Մեկ դերասանով թատրոն և չստացված ներկայացում՝ Հովհաննավանքում. ովքե՞ր էին երկրորդ պլանի «դերասանները»

Հոկտեմբերի 26-ին կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից Հովհաննավանքում կեղծ պատարագ մատուցվեց. մասնակցեցին Նիկոլ Փաշինյանը՝ յուրայիններով՝ Էկոնոմիկայի նախարարից մինչև Պաշտպանության նախարար, այդ թվում՝ բազմաթիվ ոստիկաններ՝ թե՛ համազգեստով, թե՛ քաղաքացիական հագուստով, անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ, նաև ծպտված, ՊՊԾ հարյուրավոր աշխատակիցներ։

Հովհաննավանքում վաղ առավոտյան հավաքվել էին նաև Նիկոլ Փաշինյանի վառ երկրպագուները, որոնք ամեն օր ֆեյսբուքյան գրառումներով ու լայվերով իրենց սերն են արտահայտում առ Նիկոլ Փաշինյան։ Օրինակ, Արծրուն Հովհաննիսյանը, ով «Կրթվելը նորաձև է» արշավի ակտիվ մասնակիցներից է, Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, ով հայտարարել էր, թե «Նիկոլ Փաշինյանի կողքին է լինելու, երբ Վեհարանը գրավեն», ինչպես նաև Ռուսամ անունով հայտնի անձը, ով ժամանակին հայտարարում էր, թե «թուրքը պետք է մտնի և մեր ու մանուկ կոտորի»։ Ներկա քաղաքացիներից շատերին բերել էին Տավուշից, Լոռուց, Երևանից ու այլ վայրերից։

Ոչ պակաս ուշագրավ է, թե ովքե՞ր էին Հովհաննավանքի խորանի մոտ կանգնած։ Կարգալույծ Ստեփան Ասատրյանի կողքին կանգնած սարկավագներից մեկը, օրինակ, հենց եկեղեցու ներսում քաղաքացիներից մեկին ասում էր՝ «դավայ ստեղից», այն բանից հետո, երբ քաղաքացին Ստեփան Ասատրյանի ձեռքից վերցրեց Ավետարանը՝ այդպիսով բողոքելով, որ կարգալույծ եղած անձը չի կարող պատարագ մատուցել։ Իսկ դրանից առաջ էլ այդ նույն «սարկավագը» խորանից իջավ և ջերմ սեղմեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը՝ քծնանքը դեմքին։ Սարկավագի շորեր հագած մյուս անձը Ռոբերտ Աղազարյանն է, ում ֆեյսբուքյան ամբողջ էջը լցված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան լայվերով, հատկապես Առաքելական եկեղեցու ու Վեհափառի դեմ։

Հանրության շրջանում, բացի այս սարկավագից, աչքի էր ընկել նաև խորանում կանգնած մեկ այլ անձ, ով ստանձնել էր «դպիրի» դերը, պարանոցին օձի մեծ դաջվածքով։

Կարդացեք նաև

Ստեփան Ասատրյանի հետ կային ևս 2-3 սարկավագներ, այդ թվում՝ Հաղարծինի քահանա Տեր Տարոն Հունանյանը։

Այսօր փաստաբան Միհրան Պողոսյանը օձի դաջվածքով «դպիրի» մասին ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տարածել։

Պարզվում է՝ դաջվածքով «դպիրը» ՔՊ-ի հերթական երկրպագուն է, նրանց հետ ժամանակ առ ժամանակ ֆուտբոլ է խաղում, ազատ ժամանակ էլ՝ երկրորդ պլանի դերասան է։

«Ապե դու վերջը քպ ֆուտբոլի՞ստ ես, թե՞ քպ դպիր… վզիդ էլ բան ա կպել: Ֆեյք ֆեյք ֆեյք պապիկից մինչև աղանդավորների ծես»,- լուսանկարներին կից գրել է Պողոսյանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից հետաքրքրվեցինք, թե Հովհաննավանքում սարկավագի շորեր հագած անձանց ճանաչո՞ւմ է, Առաքելական եկեղեցու համար որքանո՞վ է ընդունելի, որ, օրինակ, հոգևորականի շոր հագած անձը դաջվածքով է։

Տեր Եսային ասաց, որ Հովհաննավանքում սարկավագի շորեր հագած անձանց չի ճանաչում, նրանցից միայն մեկին գիտի՝ Ռոբերտ Աղազարյանին, ով վաղուց Մայր աթոռի հետ այլևս որևէ առնչություն չունի։

«Այդ անձը Մայր Աթոռի միաբան չէ, վաղուց եկեղեցուց ու եկեղեցական ծառայությունից դուրս է, առնչություն չունի եկեղեցու հետ։ Դաջվածքը միանշանակ անընդունելի է հոգևորականի համար, հատկապես, երբ եկեղեցականներս մարդկանց հորդորում ենք դաջվածքներ չանել, դա մեր ավանդույթներին ու հոգևոր ընկալումներին հակառակ է։ Անկեղծ, գործող հոգևորականների մեջ ես չեմ մտաբերում մեկին, ով դաջվածք ունի»,- 168.am հետ զրույցում նշեց Տեր Եսային։

Ինչ վերաբերում է Տեր Տարոն քահանային, ապա տեր Եսային փոխանցեց՝ եթե Մայր Աթոռում նրա հետ կապված որևէ գործընթաց լինի, ապա դրա մասին կտեղեկացնեն։

Տեր Սարգիս քահանա Սարգսյանը նույնպես չի ճանաչում խորանում կիրակի օրը կանգնած սարկավագներին ու դպիրի շորեր հագած մարդկանց։

«Ես չգիտեմ այդ մարդկանց, որոնք խորան են բարձրացել ու ծառայություն են մատուցել։

Մենք դեռ հին ուխտից գիտենք, որ հոգևորականների շրջանում դաջվածքները չեն թույլատրվում, ասված է, որ մարմնի վրա որևէ տեսակի բաներ չարվի։ Այսինքն՝ եկեղեցին դեմ է դրան։ Հոգևորականների մեջ ընդունված է նման բաներ չանել, իսկ թե ո՞վ է դաջվածքով այդ մարդը, չգիտեմ, չեմ էլ ճշտել»,- 168.am-ին փոխանցեց  Տեր Սարգիս քահանա Մանուկյանը։

Ի դեպ, այսօր ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ մամուլից է տեղեկացել, որ դաջվածքով «դպիրը» ՔՊ երիտասարդական կառույցից է։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի ևս Հովհաննավանքում տեղի կունենա այն, ինչ եղավ նախորդ կիրակի։ Այս պահին դեռևս անհայտ է՝ երկրորդ պլանի դերասանական կազմը կփոխվի՞, թե՞ ոչ։

Տեսանյութեր

Լրահոս