Արմեն Գրիգորյանի անկաշկանդ համագործակցությունն արցախցի գեներալիտետին հայհոյող բլոգերի հետ
Վերջերս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով և նախաձեռնությամբ լրագրողներից և փորձագետներից բաղկացած խումբ է մեկնել Տավուշ՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց և Բերքաբեր՝ տեղում ծանոթանալու սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքներին, նաև քննարկել են ՀՀ պաշտպանության համակարգի զարգացման հիմնահարցերը:
Այս մասին, սակայն, ԱԽ գրասենյակը պաշտոնական տեղեկատվություն չի տարածել, ուստի մասնակիցների սոցցանցային էջերից և տարածած լուսանկարներից ենք տեղեկացել այս այցի մասին (ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարությունը չլուսաբանվող միջոցառումների մասին համապատասխան հաղորդագրություն տարածում է):
Պարզվում է՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից նման հրավերի է արժանացել նաև Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի չափանիշներով հասարակական կարծիք ձևավորող բլոգեր Ռոման Բաղդասարյանը, ով հայտնի է իր ադրբեջանական թեզերով, ինչի համար նա հաճախ է հայտնվում թշնամական մեդիադաշտում:
Նորմալ երկրում և հենց նույն Ադրբեջանում այս անձը չէր կարող այսքան ազատ շրջել և պաշտպանական կարևոր տարածքներ մուտք գործել, եթե աներ և խոսեր այն, ինչ անում է Հայաստանում Փաշինյանի իշխանության օրոք, և ինչը չի կարողացել անել նախկին իշխանությունների օրոք:
ԱԽ քարտուղարի կազմակերպած միջոցառմանը նշված անձի մասնակցության մասին նույնպես տեղեկացանք նրա տելեգրամյան ալիքից: Տեղադրված տեղեկատվությունից կարելի է ենթադրել, որ Ռոման Բաղդասարյանը, որի կենսագրությունը և գործունեությունը մի օր պետք է հայտնվի օրենքի թիրախում, եղել է և՛ ԱԱԾ սահմանապահների պաշտպանությանը հանձնված հատվածներում, և՛ ՀՀ զինված ուժերի պահպանության տակ գտնվող տարածքներում:
«Հարցերին պատասխանում էին նաև ՊՆ հրամանատարները, ԱԱԾ սպաները և մարզպետարանի ներկայացուցիչները։ …Պաշտպանության նախարարությունը կառուցում է պաշտպանական կառույցներ, որպեսզի, Աստված մի արասցե, եթե որևէ երկիր կրկին փորձի բախման տանել Հայաստանին և Ադրբեջանին (պարոն Գրիգորյանը չնշեց երկրի անունը, բայց ես հասկացա, որ խոսքը Ռուսաստանին է վերաբերում… ուրիշ ո՞վ է միջամտում, բացի Ռուսաստանից։ Ոչ ոք), բայց ամբողջ աշխատանքն ուղղված է նրան, որ երկրները սկսեն տնտեսական շփումներ և հաստատեն հումանիտար կապեր՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման նպատակով։
Ամեն ինչ կառուցված է շատ հստակ, խստությամբ և հիմնավոր։ Տեսանելի է, որ ԱԱԾ-ն և Պաշտպանության նախարարությունը այս հարցին շատ ուշադիր են մոտեցել…»,- գրել է գործող իշխանությունների հովանավորությունը վայելող բլոգերը:
Այս գրառումը մի քանի հարց է առաջացնում: Առաջին, ՀՀ ԱԱԾ-ն, ՀՀ պաշտպանության նախարարությունն անձամբ տեղյակ եղե՞լ են այս անձի սահմանապահ հատվածներ և ամրացված շրջաններ այցելության մասին, թե՞ ԱԽ քարտուղարն իր տարած խմբի անդամների ցուցակը չի ներկայացրել ուժային նշված կառույցներին:
Հետաքրքիր է, որ ԱԱԾ-ն մեծ դժկամությամբ է թույլատրում լրագրողներին մտնել ԱԱԾ պահպանության հատված, կամ՝ գրեթե թույլ չի տալիս, այս դեպքում լռել է։ Ի դեպ, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մոտ մեկ ամիս առաջ լրագրողների հետ զրույցում խուսափել էր պատասխանել Ռոման Բաղդասարյանին առնչվող հարցին:
Իսկ Պաշտպանության նախարարությունը դիրքեր և ամրացված շրջաններ ուղեկցում է միայն հավատարմագրված լրագրողներին (իսկ այլ ոլորտ ներկայացնող անձինք ՀՀ պաշտպանության նախարարի ուղեկցությամբ են գնում), բայց նույնիսկ այս դեպքում ՊՆ-ն, այսպես ասած, «ապահովագրվում է»:
Սա Անվտանգության խորհրդի կազմակերպած միջոցառումն է, և խմբին ուղեկցել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա՝ ԱԽ քարտուղարը, բայց այդ միջոցառման շրջանակում մտել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության տարածք, և արդյոք Պաշտպանության նախարարը չպե՞տք է տեղեկացվեր՝ ովքեր կան այդ խմբում։
Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանի կուսակից Սուրեն Պապիկյանը նմանօրինակ դեպքերում դժվար իրավիճակներո՞ւմ է հայտնվում, հատկապես, երբ Ռոման Բաղդասարյանի նմանները վայելում են Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի հովանավորությունը:
Ինչ վերաբերում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, ապա նրա կողմից իրականացվող քայլերը վաղուց զարմանք չեն հարուցում: Եթե նա, լինելով արցախցի և ունենալով արցախցի գեներալ քեռի (խոսքը Մովսես Հակոբյանի մասին է), չի խորշում համագործակցել մի անձի հետ, ով ամեն օր արցախցի գեներալներին հայհոյում է, տարբեր մահացու մեղքերի մեջ մեղադրում, ատելություն սերմանում արցախցիների նկատմամբ, այս դեպքում Արմեն Գրիգորյանի որևէ քայլ դժվար է մեկնաբանել:
Ի դեպ, վերջերս Մովսես Հակոբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է.
«Ես մի բան կարող եմ ասել՝ ես չեմ ամաչում իմ հայրենակիցների համար, արցախցիները կռվել են ու կռվելու են, արցախցիների գենի մեջ կա այդ դրական գիծը, որևէ արցախցի ամաչելու իրավունք չունի»:
Ինչևէ՝ ադրբեջանամետ բլոգերի հետ կապված մի քանի դրվագ հիշեցնենք:
Առաջին, 2021 թվականի մարտին Բերդի զորամասում միջադեպ էր տեղի ունեցել, ինչի մեջ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ռուսաստաբնակ բլոգեր Ռոման Բաղդասարյանի «մատն էր խառը»:
Նա փորձել էր իր ծանոթ զինվորի միջոցով Բերդի զորամասում «բունտ» կազմակերպել, հաջողվել էր 30 հոգու կարճ ժամանակով զորամասից դուրս հանել: Նպատակն էր՝ անկայունություն մտցնել 3-րդ բանակային կորպուսում:
Ավելին, անկայուն իրավիճակ ստեղծելու նրա այս անհաջող փորձը, անկասկած, տեղավորվում էր ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ ակտիվացած արշավի տրամաբանության մեջ:
Ի դեպ, Բաղդասարյանը միջադեպի մասին անմիջապես գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ «համեմված» Գրիգորի Խաչատուրովի հասցեին մեղադրանքներով, թե գեներալին պետք է հեռացնել բանակից: Այսինքն, ինքնախոստովանություն էր արել, և, թերևս, դա հասկանալով՝ որոշ ժամանակ անց այդ գրառումները հեռացրել էր, բայց, ինչպես ասում են, «рукописи не горят»:
Երկրորդ, 2021 թվականի վերջերին սոցիալական ցանցերում Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութ էր տարածվել, որում վերջինս հայտարարել էր Արցախի պաշտպանության բանակի, սպաների ու գեներալների կողմից պատերազմի ընթացքում սպանություններ կատարելու, ինչպես նաև սպանություններ կատարելու հրամաններ տալու մասին:
