Ինչո՞ւ Ադրբեջանն ու Վրաստանը բոյկոտեցին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի երևանյան նիստը

ՀՀ Ազգային ժողովում այսօրվանից մեկնարկել է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթ ԽՎ-ի, 12-րդ լիագումար նստաշրջանը, բյուրոյի և հանձնաժողովների նիստերը:

Նախ հակիրճ տեղեկացնենք, որ Եվրանեսթ ԽՎ-ն (Euronest Parliamentary Assembly, կամ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողով) Եվրոպական խորհրդարանի և Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների միջև ձևավորված համատեղ խորհրդարանական ֆորում է, որն, ըստ հանրահռչակված նպատակների, ստեղծվել է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և ԵՄ-Արևելյան գործընկերության համագործակցությունը խորացնելու նպատակով։ Եվրանեսթ ԽՎ-ում Գլխավոր պլենար նիստը վեհաժողովի բարձրագույն մարմինն է։ Նիստերին մասնակցում են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ և Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ադրբեջան) խորհրդարանների պատվիրակությունները։ Յուրաքանչյուր  երկիր ունի հավասար քանակի ներկայացուցիչներ (ընդհանուր՝ մոտ 120 պատգամավոր)։

Եվրանեսթ ԽՎ-ն ունի նաև Բյուրո (Bureau)՝ կառավարման մարմին, որը ղեկավարում է վեհաժողովի աշխատանքը։ Եվրանեսթի աշխատանքը բաժանված է չորս հիմնական հանձնաժողովների միջև՝ Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողով, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականության հետ ասոցացման հանձնաժողով, Էներգետիկայի անվտանգության հանձնաժողով, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հանձնաժողով։ Եվրանեսթ ԽՎ-ի (Euronest Parliamentary Assembly) նիստերը ժամանակ առ ժամանակ անցկացվում են Արևելյան գործընկերության տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։  Եվրանեսթ ԽՎ-ն չունի մեկ մշտական նստավայր։

Նիստերը պարբերաբար անցկացվում են Ստրասբուրգում կամ Արևելյան գործընկերության երկրներից մեկում։ Եվ այս անգամ հերթը  Հայաստանինն է՝ որպես հյուրընկալող երկիր։

Կարդացեք նաև

Սակայն ուշագրավն այն է, որ ԱլԳ հարավկովկասյան երկու երկրները հրաժարվեցին մասնակցել Եվրանեսթ ԽՎ-ի նիստին Երևանում։

Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովին ուղղված Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլիի նամակում ասվում էր, որ Վրաստանը հրաժարվել է մասնակցել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին, քանի որ Եվրանեսթ ԽՎ-ի «վերջին գործողությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում՝ Վեհաժողովի հիմնադիր ակտի և Պրահայի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագրի հիմնարար սկզբունքների և նպատակների հետ դրանց անհամապատասխանության պատճառով»։ Ըստ Մախաշվիլիի՝ «բազմակողմ երկխոսությունն անցյալում է»։ «Մենք ավելի ու ավելի ենք մտահոգված Եվրախորհրդարանի որոշ անդամների գործողություններով, որոնք մասնակցում են Եվրանեսթին, ինչպես նաև հենց Եվրախորհրդարանի, որի թշնամական հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են գործընկերության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին: Միտումնավոր աղավաղված և կեղծ քաղաքական հայտարարություններն ավելի ու ավելի են դառնում այն ​​եվրոպացի խորհրդարանականների գործունեության մաս, որոնք Վրաստանում փաստերի, ապացույցների և վրաց ժողովրդի կամքի փոխարեն՝ գերադասում են հանցագործությունների համար դատապարտված իրենց քաղաքական գործընկերներին»,- ասվում է նամակում։ Նշվում է, թե վրացական հասարակությունն ականատես է եղել, թե ինչպես են այս եվրոպացի խորհրդարանականները միանում Վրաստանի խորհրդարանի շենքի առջև կազմակերպված բողոքի ցույցերին, ինչը դուրս է գալիս խորհրդարանական դիվանագիտության շրջանակներից: «Եվրախորհրդարանի պատվիրակության որոշ անդամներ Եվրանեսթի վեհաժողովում հայտարարություններ են արել, որոնք խրախուսել են քաղաքացիական անկարգությունները, արմատականացումը»,- ասվում էր նամակում։

Ի դեպ, այսօր Երևանում ուկրաինացի պատգամավորներից մեկը նշեց, որ մտահոգ է Վրաստանում տիրող իրավիճակով, որ Վրաստանի իշխանությունները շեղվել են ուղուց, և, որ հարկավոր են խիստ  գործողություններ, աջակցություն քաղհասարակությանը։

«Եվրանեսթ»-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին էլ ընդգծել է, որ Բաքվի որոշումը կապ չունի այն հանգամանքի հետ, որ նիստը կայանալու է Երևանում։ Միրկիշիլին ԱՊԱ գործակալությանը հայտնել է, որ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով «Եվրոպական խորհրդարանի հայտարարությունները, որոնք չեն նպաստում տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին և աջակցում են այն ուժերին, որոնք շահագրգռված են թշնամության շարունակման մեջ»։

Նրա խոսքով՝ հատկապես անընդունելի է եղել Եվրախորհրդարանի «ոչ կառուցողական հայտարարությունը»՝ արված Վաշինգտոնում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի «խաղաղ հանդիպումից» հետո այս տարվա օգոստոսին, երբ կողմերը նախաստորագրել էին խաղաղության համաձայնագիր։

Եվ ուշագրավն այն է, որ Վրաստանի ու Ադրբեջանի՝ Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար երևանյան նիստին մասնակցությունից հրաժարման ֆոնին նիստը տեղի է ունենում Հայաստանում, որտեղ չնայած քաղհասարակության որոշ շերտերի հիացական մեկնաբանությունների Հայաստանում իբրև թե ժողովրդավարական գործընթացների մասին, իշխանությունները ճնշումներ են գործադրում այլախոհների, ընդդիմախոսների, ՀԱԵ ներկայացուցիչների  նկատմամբ՝  օգտագործելով իրավապահ համակարգի ռեսուրսը Արևմուտքի լուռ «հայացքի» ներքո։

Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ստեղծված իրավիճակը պատկերավոր ցույց է տալիս, թե Հարավային Կովկասի երկրները քաղաքական մակարդակում ինչպիսի համագործակցություն ունեն Եվրոպական միության հետ։

Ըստ նրա, Վրաստանը դադարեցրել է ԵՄ անդամակցության գործընթացը, որին հասարակությունը ձգտել էր շատ երկար ժամանակ և որին ներկայումս շարունակում են դեմ հանդես գալ։

Վերլուծաբանի որակմամբ, սա ներքաղաքական կյանքում երկարաձգում է ճգնաժամը, ինչը շարունակվում է նաև արտաքին ճակատում, քանի որ ներկայումս Վրաստանի հարաբերությունները ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ այն մակարդակում չեն, ինչ որոշ ժամանակ առաջ։ Նրա կարծիքով, եթե նախկինում Վրաստանն էր ռեգիոնում առաջատարը եվրոպական ինտեգրացիայի տեսանկյունից, ապա դա ներկայումս փոխվել է՝ ՀՀ-ն է ներկայումս փորձում դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, և քաղաքական տարաձայնություններ Երևան-Բրյուսել հարթությունում կարծես չկան։

«Ավելին՝ ՀՀ-ն հայտնում է, որ ձգտում է միանալ ԵՄ-ին, պատրաստվում է համագործակցության նոր փաստաթուղթ ստորագրել, այսինքն՝ գտնվում է այդ ուղու վրա, այնինչ Վրաստանը դադարեցրել է ինտեգրացիան, իսկ Ադրբեջանը հետաքրքրվածություն ԵՄ ինտեգրացիայով ընդհանրապես չի ցուցաբերում, երբեմն-երբեմն էլ Եվրանեսթի և այլ նման բազմակողմ հարթակներում լինում են անդրադարձեր  ինչ-որ հարցերի, ու քաղաքական տարաձայնությունը պատրաստ է։ Ներկայիս փուլում Հայաստանը հայտնվել է ռեգիոնում բարենպաստ իրավիճակում։ Եվ սա է պատճառը, որ Եվրանեսթի նիստին Վրաստանն ու Ադրբեջանը, լինելով Արևելյան գործընկերության երկրներ, չեն մասնակցում»,- ասաց վերլուծաբանը։

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, այս ամենը լուրջ աշխարհաքաղաքական մրցակցության, ազդեցության պայքարի մասին է խոսում, որում ԱԵՄ-ն ևս ավելի կոշտացնում է իր դիրքորոշումները։

«Արևելյան գործընկություն ծրագիրը վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ տրանսֆորմացիաների, աշխարհաքաղաքական փոփոխությունների միջով է անցել, դրանք այսօր էլ շարունակվում են, և բարդ է ասել, թե մի քանի տարի անց ինչպիսին կլինի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերը՝ հաշվի առնելով Չինաստանի և այլ առանձին խաղացողների դիրքերի ամրապնդումը և աշխարհաքաղաքական ձգտումները, այդ թվում՝ հարավկովկասյան ուղղությամբ։ Սակայն միանշանակն այն է, որ Հարավային Կովկասի երկրները միասին էլ ավելի սերտ պետք է աշխատեն նոր զարգացումներին ընդառաջ»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս