Ո՞ւմ դիրքորոշման պատճառով է առկախվել ՀՀ-ում ԵՄ դիտորդների ներկայության հարցը

ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության ճակատագիրն այս տարեվերջին նրանց տեղակայման ժամկետի ավարտից հետո դեռ պարզ չէ։ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, պատասխանելով «Ազատության» հարցին, ասել է՝ դեռ վերջնական որոշում չկա։

Նա նաև չի հստակեցրել, թե պաշտոնական Երևանն արդյո՞ք դիմել է առաքելության ժամկետը երկարաձգելու խնդրանքով։ «Առաքելության երկարացման մասին որոշումը դեռ վերջնականացված չէ, բայց մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ։ Այն Հայաստանի իշխանությունների հետ քննարկման փուլում է»,- ասել է Հայաստանում ԵՄ դեսպանը:

Հակադարձելով Բաքվի անընդհատ մեղադրանքներին՝ ուղղված դիտորդներին, դեսպանը նաև ասել է, որ Եվրամիության առաքելությունը գերազանց աշխատանք է կատարում՝ տեղում ամրապնդելով մարդկանց անվտանգությունը։

«Այս առաքելության մանդատը շատ պարզ է։ Սա քաղաքացիական առաքելություն է, որը տեղում իր ներկայությամբ օգնում է տարածաշրջանում խաղաղության և վստահության հաստատմանը: Եվրամիությունն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ու կարգավորմանն ուղղված ջանքերին։ Եվ այս առաքելությունը, որը շատ պրոֆեսիոնալ է և ԵՄ անդամ բոլոր երկրների աջակցությունն է վայելում, այս առումով հիանալի աշխատանք է կատարում»,- ընդգծել է Մարագոսը:

Կարդացեք նաև

Ի պատասխան քննադատությունների, Եվրամիությունը ԵՄ խոսնակի մակարդակով Ադրբեջանի իշխանություններին առաջարկել էր, որ առաքելությունը պատրաստ է համագործակցության նաև Բաքվի հետ։

Վերջերս Ալիևի կառավարությունից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը հայտարարել էր, որ Երևանի ու Բաքվի միջև չհամաձայնեցված կետերը վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրսբերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։

Ըստ Շաֆիևի՝ չհամաձայնեցված երրորդ կետն էլ վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։ Փոխարտգործնախարար Կոստանյանը, մինչդեռ, վստահեցրեց՝ նման կետ բանակցվող փաստաթղթում չկա։

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էլ ասել էր, որ քանի որ այս պահին բանակցություններն ընթանում են, ճիշտ չի համարում ամբողջությամբ բացել, թե ինչի շուրջ են ընթանում քննարկումներ։ «Բայց այո, ինչպես նշեցի, կան չհամաձայնեցված կետեր, և սրանց շուրջ պիտի շարունակվեն քննարկումները»,- ասել էր Կոստանյանը։ Վերջերս խորհրդարանում էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել էր, թե Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունը զբաղվում է այն գործունեությամբ, որով օժտված է ԵՄ որոշմամբ, և այդ մանդատի շրջանակներից դուրս գալ չի կարող։ «Որքանով ես եմ տեղեկացված, Եվրոպական Միությունը լրջորեն դիտարկում է այսօր արդեն այդ մանդատի երկարաձգման հարցը։ Կարող եմ ասել մեր տեսանկյունը, որ քանի դեռ մենք չունենք ստորագրված, վավերացված Խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի դեռ մենք չունենք առաջ գնացող (եթե չասեմ՝ ավարտված) սահմանազատման գործընթաց, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ և, ըստ այդմ էլ, ունենք չեզոք երրորդ կողմի կարիք՝ օբյեկտիվ գնահատական ստանալու համար»,- ընդգծել էր Միրզոյանը։

Սակայն ակնհայտորեն Ադրբեջանի վերջնագրային քաղաքականությունը նաև այս հարցում անդրադարձել է Երևանի և Բրյուսելի դիրքորոշումների վրա, ուստի դիտորդական առաքելության տեղակայման երկարաձգման հարցը դեռևս առկախված վիճակում է։

