Փաշինյանը ՄԽ-ի նկատմամբ վերաբերմունքը փորձել է փոխել պատերազմից անմիջապես հետո. փաշինյանական դիրքորոշումների ռևոլյուցիան
Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հերթական անգամ պահանջել էր Հայաստանից գործուն քայլեր անել ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման ուղղությամբ:
Այս համատեքստում Ալիևը հիշեցրել էր, որ ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագահները կամ համանախագահող երկրները գոնե այն ժամանակաշրջանում, երբ ինքը ներգրավված է եղել, պաշտպանել են հայկական կողմին:
«Սա ես ասում եմ՝ որպես մարդ, ով 2004 թվականից ՄԽ-ի շրջանակում բանակցություններ է վարել և հանդիպել է այդ «եռյակի» հետ բազմաթիվ անգամ: Ուստի մենք չէինք կարող ակնկալել, որ երկխոսության միջոցով կարող էինք վերադարձնել այդ տարածքները, ինչպես նաև՝ վերականգնել տարածքային ամբողջականությունը»,- շեշտել էր Ադրբեջանի ղեկավարը:
Իսկ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, ի գիտություն է ընդունել Ալիևի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման պահանջը: Մասնավորապես, հունվարի 9-ին Ադրբեջանին ներկայացված պահանջների շարքում, որոնք ավելի շատ համաձայնություններ էին՝ պահանջի անվան տակ փաթեթավորված, Փաշինյանը նշել է՝ «լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն»:
Այսօր էլ Փաշինյանի աշխատակազմից, «Ազատության» հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը:
Ի դեպ, դեռ 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովը Vesti.az-ին տված հարցազրույցում նշել էր, որ ԵԱՀԿ-ում որոշումներն ընդունվում են միայն կոնսենսուսով:
«Եվ Մինսկի խմբի լուծարման համար անհրաժեշտ է Մշտական խորհրդի բոլոր անդամների համաձայնությունը: Սակայն կասկածներ կան, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան կպաշտպանեն նման որոշումը, քանի որ նրանց համար ՄԽ-ն մնում է գործընթացում ճնշման և ներգրավվածության կարևոր գործիք: Ուստի, եթե Ադրբեջանը և Հայաստանը համատեղ հայտարարություն անեն բոլոր հարցերի կարգավորման վերաբերյալ և ստորագրեն խաղաղության պայմանագիրը, մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան կհրաժարվեն ՄԽ-ի լուծարմանն իրենց համաձայնությունը տալ»,- շեշտել էր նա՝ չտալով Ռուսաստանի անունը:
Իսկ Ռուսաստանը դեռ 2023 վերջին հայտնել էր իր դիրքորոշումը, որ դեմ չէ ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի համաժողովի համանախագահների մանդատը Լեռնային Ղարաբաղի կարգավորման շրջանակներում կորցրել է իր արդիականությունը:
Եվ այս ամենի ֆոնին էր Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշել ՀՀ նախկին նախագահներին բանակցային ամբողջ գործընթացի շուրջ բանավեճի հրավիրել և պնդել, որ «1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»:
Բոլոր նախագահները, բնականաբար, մերժել էին բանավեճի հրավերը:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ի պատասխան Փաշինյանի՝ առաջարկել էր հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հորդորել էր բանավիճել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, որոնք 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը:
Ըստ էության, Ալիևն իր վերջին հարցազրույցում ՀՀ նախկին նախագահների փոխարեն պատասխանել է Փաշինյանին և հերքել նրա պնդումը:
Իսկ անուղղակի կերպով Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ լուծարման ուղղությամբ վաղուց է աշխատում՝ 44-օրյա պատերազմից հետո, և էական չէ, որ ժամանակ առ ժամանակ կարևորել է ՄԽ ֆորմատն Արցախի խնդրի վերջնական լուծման հարցում:
Հիշենք մի քանի փաստ՝ ըստ ժամանակագրության:
Փաստ առաջին
2020 թվականի հոկտեմբերի 25-ին հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նախ հարցին՝ «կարելի՞ է ասել, որ Հայաստանը հայտնվել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընթացող միջնորդավորված, անուղղակի պատերազմի թատերաբեմում», պատասխանել էր.
