Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև առևտրային համաձայնագիր ստորագրելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ առևտրային համաձայնագիր է կնքվել։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Մենք հասանք համաձայնագրի։ Մենք արդյունավետ հանդիպում ունեցանք և շատ բան քննարկեցինք», – նշել է Թրամփը՝ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի կողմից կազմակերպված ընթրիքից առաջ պատասխանելով համաձայնագրի կնքման վերաբերյալ հարցին։
«Մենք կնքեցինք մեր համաձայնագիրը, գրեթե ավարտին հասցրինք այն», – ավելի ուշ ավելացրել է նա՝ առանց մանրամասներ հաղորդելու։Դոնալդ Թրամփ-Լի Չժե Մյոն հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի՝ Ասիայի երեք երկրների շրջագայության ընթացքում, որը սկսվել է Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի նիստով, այնուհետև շարունակվել Ճապոնիայում, ապա՝ Հարավային Կորեայում։
Համաձայնագրի բացակայության դեպքում հարավկորեական մեքենաների և պողպատի արտադրողները պետք է վճարեին ԱՄՆ-ի կողմից սահմանված 25% մաքսատուրք՝ հուլիսին համաձայնեցված 15%-ի փոխարեն, ինչը նրանց անբարենպաստ դրության մեջ կդներ ճապոնացի մրցակիցների համեմատ, որոնք վճարում են 15%՝ ԱՄՆ-ի հետ Տոկիոյի համաձայնագրից հետո։

