
3 ամսում Հայաստանը կրել է 75 մլն դոլարի վնաս

Կառավարությունը նպատակ է դրել այս տարի Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 2,5 միլիոնի։ Տարեսկզբին էկոնոմիկայի նախարարը հայտարարում էր, թե կառավարությունը շարժվում է իր թիրախին համահունչ։
Հիմա տեսեք, թե ինչպես են թիրախները «խոցելով» առաջ գնում։ Նախորդ տարվա անկումից հետո, այս տարի զբոսաշրջիկների թիվն ավելի արագացված տեմպերով է կրճատվել։
Հունվարին Հայաստան է այցելել 139,5 հազար զբոսաշրջիկ՝ 14,8 հազարով ավելի քիչ, քան անցած տարի։ Փետրվարին այցելուների թիվը կազմել է 117,4 հազար՝ 9,8 հազարով պակաս, քան անցած տարի։ Մարտին զբոսաշրջիկների քանակը ռեկորդային անկում է գրանցել. Գրեթե 23 հազարով պակաս են եղել այցելուները, քան նախորդ տարի։ Նախորդ տարի եկել էին 152,8 հազար, այս տարի եկել են 129,8 հազար։
Ընդհանուր առմամբ՝ տարեսկզբի առաջին 3 ամիսներին Հայաստան է եկել 386,7 հազար զբոսաշրջիկ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում եկածների թիվը հասնում էր ընդհուպ 434,4 հազարի։
Այս տարի շուրջ 47,7 հազարով ավելի քիչ այցելու է եղել, քան եղել էր 2024թ.։
Զոսաշրջիկների քանակը տարեսկզբի առաջին երեք ամիսներին երկնիշ նվազել է։ Գրեթե 11 տոկոսով քիչ այցելություններ կան, քան անցած տարի։
Անցած տարվա առաջին եռամսյակում էլ զբոսաշրջիկների քանակը կրճատվել էր։ 15,5 հազարով պակաս այցելություններ էր եղել, քան 2023թ.։
Ու այդ ֆոնին, այս տարի դարձյալ զբոսաշրջիկները կրճատվել են։ Որքան կառավարությունը շատ է խոսում զբոսաշրջությունը զարգացնելու ու զբոսաշրջիկների քանակն ավելացնելու մասին, այնքան այցելուները պակասում են։
Այս տարի, 2023թ. համեմատ, 63.000ճով քիչ այցելու է եկել Հայաստան։
Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանում թողնում է առնվազն 1200 դոլար, կստացվի, որ մեկ եռամսյակի ընթացքում միայն այս ոլորտից տնտեսությունը կորցրել է առնվազն 75 մլն դոլար։ Զարմանալի չէ, որ վերջին շրջանում տնտեսական ակտիվության տեմպը մեր երկրում ռեկորդային տեմպերով նվազում է։ Ոչ միայն զբոսաշրջության, այլև տնտեսության բազմաթիվ ոլորտներում անկում է գրանցվում, երբեմն՝ չափազանց կտրուկ։ Արդյունաբերությունն ու առևտուրն են ռեկորդային բարձր տեմպերով նվազում՝ էական ազդեցություն թողնելով տնտեսության ակտիվության վրա։
Այն, ինչ տեղի է ունենում զբոսաշրջության ոլորտում, ուղիղ համեմատական է կառավարության իրականացրած քաղաքականությանը։ Առաջին խնդիրն այն է, որ Հայաստանում վտանգված է անվտանգությունը։ Մինչ իշխանությունները քափ ու քրտինք կտրած խաղաղության դարաշրջանից են խոսում, Ադրբեջանը գրեթե ամեն օր կրակում է սահմանին, կրակում է սահմանային գյուղերի ու բնակիչների տների վրա, Հայաստանը մշտական լարվածության մեջ է պահում, պահանջներ է ներկայացնում, իր կամքն է թելադրում, հոխորտում է, սպառնում։
Այսպիսի միջավայրում ուզում են երկրում զբոսաշրջություն զարգանա, այցելողների քանակն ավելանա։ Կարծում են՝ մի քանի հոդված դրսում հրապարակելով կամ բլոգերներ Հայաստան բերել-տանելով՝ կարող են իրավիճակ փոխել։