Արցախի ազգային անվտանգության ծառայությունը պահանջել էր պարզաբանումներ ներկայացնել իր կողմից հայտարարված ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ և նշել, որ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված հիմքերը ծագելու դեպքում ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը դիմելու է նաև դատավարական հարկադրանքի միջոցի:
Իր հերթին՝ Արցախի դատախազությունն էր հաղորդագրություն տարածել, որ Արցախցի գեներալների, սպաների կողմից սպանություններ կատարելու վերաբերյալ հայտարարությունը քննության կառնվի:
Իսկ արդեն 2022 թվականի օգոստոսին Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ռոման Բաղդասարյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանել, և, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նախաձեռնվել էր քրեական վարույթ նրա կողմից սուտ մատնություն կատարելու ենթադրյալ հանցավոր դեպքի կապակցությամբ:
Բայց, ինչպես տեսնում եք, այս անձը գործող իշխանությունների հովանավորությամբ ազատ շրջում է Հայաստանում և փորձում է հասարակական կարծիք ձևավորել՝ լինելով փաշինյանական քարոզչամեքենայի խոսափողը:
Եվ իր նմանների մուտքը չի փակվել նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչն իր ազդեցությունն է ունեցել պատերազմի ելքի վրա:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր շտաբից 2021 թվականի հունիսի 20-ին` ուշ երեկոյան, լուսանկար էր տարածվել, որում երևում էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հետ նույն սենյակում նստած էր նաև բլոգեր Ռոման Բաղդասարյանը:
Այս համատեքստում հավելենք՝ օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանում ձերբակալել են պահեստազորի սպա, ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևին, որովհետև նոյեմբերի 22-ին սահմանագոտի մեդիատուրի ժամանակ, որին մասնակցել է նա, նկարահանել է Ադրբեջանի ԶՈՒ դիրքերը, սահմանապահ զորքերի տեղակայման վայրերը, այնուհետև դրանք և դրանց կոորդինատները, այնտեղ տիրող օպերատիվ իրավիճակը սոցիալական ցանցում հրապարակել, ինչը վտանգում է Ադրբեջանի անվտանգությունը:
Ըստ այդմ, առկա ապացույցների հիման վրա Ադալյաթ Վերդիևը, որը ներկայում պատասխանատու է նաև քաղպաշտպանության համար, քրեական պատասխանատվության է ենթարկվելու՝ պետական գաղտնիք բացահայտելու և լիազորությունները չարաշահելու մեղադրանքներով: Այսինքն, պահեստազորի սպան, ով երբեք Հայաստանի օգտին քարոզչություն չի արել իր հարցազրույցներում, հրապարակայնացրել է գաղտնի տեղեկություն և պատասխանատվություն է ենթարկել:
Վերադառնանք Ռոման Բաղդասարյանի տելեգրամյան տեղեկությանը, և ուշադրություն հրավիրենք այն փաստի վրա, որ նշված անձը շարունակում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների դեմ հայտարարություններ անել և առաջ ընկնելով՝ Ռուսաստանին մեղադրել հնարավոր պատերազմի կազմակերպման համար։ Այսինքն, մեղադրում է ոչ թե Ադրբեջանին կամ Թուրքիային, այլ միայն Ռուսաստանին:
Եվ այստեղ հարց է առաջանում՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Նիկոլ Փաշինյանը ներկա պայմաններում համաձա՞յն են այս դիտարկման հետ, արդյոք բլոգերն իրենց տեսակե՞տն է փոխանցում…