
«Ցավոք, Հայաստանը շարունակում է մնալ «կարմիր» գոտիավորմամբ. վերջերս շուկայի կողմից ունեցանք փոքր ահազանգ». Մեխակ Ապրեսյան

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը վստահեցնում է՝ Հայաստանը զբոսաշրջիկների համար հետաքրքիր երկիր է, և առաջին խաղաքարտերից մեկն այն է, որ զբոսաշրջիկները Հայաստանից հեռանում են իրենց սպասելիքները գերազանցած։
Նրա խոսքով՝ Հայաստանը և հայ ժողովուրդը իր հյուրընկալությամբ ու հյուրասիրությամբ այնպիսի պայմաններ է ապահովում, որ զբոսաշրջիկն իրեն ընդունված է զգում, ինչը դրսի մարդկանց համար շատ կարևոր է։
«Ցանկացած մարդ, երբ գնում է որևէ երկիր, ըստ էության հյուր է գնում, չէ՞, և իրեն շատ լավ է զգում, երբ լավ են ընդունում։ Այս գործոնը մեզ մոտ կա և գրավում է զբոսաշրջիկներին, հետևաբար՝ սա երբեք չպետք է կորցնենք։
Բացի այդ գործոնից, մենք զբոսաշրջային արդյունքն աստիճանաբար ավելի բազմազան ենք դարձնում, այսինքն՝ զբոսաշրջիկների համար ավելի հետաքրքիր ենք դառնում։
Վերջերս շուկայի կողմից ունեցանք փոքր ահազանգ. Մենք զբոսաշրջության պատմության մեջ նվազում չէինք ունեցել, կորոնավիրուսը չհաշված, իհարկե, բայց 2024 թվականին ունեցանք 4,7 տոկոս։
Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին հետաքրքրում են պատմամաշակութային, ճանաչողական, արկածային, խոհանոցային, գյուղական և արդեն բժշկական ուղղությունները։ Բոլոր ուղղություններով մենք արդեն շատ առաջարկներ ունենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մեխակ Ապրեսյանը՝ անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում նկատվող միտումներին և այն ուղղություններին, որոնք Հայաստանում հետաքրքրում են զբոսաշրջիկներին։
Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ զբոսաշրջության ոլորտում այս տարվա առաջին եռամսյակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրկին նվազել էր, սակայն մայիս-հունիս ամիսներից սկսած արդեն կարգավորվել է։
«Շուկան մեզ ասաց՝ հարգելիներս, նստեք բոլոր շահագրգիռ կողմերով՝ ձեր քաղաքականությունը վերանայեք։ Այս նվազումը պայմանավորված էր տարբեր գործոններով, դե, իհարկե, աշխարհաքաղաքական վիճակը չի կարող ազդեցություն չունենալ, նաև տարածաշրջանային իրավիճակն ունի իր ազդեցությունը։ Բացի այդ, ունեինք նաև գնաճ, ինչ-որ առումով՝ նաև անհարկի գնաճ։ Այստեղ է, որ մենք անելիքներ ունենք։
Տարածաշրջանում և աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանը նպատակային շուկա հանդիսացող շատ երկրներում՝ եվրոպական, ամերիկյան, դեռևս «կարմիր» սահմանագծերով է ներկայացված։ Սրան ուղղված՝ Հայաստանը տարբեր միջոցառումներ պետք է իրականացնի, օրինակ, Հայաստանում իրականացնի միջազգային միջոցառումներ և դա լավ լուսաբանի, աշխատի դիվանագիտական ուղիներով, որպեսզի այդ հարցը լուծվի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Մեխակ Ապրեսյանն ասաց, որ սրան ուղղված օրերս հետաքրքիր մեկ քայլ արդեն ֆեդերացիան կատարել է՝ հյուրընկալելով Քուվեյթից 14 զբոսաշրջային օպերատորների։ Հյուրերի հետ հատուկ այցելել են Ջերմուկ քաղաք, Սևան, Գեղամա լեռների վրա մեքենաներով շրջագայել են։
«Գեղամա լեռներից մեր հյուրերը տեսանյութեր էին տարածում` «Habibi come to Armenia» բացականչելով։ Եթե մենք ամեն ինչ լավ լուսաբանում ենք, աշխարհին ցույց ենք տալիս, թեև այդ կայքերում «կարմիր» գոտիավորում ունի Հայաստանը, բայց այդ մարդիկ ինչպե՞ս են Քուվեյթից հասել այդ վայրեր։ Նկատի ունեմ, մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հակառակն ապացուցենք աշխարհին։ Չնայած այս ամենին, աշխարհի մի քանի պարբերականներ զբոսաշրջության տեսանկյունից Հայաստանն ընդգրկում են ամենաապահով երկրների շարքում»,- նշեց տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։
Նա կարևորեց Հայաստանում անցկացվող զանազան փառատոները և դրանց լայն լուսաբանումը։ Այդ միջոցառումներին մասնակցում են նաև շատ զբոսաշրջիկներ, որոնք վերադառնալով իրենց երկիր՝ դրական խոսքեր են ասում։ Օրինակ, «Երևանի գինու» օրեր, հայ-վրացական մշակութային խոհանոցային փառատոնին մասնակցել են բազմաթիվ զբոսաշրջիկներ, նկարվել, դրանք տարածել:
Շարունակելով՝ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ նույնիսկ այս քայլերն են քիչ, քանի որ Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որպեսզի աշխարհում իր իմիջի մասին ճիշտ կարծիք ձևավորվի։
«Օրինակ, օգոստոսին տեղի է ունենալու հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնը՝ Նավասարդը, որը լայնորեն պետք է լուսաբանենք, որպեսզի բազմամարդ լինի, և այդ ամենն աշխարհը տեսնի։ Փառատոնը տեղի է ունենալու Սիսիանում։
Բոլոր ուղղություններով պետք է աշխատենք՝ և՛ դիվանագիտական ուղիներով, և՛ կարևոր ու պետական միջազգային միջոցառումներ կազմակերպելով։ Ասեմ, որ այդ աշխատանքները տարվում են, բայց, ցավոք, Հայաստանը շարունակում է մնալ «կարմիր» գոտիավորմամբ»»,- ընդգծեց մեր զրուցակիցը։