Ի՞նչ գործ ունեն թուրք պատգամավորները Երևանում

Երևանում ընթացող Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանին մասնակցում են Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները՝ ի հեճուկս այն փաստի, որ Թուրքիան Եվրանեսթի անդամ չէ։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչևը (Բուլղարիա) Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հրապարակել է հայ և թուրք խորհրդարանականների համատեղ լուսանկարը՝ հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում «պատմական հանդիպում» է տեղի ունեցել Թուրքիայի և Հայաստանի խորհրդարանականների միջև։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են Թուրքիայից՝ ԵՄ-Թուրքիա միջխորհրդարանական հանձնաժողովում Թուրքիայի պատվիրակության նախագահ Իսմայիլ Էմրահ Քարայելը, Թուրքիայի խորհրդարանի՝ Եվրոպական միության հետ ներդաշնակեցման հանձնաժողովի նախագահ Բուրհան Քայաթուրքը, Հայաստանից՝ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «ՔՊ» խմբակցության ներկայացուցիչ,  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը հսկայական քայլ է Եվրոպայի և Ասիայի երկրների միջև կապը բարելավելու ուղղությամբ, ինչն անկասկած կնպաստի երկու աշխարհամասերի միջև առևտրային հնարավորությունների զգալի բարելավմանը: Մենք ողջունում ենք Թուրքիայի և Հայաստանի բոլոր դրական քայլերն այս ուղղությամբ»,- նշել է Կովաչևը։

Կարդացեք նաև

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը միջխորհրդարանական վեհաժողով է, որին մասնակցում են Եվրոպական խորհրդարանի և ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ պետությունների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների անդամները՝ Եվրոպական միության հետ քաղաքական և տնտեսական կապերն ամրապնդելու նպատակով։  Նախօրեին հայտնի դարձավ, որ Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները հրաժարվել են մասնակցել Երևանում մեկնարկած վեհաժողովին։

Հարց է ծագում՝ ի՞նչ գործ ունեն Եվրանեսթի անդամ չհանդիսացող Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորները Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, ո՞վ է նրանց հրավիրել և ի՞նչ նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս