ԱՄՆ-ն Ռումինիային ծանուցել է երկրում ամերիկացի զինվորականների թիվը 700-ով կրճատելու մասին
Միացյալ Նահանգները Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությանն իրազեկել է երկրում իր զորակազմը մոտ 700 զինվորականով կրճատելու մասին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ռումինիայի պաշտպանական գերատեսչության մամուլի հաղորդագրությունը։
«Ազգային պաշտպանության նախարարությունը տեղեկացվել է ՆԱՏՕ-ի արևելյան թևում տեղակայված ամերիկյան զորքերի թվակազմի փոփոխության մասին՝ Միացյալ Նահանգների զինված ուժերի գլոբալ դիրքի վերագնահատման գործընթացի շրջանակներում…. Բրիգադի ստորաբաժանումների թվում, որոնց ռոտացիան Եվրոպայում կդադարեցվի, հիշատակվում են նաև այն ուժերը, որոնք ուղարկվել են Ռումինիա և տեղակայվել Միխայիլ Կոգելնիչանու (ավիաբազայում)», – հաղորդվում է փաստաթղթում։
Նշվում է, որ մոտ 1000 ամերիկացի զինվորական կմնա երկրի տարածքում, ինչը նշանակում է զորակազմի կրճատում մոտավորապես 700 զինվորականով:

