ Ադրբեջանի սահմանադրության, Ադրբեջանը անկլավ պահանջելու իրավունք չունի, բայց եթե ուժի տեսանկյունից են խոսում, պահանջում է՝ ասելով, որ խորհրդային քարտեզներով դրանք գոյություն ունեն: Բայց ուշադրություն դարձրեք խորհրդային օրերին՝ 1936-ից մինչև 40թ.-ն են դրանք տրվել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանի սահմանադրությունը հիմնվում է 1918-20թթ. Ադրբեջանի վրա, ուրեմն Խորհրդային Միության կողմից Խորհրդային Ադրբեջանին տրված տարածքներն հենց իրենց տեսանկյունից իրավական չեն կարող լինել»,- օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր Գալչյանը։

Հարց է ծագում՝ Նիկոլ Փաշինյանը ճակատագրական փաստաթղթեր ստորագրելուց, պայմանավորվածություններ ձեռք բերելուց և ՀՀ անունից հայտարարություններ անելուց առաջ չի՞ խորհրդակցում մասնագետների հետ՝ քարտեզագիրներ, միջազգային իրավունքի մասնագետներ, զինվորականներ: Այս պահին կարող ենք միայն ենթադրություններ անել, բայց մենք կփորձենք այս հարցի պատասխանը գրավոր հարցման միջոցով ստանալ Նիկոլ Փաշինյանից կամ նրա աշխատակազմից:

Մյուս կողմից, կարևոր է՝ եթե նշածս ոլորտի մասնագետներից խորհրդատվության պրակտիկա կա, ապա ովքեր են նրանք: Եվ վերջապես իրականությունը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանը, հակառակ մասնագետների կարծիքի, միանձյա է որոշումներ կայացնում, Սյունիքից զորքի հետքաշման պարագայում, ըստ էության, հենց այդպես էլ եղել է:

Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշումները չեն ազատում պատասխանատվությունից ուժային կառույցների տվյալ պահի ղեկավարներին՝ Պաշտպանության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն:

Ի դեպ, երբ 2020թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հանվում էր Տավուշի մասին կետը, Պաշտպանության նախարար էր Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետ՝ Օնիկ Գասպարյանը, ԳՇ պետի տեղակալ՝ Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ Գրիգորի Խաչատուրովը, նրանք այսօր համակարգում չեն, փոխարենը՝ ԱԱԾ տնօրեն է շարունակում մնալ Արմեն Աբազյանը, ում ջանքերով, ըստ Օնիկ Գասպարյանի, 2020 թվականի նոյեմբերյան եռակողմ հայտարարությունից հանվել էր Տավուշի մասին կետը՝ «այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»:

Տեսանյութեր

Լրահոս