Կարո՞ղ է Վատիկանը դառնալ ԱՄՆ-ում որոշումների կայացման երրորդ կենտրոնը

ԱՄՆ գլխավոր ռազմական հոգևորական, արքեպիսկոպոս Թիմոթի Բրոլյոն BBC-ի եթերում հայտարարել է՝ ամերիկացի կաթոլիկ զինծառայողները կարող են «մաքուր խղճով» հրաժարվել մասնակցել Գրենլանդիայի գրավման գործողությանը:

Արքեպիսկոպոսի խոսքով՝ «մեկ զինվորի, ծովայինի կամ նավաստու համար շատ դժվար կլիներ չհնազանդվել նման հրամանին», բայց «սեփական խղճի տեսանկյունից բարոյապես ընդունելի կլիներ չենթարկվելը»։ Բրոլյոն հայտնել է, որ որպես զինվորականներին սպասարկող քահանա՝ ինքը մտահոգված է, որ ամերիկյան քաղաքականությունն անտեսում է որոշ իրավիճակների նկատմամբ «ճիշտ և բարոյական մոտեցումը»: Խոսքը միայն Գրենլանդիայի մասին չէ, նա նկատի է ունեցել Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյին գրավելու նախորդ գործողությունները, Կարիբյան ծովում նավերի վրա հարվածները, որոնք ամերիկյան ռազմական հրամանատարությունը ճանաչել էր որպես թմրավաճառներ:

Զինծառայողներին հրամանին չհնազանդվելու և երդումը խախտելու փաստացի կոչը բավականին կոշտ և լուրջ հայտարարություն է բարձրաստիճան հոգևորականի կողմից, որը 2022-2025 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ Կաթոլիկ եպիսկոպոսության համաժողովի (USCCB) նախագահի պաշտոնը։ Բայց, ըստ ամենայնի, դա ինչ-որ անոմալիա կամ շեղում չէ:

Բրոլյոյի՝ Բրիտանական հեռուստաալիքին տված հարցազրույցի հետ միաժամանակ հրապարակվել է երեք կարդինալների՝ Չիկագոյի, Վաշինգտոնի և Նյուարկի արքեպիսկոպոսների համատեղ նամակը, որում նրանք ԱՄՆ արտաքին քաղաքականությունը համեմատել են Հռոմի Պապ Լեո XIV-ի կողմից 2026-ի հունվարի 9-ին Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներին ուղղված իր ուղերձում շարադրված սկզբունքների հետ։ «2026-ին ԱՄՆ-ը մտել է սառը պատերազմի ավարտից ի վեր աշխարհում Ամերիկայի գործողությունների բարոյական հիմքերի մասին ամենախոր և ամենասուր բանավեճի մեջ,- ասված է ուղերձում: -Վենեսուելայում, Ուկրաինայում և Գրենլանդիայում տեղի ունեցած իրադարձությունները հիմնարար հարցեր են բարձրացրել ռազմական ուժի օգտագործման և խաղաղության նշանակության վերաբերյալ: Մեր երկրում ամերիկյան քաղաքականության բարոյական հիմքերի շուրջ բանավեճը բարդանում է բևեռացմամբ, կուսակցական կողմնակալությամբ և նեղ տնտեսական և սոցիալական շահերով: Հռոմի Պապ Լեոնը մեզ տվեց մի պրիզմա, որի միջոցով մենք կարող ենք այն շատ ավելի բարձր մակարդակի հասցնել»:

Կարդացեք նաև

Առաջին եզրակացությունը, որը հուշում է. ԱՄՆ-ի կաթոլիկ Եպիսկոպոսությունը հավակնում է դառնալ Սպիտակ տան և Պետդեպարտամենտի կառույցների, ինչպես նաև Կոնգրեսի հետ միասին՝ երկրի արտաքին քաղաքական որոշումների ընդունման երրորդ կենտրոնը: Արգենտինացի Ֆրանցիսկոս Պապի օրոք դա անհնար էր։ Բայց Հռոմի Պապ Լեո XIV-ի կողմից ԱՄՆ քաղաքացի կարդինալ Ռոբերտ Պրևոստի ընտրությունից հետո իրավիճակը փոխվում է: Նոր պապն այլևս ամերիկյան հասարակության և քաղաքական գործիչների կողմից չի ընկալվի որպես օտար, իսկ Վատիկանը՝ որպես «քայքայիչ» արտասահմանյան կենտրոն։