«Ոչ, ես չեմ կարող այդպիսի բան ասել, որովհետև Ռուսաստանը ներգրավված չէ պատերազմում, և Ռուսաստանը հանդես է գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, որտեղ պետք է քննարկվի և լուծվի Ղարաբաղի հարցը: Ռուսաստանը, այո՛, Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բայց նա պատերազմի մեջ ներգրավված չէ և ավելի շատ ներգրավված է որպես միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության Ղարաբաղի հարցը կարգավորելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում»:
Հակադարձմանը՝ «Ռուսաստանը փորձեց միջնորդություն ունենալ խաղաղության ձեռքբերման ուղղությամբ, այնուհետև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն միջնորդական նախաձեռնություն հանդես բերեց` ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, երկու միջնորդական ջանքեր և ոչ մի արդյունք», Փաշինյանն արձագանքել էր.
«Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է մեկտեղեն ջանքերը խնդրի կարգավորման վրա և ոչ թե առանձին նախաձեռնություններով հանդես գան: Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղաղարար ջանքերին և ոչ թե իրենք փորձեն առանձին խաղաղարար նախաձեռնություններ ցուցաբերել: Մանավանդ որ, Ռուսաստանը, մոտ լինելով և ներկա լինելով տարածաշրջանում, ավելի գործուն լծակներ ունի իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն գործելու համար»:
Նույն հարցազրույցում Փաշինյանը շեշտել էր, որ «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և այն գործողությունները, որոնք կատարվում են հիմա Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, որոշակի պատասխանատվություն են դնում նաև ՆԱՏՕ-ի վրա»:
Ավելի ուշ Փաշինյանը մոռացավ ՆԱՏՕ-ի այս պատասխանատվության մասին և հորդորեց մոռանալ Թուրքիայի՝ 44-օրյա պատերազմին ուղիղ ներգրավվածության փաստերը: Այս մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք, վերադառնանք բուն թեմային:
Փաստ երկրորդ
2021 թվականի հունվարի 4-ին Փաշինյանը իր՝ «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածում արդեն փորձել էր, ըստ էության, փոխել ՄԽ-ի նկատմամբ քաղաքական, քաղաքագիտական, հանրային վերաբերմունքը՝ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը (Արցախի կարգավիճակի հարցը.- Մ.Պ.) քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար»:
«Բոլոր համանախագահները համակերպվել են այս մտքի հետ, և ռուսական առաջարկները ըստ էության համանախագահության առաջարկներն են: Կրակին յուղ է լցնում նաև Թուրքիան, ում ձեռքերը ազատվել են և նույնիսկ ավելի են երկարել ֆուտբոլային դիվանագիտության ձախողումից հետո, և նա տարածաշրջանի կայունության միակ նախապայմանը համարում է 7 շրջանների հանձնումը:
Ադրբեջանն իր հերթին շարունակում է հայտարարել, որ ԼՂ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս քննարկելի չէ, և ռուսական առաջարկների ի հայտ գալուց հետո ավելի է սրում դիրքորոշումը՝ ԼՂ որևէ կարգավիճակ այս փուլում քննարկելի չէ»,- իր հոդվածում շարունակել էր Փաշինյանը:
Ի դեպ, 2021 թվականի սեպտեմբերին Ալիևը հայտնել էր, որ առարկություն չունի ՄԽ համանախագահների միջնորդությամբ Փաշինյանի հետ հանդիպելու հարցում: Պատճառը Փաշինյանի վերը նշված պատճա՞ռն էր, այդ դեպքում ինչո՞ւ ավելի ուշ Ալիևը սկսեց պահանջել ՄԽ լուծարումը, եթե համանախագահող երկրներն ամբողջությամբ Ադրբեջանի դիրքորոշումն էին պաշտպանում:
Փաստ երրորդ
Ինչևէ, չնայած Փաշինյանը սկսել էր գեներացնել այն թեզը, որ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ Արցախի կարգավիճակի հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար», դա չէր խանգարել, որ 2021 թվականի օգոստոսին Փաշինյանը կառավարության նիստին ընդգծի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցման գործում:
«Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ ծրագրային դրույթները ձևակերպել են այնպես, որպեսզի այն մաքսիմալ համարժեք լինի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կոչերին:
Փաստ չորրորդ
2022 թվականի ապրիլին ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել էր, որ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու գաղափարից չեն հրաժարվել:
«Իրականությունը մի փոքր այլ է: Մենք այդ գաղափարից չենք հրաժարվել, բայց նաև գիտեք, որ Ուկրաինայի իրադարձությունների բերումով համանախագահության ներսում հարաբերությունները ծայրաստիճան լարված են»,- նկատել էր նա:
Ի դեպ, երբ խոսք է գնացել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, նախկինում միշտ նշել է, որ չնայած համանախագահող երկրների միջև տարբեր հարցերով առկա տարաձայնություններին, ԵԱՀԿ ՄԽ շրջանակում Արցախի հարցի շուրջ ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումները համընկնում են, տարաձայնություններ չկան:
Իսկ արդեն 2024 թվականին Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ-ն քաղաքական մտքի համար համարել էր սրբապատկերի պես մի բան:
«Բայց մենք հասկանում ենք, որ 2022 թվականի փետրվարից ի վեր և նույնիսկ դրանից առաջ էլ փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Մինսկի խմբի անդամները հիմնականում իրար հետ չեն խոսում: Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպես այդպիսին, դե ֆակտո գոյություն չունի»,- ընդգծել էր Փաշինյանը, ով, ինչպես նշեցինք, ԵԱՀԿ ՄԽ-ի դե յուրե չգոյության համար վաղուց էր աշխատանք սկսել, առնվազն քարոզչական դաշտում:
Եվ այսօր արդեն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդես են գալիս ՄԽ-ն լուծարելու համատեղ նախաձեռնությամբ՝ փակված համարելով Արցախի հարցի էջը:
Ավելին, Հայաստանը ձգտում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, երբ Ալիևն ասում է, որ դա իր համար էական չէ, մեծ հաշվով: Այս համատեքստում էլ բայցեր կան: Առաջին, մեկ անգամ չէ, որ գրել ենք՝ Հայաստանն Ադրբեջանի հետ ուղիղ պատերազմի մեջ չի եղել, մեկը մյուսին պատերազմ չի հայտարարել դե յուրե, ուստի ի՞նչ խաղաղության պայմանագիր: Երկրորդ, Փաշինյանը և Ալիևը խոսում են երկկողմ կամ առանց միջնորդների բանակցություններից, մինչդեռ Թուրքիան ուղիղ ներգրավվածություն ունի: Թուրքիան երրորդ երկիր չէ՞:
Երրորդ, 44-օրյա պատերազմին ուղիղ ներգրավվածություն ունեցող երկիրն ինչպե՞ս կարող է միջնորդ լինել, մյուս կողմից, Հայաստանը Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի մեջ չի եղել:
Այսինքն, դերաբաշխումների մեջ պետք է հստակ լինել, և եթե Թուրքիային դիտարկում ենք միջնորդ, այսինքն, համաձայն ենք միջնորդավորված Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, ինչո՞ւ Թուրքիային չի կարող փոխարինել, օրինակ, Ռուսաստանը, ով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ է, կամ ՄԽ-ն, հատկապես, երբ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ Ադրբեջանն առաջ քաշեց 44-օրյա պատերազմի արդյունքում, ավելին, Մեղրիի կամ «Զանգեզուրի միջանցքի» հարց կա: Ինչո՞ւ է Հայաստանին ձեռնտու Թուրքիայի միջնորդությունը Հայաստան-Ադրբեջան «երկկողմ» բանակցություններում, ենթադրությունները թողնում ենք ընթերցողին…