168am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ մի փոքր բարդ է պատկերացնել, որ Երևանն ու ԵՄ-ն վարանում են ու չեն երկարաձգում դիտորդների առաքելությունը ՀՀ-ում, ինչը կարևոր ձեռքբերում է ԵՄ-ի համար Հարավային Կովկասում։ Սակայն, ըստ նրա, Արևմուտքի ավելի մեծ նպատակը՝ ամեն գնով Երևան-Բաքու համաձայնագիր, կարծես ավելի ծանրակշիռ է, ուստի այս առումով հաշվի է առնվում Բաքվի դիրքորոշումը։

«Թեև դա մի հարց է, որը վերաբերում է բացառապես Երևանի ու ԵՄ-ի հարաբերություններին։ Եվ ստացվում է, որ Երևանն ու ԵՄ-ն ճանաչում են Ադրբեջանի իրավունքը՝ միջամտել այս հարաբերություններին ու ՀՀ տարածքում ԵՄ տեղակայման հարցում ազդեցություն ունենալու հնարավորությունը։ Սա չափազանց կարևոր նրբություն է, թե ինչու է ԵՄ-ն անընդհատ ընդառաջ գնում Ադրբեջանի դժգոհություններին, հանդես գալիս համագործակցության առաջարկներով, եթե դա օրինական, երկու կողմերի միջև ինքնիշխան որոշում է, հատկապես, երբ Երևանը գտնում է, որ այդ առաքելությունը տվել է իր արդյունքները, նպաստել անվտանգությանը, ապա ինչո՞ւ չի երկարաձգվում մանդատը։ Այսինքն՝ բոլոր հարցերով Երևանն ընդունում է իր ներքին գործերին միջամտելու իրավո՞ւնքը»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը։

Ըստ նրա, Բաքուն պահանջներ է դնում՝ օգտվելով ստեղծված իրավիճակից և ռեգիոնալ իր դիրքերից։

«Դա ցույց է տալիս, որ Բաքուն նաև չի ցանկանում շուտափույթ խաղաղության հասնել Երևանի հետ և անընդհատ նոր պահանջներ է գտնում ու դնում բանակցային սեղանին։ Եվ եթե ԵՄ-ն ու ՀՀ-ն այս հարցում սպասում են Ադրբեջանի հետ որոշակի կոնսենսուսի, նշանակում է՝ ունեն մտավախություններ Ադրբեջանի դիրքորոշումից»,- ասաց վերլուծաբանը՝ դա համարելով ծիծաղելի։

Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանի, պետք է հասկանալ, որ Ադրբեջանն իր այդ դիրքորոշմամբ պահում է ռեգիոնալ տերությունների շահերը։

«Մենք գիտենք, որ այս հարցին դեմ են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան ուղիղ կարծիք չի հայտնում, և Ադրբեջանը կարծես դիրքավորվել է այս դաշտում և փորձում է խոչընդոտել ԵՄ ամրապնդմանը Հարավային Կովկասում՝ միևնույն ժամանակ ամրապնդելով 3+3-ի դիրքերը։ Իր բնույթով խիստ հակասական հարց է։ Մի կողմից՝ դա Երևանի ներքին գործն է, մյուս կողմից՝ այստեղ կա աշխարհաքաղաքական բաղադրիչ, քանի որ ԵՄ ներկայության դուրսբերումը Երևանից ապագա աշխարհաքաղաքական իրավիճակի ամրապնդմանն ուղղված քայլ է, որն ունի ՌԴ-ի, Իրանի ու Թուրքիայի հավանությունը։ Այս երկրներն իրենք են ցանկանում զբաղվել Երևանի ու Բաքվի միջև առկա խնդիրների կարգավորմամբ, որի հայտը ներկայացրել են»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Նրա կարծիքով, այս իրավիճակում Երևանը ևս մեծ վստահություն չի կարող ունենալ և չի կարող վստահ լինել, որ պետք է երկարաձգել դիտորդների ներկայությունը ՀՀ-ում, քանի որ Իրանը հստակ դեմ է դրան։

«Բացի այդ, ինչպես նշեցի, Երևանը ևս չգիտի, թե ինչպես կդասավորվի ապագա աշխարհաքաղաքական պատկերը ռեգիոնում»,- նկատեց Ռաևսկին։

Տեսանյութեր

Լրահոս