Քաղաքական, անգամ գաղափարական հակառակորդներից ամեն գնով ազատվելն այս իշխանությունների համար դարձել է սևեռուն միտք և օրինաչափ գործելակերպ. «Միասնության թևերը»՝ Դավիթ Համբարձումյանի կալանավորման մասին
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Դավիթ Համբարձումյանի կալանավորման վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է. «Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին անհապաղ կալանավորելն առերևույթ քաղաքական որոշման տպավորություն է ստեղծում։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունն արձանագրում է, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթները պահվում են այնքան ժամանակ մինչև քաղաքական պահանջ չառաջանա` հօգուստ ՔՊ-ի քարոզչության դրանք օգտագործելու նպատակով։ Մասնավորապես, Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր դեռ 2019 թ.-ին, սակայն դատավճիռը հրապարակվեց 6 տարի անց միայն։
Իշխանությունները, անշուշտ, սա «պատահականություն» են համարում և որևէ կապ չեն տեսնում այն փաստերի հետ, որ Դավիթ Համբարձումյանը 2021թ-ին վստահ հաղթանակ էր տարել ՏԻՄ ընտրություններում, իսկ 2024 թ.-ից խորհրդարանական ընդդիմության կողմից առաջադրվել էր որպես նոր վարչապետի թեկնածու գործող վարչապետի իմփիչմենթի դեպքում։
Հիշենք, որ իշխանությունները քաղաքական-քրեական հետապնդումներ են իրականացրել նաև այլ ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ:
Պետք է փաստենք, որ քաղաքական, անգամ գաղափարական հակառակորդներից ամեն գնով ազատվելն այս իշխանությունների համար դարձել է սևեռուն միտք և օրինաչափ գործելակերպ։ ՔՊ կուսակցության դեպքում պետությունը ծառայեցվում է կուսակցության շահերին, իսկ քրեական հետապնդումն ու կալանքը մահակ են՝ քաղաքական հաշվեհարդարի համար։
Հատուկ արձանագրում ենք, որ օրենքի որևէ խախտում, առավել ևս որևէ հանցանք չի կարող անպատիժ մնալ, բայց քննությունն ու դատական պրոցեսները պետք է ընթանան այնպես, որ քաղաքական հետապնդման առերևույթ տպավորություն չստեղծեն անկախ դիտորդի մոտ»:

