Իշխանությունն արշա՞վ է սկսել Գրիգորի Խաչատուրովի դեմ
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Բերդի զորամասում միջադեպ է տեղի ունեցել, ինչի մեջ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ռուսաստաբնակ բլոգեր Ռոման Բաղդասարյանի «մատն է խառը»: Նա փորձել է իր ծանոթ զինվորի միջոցով Բերդի զորամասում «բունտ» կազմակերպել, հաջողվել է 30 հոգու կարճ ժամանակով զորամասից դուրս հանել:
Նպատակը՝ անկայունություն մտցնել 3-րդ բանակային կորպուսում:
Ավելին, անկայուն իրավիճակի այս անհաջող փորձը, անկասկած, տեղավորվում է ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ ակտիվացած արշավի տրամաբանության մեջ:
Ի դեպ, Բաղդասարյանը միջադեպի մասին անմիջապես գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ Գրիգորի Խաչատուրովի հասցեին մեղադրանքներով «համեմված», թե պետք է հեռացնել բանակից գեներալին:
Մեկ այլ գրառման մեջ բլոգերը, ըստ էության, ընդունել է իր միջամտությունը տեղի ունեցածին՝ «երբ մի ամբողջ բատալյոն լսում է ժուռնալիստի խորհուրդը, ոչ թե Յուրի Խաչատուրովի որդուն»:
Որոշ ժամանակ հետո Բաղդասարյանը հեռացրել է իր գրառումները:
Հիշեցնենք նաև, որ մոտ երկու տարի առաջ Տավուշի մարզում՝ Գրիշա Խաչատուրովի անմիջական ղեկավարությամբ իրականացված օպերացիայի արդյունքում Նոյեմբերյանի հատվածով անցնող կենտրոնական գազատարը, որը մտնում է Հայաստան այսօր անցնում է մեր սահմանով, մինչ այդ անցնում էր Ադրբեջանի սահմանով:
Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեկն է այն գեներալներից, ով ստորագրել էր ՀՀ ԶՈՒ հայտարարության տակ, և երբ պարզ դարձավ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն «իրավունքի ուժով» ազատված է ԳՇ պետի պաշտոնից, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը հայտարարություն էր տարածել և հաստատել իր պահանջը:
«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը:
Յուրաքանչյուր օր, ժամ, Ն. Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը և կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան:
Ուստի կրկին անգամ վերահաստատելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը»,- նշված էր Խաչատուրովի հայտարարության մեջ:
Հավելենք, որ նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն հրապարակեց, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն է։ Եվ մեր այդ հրապարակումը, բնավ, անհիմն չէր:
Իրականում եռակողմ հայտարարության սկզբում, որը հրապարակել էր «Սպուտնիկ-Արմենիան», եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․
«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:
Իհարկե, կարճ ժամանակում վերոնշյալ հատվածը հանվել է եռակողմ հայտարարությունից, բայց չի բացառվում, որ այն մնացել է բանավոր պայմանավորվածությունների տիրույթում:
Ըստ այդմ՝ չենք կարող բացառել, որ ՀՀ ԶՈւ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովից ազատվելը նման մեթոդներով նաև այս տրամաբանության կամ հեռահար նպատակների տիրույթում է:
Ինչ վերաբերում է զորամասային միջադեպերին, ապա փաշինյանական իշխանության օրոք սա միակը չէ: Մասնավորապես.
2019թ. մարտին Մեղրիի զորամասում արտառոց դեպք էր գրանցվել, երբ շուրջ 200 զինվոր լքել էր զորամասի տարածքը` հրաժարվելով ենթարկվել սպայական անձնակազմի ցուցումներին: Պարզվել էր, որ մի խումբ զինվորներ փորձել էին 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը հաստատել, հատուկ պայմաններով առաջնորդվել, առանձին շորերով ծառայել, առանձին սննդակարգով ապրել։ Եվ երբ սպաները դա թույլ չէին տվել, այդ զինծառայողներն իրենց համածառայակիցներին դրդել էին ըմբոստության, այն է` 2019 թ. մարտի 17-ին հրաժարվել էին ենթարկվել զինվորական ծառայության օրվա կարգացուցակին, իսկ ժամը 22:30-ին, երբ հայտարարվել էր քուն, մոտ 200 զինծառայող դուրս էր եկել զորամասի տարածքից ու միայն զորամասի հրամանատարի և ՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել զորամաս:
Մարտի 27-ին դատախազությունը «Փաստինֆո»-ին տեղեկացրել էր, որ տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ. առաջին գործը ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով` մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, երկրորդը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով` պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը:
Նշված երկու քրեական գործերով էլ նախաքննության կատարումը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը:
Մոտ մեկ տարի հետո պարզվեց, որ Մեղրիի զորամասում տեղի ունեցած անհնազանդության գործով 16 զինծառայողի նկատմամբ դատախազը քրեական հետապնդումը դադարեցրել է և նրանց մասով վարույթը կարճել:
2021-ի փետրվարի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասում (Զոդի չաստ) տեղի էր ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել էին մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել էին զորամասի տարածքը։ Նմանատիպ դեպքեր եղել են ՀՀ ՊՆ այլ զորամասերում: