
«Սա արդեն վերջն է. տեսնում են՝ դրած ականներով պայթում են ու վնասում, բայց մեկ է՝ շարունակում են». Աշոտ Հարությունյան

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում խոզերի գլխաքանակը նվազել է։ Այսպիսով՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 182.315 խոզ, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 2.5%-ով՝ 2024թ. հունվարի 1-ի դրությամբ խոզերի գլխաքանակը 186.951 է եղել։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանին Վիճակագրական կոմիտի հրապարակած տվյալները չեն զարմացնում, քանի որ Հայաստանում բոլոր ոլորտներում բարձիթողի վիճակ է, որևէ ոլորտում չկա առաջընթաց, հետևաբար՝ այս ոլորտը ևս բացառություն չէ։
«Ես ուզում եմ գալ այնտեղից, որ սրանք արդեն որերորդ տարին է՝ մեծ գումարներ են վատնում՝ սկսած խելացի անասնագոմերից, ոչխարաբուծությունից, անասնագլխաքանակի ներկրումից՝ թանկ գներով, ո՞ւր են գնացել այս գումարները, որովհետև անասնագլխաքանակն անընդհատ անկում է ապրում ու ոչ թե 1 հազարով, այլ 5 հազարներով։ Սրան զուգահեռ՝ նվազում է մսամթերքը, պարենային ապահովվածության առումով տոկոսն անկում է ապրում։ Այսինքն՝ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը նշանակում է՝ հերթական անգամ գնում են ոչ թե սխալ ուղղությամբ, այլ հետևողականորեն տանում են նվազեցման»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Աշոտ Հարությունյանը։
Ըստ մեր զրուցակցի, հասկանալի է, որ Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալները հրապարակված են, սակայն հաշվառումը խիստ կակածելի է, քանի որ չկա հաշվառման ճիշտ մեթոդաբանություն։
«Գուցե տվյալների մշակման ճիշտ մեթոդաբանություն կա, որը միշտ մեջբերում է Վիճակագրական կոմիտեն, սակայն մարզերի տնտեսություններից եկող թվերը խիստ կասկածելի են։
Երբ նավը տանում են դեպի ժայռին խփելու, որքան ուզում եք՝ աղաղակում եք, զանգատվեք, որ դիմացը խութեր են, ժայռեր են՝ նավը խփում են ժայռին, բայց չեն կանգնեցնում ու որևէ բան չեն անում, ապա դրա նպատակը պարզ է։ Եթե երկրում բոլոր ոլորտներում կան խնդիրներ, ապա գյուղատնտեսությունը դրանից զերծ չի մնում։ Ասում ենք, որ երկրում բրուցելյոզ հիվանդություն կա՝ Շիրակում, Գեղարքունիքում, և ոչ թե՝ 1 գլխաքանակի մոտ, այլ հազարավոր։ Եթե հետևողական չեն ու խնդիրը չեն լուծում, նշանակում է՝ իրենց սրտի ուզածը սա է»,- հավելեց Աշոտ Հարությունյանը։
Նա հիշեցրեց մայիսի 5-ին Արարատի մարզում տեղի ունեցած կարկուտն ու դրա հետևանքով այգիների վնասման փաստը՝ ասելով, որ 10 օրից ավելի է անցել տեղացած կարկուտից, սակայն տեղից որևէ պաշտոնական տվյալ չկա, թե, ի վերջո, բնակիչները որքան վնաս են կրել։ Խնդրին անդրադառնում են հիմնականում լրատվամիջոցները, փորձագետները։
«Կա ոլորտ, որով պետք է տնտեսությունը զարգացնեն՝ բռնում ու փշրում են, ջարդում։ Ցանկացած ճյուղ, այս դեպքում գյուղատնտեսությունը վերցնենք իրենց պատասխանատուներով, անպատասխանատուներով, թող գան՝ ապացուցեմ, որ սխալ քաղաքականություն են վարում։
Տարեցտարի անասնագլխաքանակը հազարներով նվազում է, կաթի, մսի քանակը նվազում է, իրենց ստեղծած սպանդանոցային սուտ համակարգերով տեսնում են, որ դրած ականներով պայթում են ու վնասում, բայց մեկ է՝ շարունակում են։
Ահազանգեր են հնչում տարբեր տեղերից, որ հարյուրավոր խոզեր են սատկում, ի՞նչ են անում, որևէ տվյալ չեն հրապարակում, չեն ասում, թե ինչ են արել։ Այսինքն՝ սա արդեն վերջն է, անունն ինչ ուզում եք՝ դրեք։ Ու սրան զուգահեռ, որքան ոլորտում գումար են դնում, այնքան անկումն ավելանում է, որքան գումարը շատանում է, կոռուպցիոն ռիսկերն այնքան ավելանում են, դե թող վերլուծեն ու հրապարակեն»,- ընդգծեց Աշոտ Հարությունյանը։