Միևնույն ժամանակ, Սուրբ Աթոռը և ԱՄՆ Եպիսկոպոսությունը միաժամանակ հեռանում են նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և MAGA շարժման քաղաքականացված կաթոլիկ աջակցության խմբից: Նախորդ պապի կենսագիր Օսթին Այվերին այս կապակցությամբ առանձնացնում է Catholicsfor Catholics-ը՝ այն անվանելով «Թրամփի կողմնակիցների կեղծ կազմակերպություն, որը կատաղի քննադատում է պապականությանը և հանդիպումներ է անցկացնում նախագահի Ֆլորիդայում գտնվող կալվածքում»։

«Արդեն գոյություն ունի MAGA-քրիստոնեություն»՝ հիմնականում ավետարանական խմբեր, որոնք Թրամփին տեսնում են՝ որպես քրիստոնյա կայսր, որը պետք է ստեղծի «քրիստոնյա ազգ» օրենքով և ուժով,- ասում է Այվերին։ -Բայց ես կարող եմ պատկերացնել ապագայում «MAGA եկեղեցու» հայտնվելը՝ կաթոլիկների մի խումբ, որոնք խզում են կապերը Հռոմի հետ՝ պնդելով, որ Հռոմն «առաջադեմ» է, և, որ Թրամփը, ոչ թե Հռոմի պապն է իրենց իրական առաջնորդը։ Նրանք նույնիսկ կունենան իրենց հոգևորականությունը»:

Երկրորդ եզրակացությունը.ԱՄՆ-ում և գլոբալ մակարդակում Վատիկանը նախատեսում է խաղալ մի խաղադաշտում, որտեղ իրեն շատ վստահ է զգում՝ միջազգային կարգ, որը հիմնված է բարոյական արժեքների վրա: Այն մասամբ հատվում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգի հետ, բայց նույնական չէ դրան։  Օրերս ելույթ ունենալով Վատիկանի դիվանագետներին պատրաստող պապական եկեղեցական ակադեմիայում՝ Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինը նախազգուշացրել է «բազմաբևեռության ճգնաժամի» մասին, որն «անտեսում է այն արժեքները, որոնց վրա աստիճանաբար կառուցվում էր ազգերի համայնքը»:

Ավելի ուշ պատասխանելով Գրենլանդիան «ձեռք բերելու»՝ Թրամփի բազմիցս հնչեցրած սպառնալիքների մասին հարցին՝ կարդինալը հիշեցրել է իր դասախոսության մասին և հայտարարել, որ ուժի վրա հիմնված որոշումներն «անթույլատրելի են»: Նա ևս մեկ անգամ ընդգծել է՝ «հետպատերազմյան տարիներին բնորոշ բազմակողմանիության ոգին ««կորում է»: Դա «անընդունելի է և ավելի հաճախ կհանգեցնի հակամարտությունների, միջազգային հանրության ներսում պատերազմի»։

Հունվարի 25-ին Լեո XIV-ի որոշմամբ պետքարտուղարը հատուկ բանագնացի դերում հանդես եկավ Կոպենհագենում Սուրբ Անսգարի առաքելության մեկնարկի 1200-ամյակի տոնակատարություններին: Եվրոպական կաթոլիկ պարբերականները ենթադրեցին՝ «Պապի գլխավոր դիվանագետը Դանիայի մայրաքաղաքում իր գտնվելու վայրն օգտագործում է Գրենլանդիայի և Դանիայի շուրջ աշխարհաքաղաքական վերջին ճգնաժամերի լույսի ներքո բանակցությունների համար»:

Ստանիսլավ Ստրեմիդլովսկի

iarex.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս