Հայաստանը կարմիր գոտիավորմամբ ներկայացնելը խոչընդոտում է զբոսաշրջիկների այցելությունները. անվտանգության խնդիրը կա. Մեխակ Ապրեսյան
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի կարծիքով՝ որպես ձմեռային զբոսաշրջության երկիր՝ Հայաստանը տարեցտարի համաշխարհային շուկայի համար դառնում է ավելի գրավիչ։
«Օրինակ, եթե խոսում ենք ձմեռային զբոսաշրջության մասին, ապա մեր առաջարկը համաշխարհային շուկային եղավ «ՄԱՅԼԵՌ» լեռնադահուկային կոմպլեքսը, սա նոր պրոդուկտ է, Ծաղկաձորի, Ջերմուկի կողքին՝ Աշոցքում արդեն կա մեկ այլ լեռնադահուկային վայր։
Իհարկե, լավ կլինի, որ եղանակը նույնպես բարենպաստ ու ձյունառատ լինի, հուսանք, ձյունն ավելի առատ կլինի, ու այս վայրերը մեր զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ կլինեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մեխակ Ապրեսյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը որքանո՞վ է գրավիչ ձմեռային զբոսաշրջության համար, և առհասարակ ոլորտում ի՞նչ խնդիրներ կան։
Ըստ Մեխակ Ապրեսյանի, այս ամենով հանդերձ, ոլորտում շատ անելիքներ կան, օրինակ, Սևանա լճի ուղղությամբ, քանի որ այն աշխատում է շատ կարճ սեզոնով։
«Խիստ անհրաժեշտ է ունենալ Սևանի զարգացման ծրագիր՝ իր մաստեր պլանով, այսինքն՝ երկարաժամկետ զարգացման ծրագիր։ Իհարկե, թույլ չտալով ենթակառուցվածքների գերզարգացում, որպեսզի այն չդարձնենք սովորական վայր և՛ արտաքին տեսքով, և՛ ֆունկցիոնալ առումով։ Պետք է լավ մտածված ծրագիր լինի, որն ուղղված կլինի նաև Սևանում սեզոնի երկարաձգմանը։ Զբոսաշրջային սեզոնի երկարաձգումը կա ու պետք է լինի ոլորտի քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը։ Սա պետք է անել և՛ զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման, և՛ շուկաների դիվերսիֆիկացման ճանապարհով»,- հավելեց Մեխակ Ապրեսյանը։
Ըստ նրա, թեև այս տարի Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը նվազեց, սակայն այդ երկիրը Հայաստան ընդհանուր այցելությունների մեջ շարունակում է մնալ առաջին տեղում։ 2023 թվականին ընդհանուր այցելությունների մեջ Ռուսաստանից այցելությունները կազմում են 50 տոկոս, իսկ այս տարի՝ 43-45 տոկոս՝ առաջին 9 ամիսների տվյալներով։ Վրաստանից ևս կան այցելուներ, Եվրոպայից՝ ընդհանուր վերցրած, Իրանից, Միացյալ Նահանգներից։
«Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից այցելուների թիվը կարող էր ավելին լինել, այդ երկրների շուկաները մեզ համար կարևոր են, բայց դրան էապես խոչընդոտում է այդ երկրների իրավասու մարմինների արտաքին գերատեսչությունների պաշտոնական կայքերում Հայաստանը «կարմիր սահմանագծերով» ներկայացնելը, այն է՝ ոչ այդքան անվտանգ երկիր։ Այստեղ կարծես թե պարադոքս կա։ Պաշտոնական կայքերում ներկայացվում է «կարմիր գծերով», իսկ անկախ ու հետաքրքիր պարբերականների ներկայացմամբ՝ Հայաստանն ապահով երկրների տասնյակում է։
Այդուհանդերձ, անվտանգության այդ խնդիրը կա, ինչն էլ խոչընդոտում է մեր բարեկամ երկրներից այցելությունների քանակին, հատկապես կազմակերպված զբոսաշրջության վրա։ Կազմակերպված զբոսաշրջությունը մեզ համար ողնաշարային նշանակություն ունի։ Այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն, ակտիվացվեն՝ դիվանագիտական ուղիներով, սփյուռքի ներուժն օգտագործելով, Տուրիզմի կոմիտեի, մասնավոր հատվածի ողջ ներուժն օգտագործելով։ Անել ամեն ինչ, որպեսզի այդ կարծրատիպը կոտրվի ու Հայաստանը չներկայացվի «կարմիր սահմանագծերով»։ Այս առումով Հայաստանում միջազգային շատ միջոցառումներ պետք է կազմակերպել՝ սպորտային, մշակութային, կրթական և դրանք լայնորեն լուսաբանել՝ աշխարհին ցույց տալով, որ զբոսաշրջիկները կարող են անվտանգ լինել»,- հավելեց Մեխակ Ապրեսյանը։
Նա նաև ընդգծեց՝ թեպետ 2024 թվականի զբոսաշրջային տարին դեռ չի ամփոփվել, սակայն տարվա առաջին 9 ամիսների ընթացքում, ցավոք, գրանցվել է ներգնա զբոսաշրջային այցելությունների նվազում։ Այս ամենի վրա ազդել են տարբեր գործոններ, մասնավորապես՝ Հայաստանը կարմիր գոտիավորմամբ ներկայացնելը, աշխարհաքաղաքական իրադարձությունները և պետական ու մասնավոր հատվածի մարքետինգային ու գնային քաղաքականությունը։
«Մեզ մոտ անհարկի գնաճի գործոնով պայմանավորված, ունեցանք նվազում։ Սա, իհարկե, սարսափելի անկում չեմ համարի, բայց համարում եմ շատ լուրջ ազդակ շուկայի կողմից մեզ, որպեսզի վերանայենք մեր պետական քաղաքականությունը, մասնավոր հատվածին ևս կարևոր ազդակ էր սա։ Մեր կողմից առաջարկներ կան, դրանք քննարկվում են, ակնկալում եմ, որ 2025 թվականին մենք արագ կվերականգնենք այս բացթողումը և, իհարկե, աճ կունենանք նախորդ տարվա նկատմամբ»,- եզրափակեց Մեխակ Ապրեսյանը։