Թուրքիայի մասնակցությունը 44-օրյային եղել է ուղիղ, անգամ զոհեր են եղել. Փաշինյանն առաջարկում է չշեշտադրել այս փաստերը, Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններն ուզում է կարգավորել
Օգոստոսի 29-ին, թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն իր ղեկավարած գերատեսչության շենքում հանդիպում է ունեցել«Ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքների անդամների հետ»:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի գլխավոր շտաբի պետՄեթին Գյուրաքը:
Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը փորձ է արել տպավորություն ստեղծել, թե նրանք ադրբեջանցի «շեհիդների» ընտանիքների անդամներն են եղել, բայց ինչու պետք է նրանք հասնեին Թուրքիա և նման ընդունելության արժանանային, այն էլ՝ Հաղթանակի տոնի» կամ «Թուրքիայի զինված ուժերի օրվա» համատեքստում:
Նշենք, որ օգոստոսի 30-ին «Հաղթանակի տոն» անվան տակ Թուրքիայում նշվում է 1922թ. տեղի ունեցած Դումլուփընար ճակատամարտի հաղթանակը, որից հետո ավելի իրատեսական դարձավ Թուրքիայի Հանրապետության հռչակումը: Նշյալ ճակատամարտի ժամանակ հունական զորքերը պարտություն են կրել:
Իհարկե, «Ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքի անդամների հետ» հանդիպումը չի կարող չեղարկելԹուրքիայի ուղիղ մասնակցության փաստերը 44-օրյա պատերազմում և դերը ադրբեջանական հաղթանակում, իսկ պատերազմից հետո Ադրբեջանի բանակի՝ թուրքական մոդելի բանակի վերածելու գործընթացում Թուրքիայի անմիջական աջակցությունը, ինչին 168.am-ը մանրամասն անդրադարձել է:
Այսինքն՝ ոչ միայն թուրք գեներալները 44-օրյայի օրերին ղեկավարել են Ադրբեջանի Գլխավոր շտաբը, այլ նաև թուրք զինվորները մարտի դաշտում կռվել են:
Իսկ 44-օրյա պատերազմում թուրք զինվորների «հերոսացման» փաստի անհաջող քողարկումը թերևս փորձ է՝ մեղմացնել Ադրբեջանի այն դժգոհությունը, որը բարձրացել էր այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը հայտարարել էր՝ «ինչպես մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»: Բայց սա, իհարկե, չի խանգարել, որ մեկ այլ առիթով օրերս Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարի՝ «Ադրբեջանի ուժը մեր ուժն է, Թուրքիայի ուժն Ադրբեջանի ուժն է, Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին, այդպես էլ կլինի»:
Այսինքն, Թուրքիան Ադրբեջանին ռազմական աջակցություն է ցուցաբերել 44-օրյա պատերազմի ժամանակ կամ կցուցաբերի հնարավոր սադրանքների ժամանակ՝ հասնելու սեփական քաղաքական նպատակներին՝ Հարավային Կովկասին առնչվող:Գաղտնիք չէ, որ «Զանգեզուրի միջանցքն» ավելի շատ թուրքական ծրագիր է, որին Թուրքիան փորձում է հասնել Ադրբեջանի «ձեռքով», և եթե դրա համար անհրաժեշտություն լինի ռազմական թեկուզ լոկալ քայլերի իրականացում, կազմակերպելու է Ադրբեջանի միջոցով:
Օրերս Ադրբեջանի նախագահի մակարդակով ապացուցվեց, որ ինչպեսև գրել էինք, Հայաստանի դեմ ադրբեջանական տեղեկատվական-քարոզչական վերջին շրջանի արշավ-հարձակումները՝ Հայաստանին տարբեր երկրների կողմից սպառազինության մատակարարումների կամ հայկական բանակի նոր սպառազինությամբ զինվելու, ՀՀ-ում ԱՄՆ ռազմական ներկայության հետ կապված, Ադրբեջանի ղեկավարության մակարդակով տրված հրահանգ էր, ինչը ոչ այլ ինչ է, քան հնարավոր սադրանքների համար լեգիտիմ հիմքերի ստեղծում, որի մասին ուղիղ տեքստով հայտարարել է Ալիևը՝ փորձելով ապացուցել, որ Հայաստանն ինքը չի պատրաստվում խաղաղության,կամ Հայաստանն ինքն է պատերազմի պատրաստվում՝ ժամանակակից սպառազինություն գնելու համար ժամանակ ձգելով: Պատմությունը կրկնվում է: Ալիևը նորից հայտարարելու է, որ Հայաստանին տրված ժամանակը ՀՀ իշխանությունները չեն օգտագործել պատերազմը կանխելու համար, որ գործն ուժին չհասնի, ինչպես մեկ անգամ արդեն ասվել է 44-օրյա պատերազմի հետ կապված:
Եվ ոչինչ, որ հիմնական զիջողը Հայաստանն է եղել և դեռ լինելու է, ու կառուցողական երևալը, Ադրբեջանի պահանջները կատարելը, որ հանկարծ պատերազմ չլինի, չի փրկելու, որովհետև Ադրբեջանը Փաշինյանի «թեթև ձեռքով» «մտել է» մեր պետություն և թելադրում է՝ ինչ տեսակի բանակ պիտի ունենա Հայաստանի Հանրապետությունը՝ ճանաչված պետությունը:
Եվ եթե 2020թ.-ին ասում էինք, որ մեր հակառակորդն այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան, ապա այսօր շատ դեպքերի համար կարող ենք վերաձևակերպել և ասել՝ մեր ռազմական հակառակորդն առաջին հերթին Թուրքիան է՝ երբեմն Ադրբեջանի անվան տակ թաքնված:
Ի դեպ, օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաստատել է 44-օրյայի ժամանակ թուրք զինվորների կռվելու փաստը, որ պատերազմի ժամանակ բազմաթիվ տեղերում հայ զինվորականները, հայկական հետախուզությունը տեսել է թուրքական դրոշներ, թուրքական զինծառայողներ, Թուրքիայի հատուկ ջոկատային, բարձրաստիճան սպաներ, պատերազմի ողջ ընթացքում Թուրքիային պատկանող F-16 ինքնաթիռները, անօդաչու թռչող սարքերը եղել են օդում, սպասարկվել են թուրքական անձնակազմի կողմից:
Ի դեպ, պատերազմին Թուրքիայի ուղիղ մասնակցության մասին Փաշինյանը խոսել էր նաև 2020 թվականի պատերազմի օրերին՝ համարելով այն ՆԱՏՕ-ի պատասխանատվության հարցը:
168.am-ը գրել էր, որ Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին, ինչի մասին Քննիչ հանձնաժողովում հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
Բայց պատերազմից հետո ՀՀ իշխանությունները և Փաշինյանը մոռացան ՆԱՏՕ-ի այս պատասխանատվության մասին, իսկ այսօր Փաշինյանն առաջարկում է չշեշտադրել կամ մոռացության տալ թուրքական այս գործողությունները, քանի որ Հայաստանը փորձում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել:
Իսկ Թուրքիայի ներգրավվածությունը 44-օրյային չի եղել պրոքսի, խորհրդականների միջոցով, քողարկված, այլ անմիջական, և ով գիտի՝ եթե հետո ինչ-որ սադրանք լինի, թուրքական ներգրավվածությունն ինչ տեսքով կլինի….