Զարմանալի չէ, որ զբոսաշրջային հոսքերը տարեցտարի կրճատվում են։ Ու ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանն անվտանգ տուրիստական ուղղություն չէ բազմաթիվ երկրների քաղաքացիների համար, որոնց դեսպանատները պարբերաբար հորդորում են իրենց քաղաքացիներին հեռու մնալ սահմանային տարածքներից, այլև չափազանց թանկ է։ Թանկությամբ վաղուց արդեն դուրս ենք եկել միջազգային ասպարեզ, եվրոպական երկրների հետ ենք ոտք գցում, չնայած առաջարկված ծառայությունների որակով անգամներով զիջում ենք նրանց։
Քիչ է՝ թանկությամբ դարձել ենք տարածաշրջանում առաջատար երկրներից մեկը, իշխող քաղաքական վարչախումբը շարունակում է իր անտրամաբանական քայլերով ու գործողություններով նպաստել գների հետագա բարձրացմանը։ Ամենուրեք հարկային բեռ են ավելացնում ու խթանում գների բարձրացումը։
Ամեն գնով բյուջե լցնելու մղումով տարված՝ վտանգում են տնտեսությունը, տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ զբոսաշրջության գործունեությունը։
Այսպիսի պայմաններում պարզ չէ՞, որ Հայաստանը չի կարող մրցունակ լինել տարածաշրջանի երկրների նկատմամբ։ Մի պահ, երբ ռուս-ուկրաինական հակամարտության բերումով ռուսները նախընտրում էին գալ Հայաստան, այցելուների կտրուկ վերելք արձանագրվեց։ Որքան էլ իշխանությունները դա մատուցեցին՝ որպես Հայաստանի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունների ակտիվացման արդյունք, իրականում խոսքը բոլորովին այլ երևույթի՝ հարկադիր այցերի մասին էր, որոնք կապ չունեին իրական զբոսաշրջության հետ։ Պատահական չէ, որ կարճ ժամանակ անց այդ հոսքերը սկսեցին նույն ակտիվությամբ կրճատվել։ Անցած տարի Ռուսաստանից ավելի քիչ զբոսաշրջիկ եկավ Հայաստան, քան եկել էր ռուս-ուկրաինական հակամարտության սկզբնական շրջանում. 200 հազարի հասնող կրճատում արձանագրվեց։
Այս տարի էլ Ռուսաստանից զբոսաշրջային հոսքերը շարունակել են նվազել։ Եթե անցած տարի Հայաստան այցելողների ավելի քան 42 տոկոսն էր Ռուսաստանից, այս տարի իջել է 37-38 տոկոսի։
Սրա հետևանքով էլ զբոսաշրջիկների թիվը կրճատվել է։ Ռուսաստանը եղել ու շարունակում է լինել Հայաստանի հիմնական զբոսաշրջային գործընկերը։ Այդ երկրից այցելությունների փոփոխությունն ուղղակիորեն ազդում է ընդհանուր միտումների վրա։ Երբ ավելանում է՝ հոսքերն աճում են, նվազում է՝ կրճատվում են։ Այն մասնակի փոփոխությունները, որոնք վերջին շրջանում նկատվում են զբոսաշրջային աշխարհագրության մեջ, էական ազդեցություն չեն թողնում ընդհանուր հոսքերի վրա։ Այդ պատճառով էլ դրանք կրճատվում են։
Ու մինչ երկրորդ տարին անընդմեջ այցելուների քանակը Հայաստան նվազում է, իշխանությունները որոշել են հերթական խոշոր վարկը վերցնել, հիմա էլ՝ զբոսաշրջությունը «զարգացնելու» համար։ Խոսքը 100 մլն դոլարի մասին է։
Այսքան տարի 7 մլրդ դոլարի վարկեր ու պարտքեր են վերցրել, ի՞նչն են զարգացրել, որ հիմա էլ զբոսաշրջությունը պիտի զարգացնեն։ Վերցնելու են ծախսեն, վերջում պարզվելու է, որ ոչ մի զարգացում էլ չունենք՝ հերթական միլիոնավոր դոլարների պարտքն է մնացել պետության ու քաղաքացու վրա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